Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազությանը «սխալ հանեց» համայնքի քննիչը

Մայիս 14,2002 00:00

Գլխավոր դատախազությանը «սխալ հանեց» համայնքի քննիչը «Առավոտում» անցյալ տարի հրապարակվեց շարքային քաղաքացի Հրաչ Կաղինյանի մասին («Խաբեության զոհը»), որի 2 բնակարաններին (53 հազար ԱՄՆ դոլար արժողության) տիրացել էր տոկոսատու Արտեմ Պողոսյանը։ Վերջինիս նկատմամբ Քրօրի 89 հոդվածի 4-րդ մասով հարուցվել էր քրգործ։ Մինչ քրգործ հարուցվելը քաղաքացիական հայցի քննությունն ընթացել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, վերաքննիչ-վճռաբեկում։ Եթե առաջին ատյանի դատարանը Հ. Կաղինյանի օգտին վճիռ կայացրեց բնակարանները վերադարձնելով նրան, վերջին երկու, առայժմ «գերադաս» դատարանները գործեցին… «հանուն Հայաստանի Հանրապետության վաշխառուի»։ Գործը հանգրվանեց գլխավոր դատախազությունում։ Պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սուսաննա Կարապետյանն էլ քննության առնելով Հ. Կաղինյանի «հաղորդման կապակցությամբ» նախապատրաստված նյութերը, իր 06.09.2001թ. որոշման մեջ (8 ամսվա նախաքննության արդյունքում) պարզում է, որ Ա. Պողոսյանն իրոք չարաշահել է Հ. Կաղինյանի վստահությունը, խաբեությամբ տիրացել նրա Թումանյան փ. 37 շ. 11 եւ Կորյունի փ. 6 շ. 16 հասցեում գտնվող բնակարաններին։ Դատախազը որոշում է Ա. Պողոսյանի նկատմամբ հարուցել քրգործ։ Հարուցման մասին էլ զեկուցվում է ՀՀ գլխավոր դատախազին։ Իսկ այդ ընթացքում Ա. Պողոսյանը (որի նկատմամբ խափանման միջոցը չի փոխվել) հայտարարում էր, որ ինքը «շարժական բանկ է, Երեւանի կեսը գրպանում դրած» եւ որ թիկունքն էլ Սերժ Սարգսյանն է։ Որպեսզի ճշտվեր գերհզոր թիկունքի հավաստիությունը, Կաղինյանները նամակով դիմում են պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։ Վերջինս ժամանակ է գտնում (մի ժամանակ, որը զինվորների ծնողների համար շատ հաճախ չի գտնվում), իր ՊՆ 510-Կ-44 գրությամբ պատասխանելով. «Հարգելի Կագինյան, ինձ հասցեագրված Ձեր նամակի կապակցությամբ հայտնում եմ, որ Ձեր իրավունքների պաշտպանության համար ձեռնարկած քայլերը համարում եմ ճիշտ եւ տեղին, միաժամանակ տեղեկացնում եմ, որ Արթուր Պողոսյանը չի հանդիսանում ոչ իմ, ոչ էլ իմ կնոջ ազգականը»։ Սակայն գործն այս անգամ «իջեւանում» է Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատախազությունում, որն էլ (05.02.2002թ.-15.04.2002թ.) քրգործը կարճում է հանցակազմի բացակայության պատճառով։ Նախաքննությանը 20 վկաներ են կանչվում, ցուցմունքներ տալիս… Հ. Կաղինյանը կրկին դիմել է գլխավոր դատախազին։ Եթե վերջինս նորից քրգործ հարուցի, իսկ Աջափնյակ-Դավիթաշեն համայնքի քննիչը կարճի՞ եւ ուղղակի գլխավոր գերատեսչությանը «սխալ» հանի՞։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել