Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն կարգի մեղադրանք

Մայիս 14,2002 00:00

Նույն կարգի մեղադրանք Դեռեւս մարտին տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Ռուբեն Տոնոյանի ղեկավարած «Արդիմպեքս» ընկերության նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասով գործի հարուցման համար հիմք էր հանդիսացել «ԱրմենՏելին» ներկայացված կատարողական ակտերով հավելագրումների փաստը։ «Արդիմպեքսն» «ԱրմենՏելի» համար շինարարական աշխատանքներ է կատարում։ Զարմանալի է, որ հատկապես նախկին կապի նախարարի ղեկավարած ընկերությունում է նման փաստ արձանագրվել, որովհետեւ ինքը՝ Ռուբեն Տոնոյանն էր նախարար եղած ժամանակ անընդհատ շեշտում, որ «ԱրմենՏելը» մեր երկիրն ու ժողովրդին խաբում է, հավելագրումներ է անում (այսինքն ուռճացված ծախսեր, հետեւաբար մեծ ներդրումներ է ցույց տալիս) եւ այլն։ Ի դեպ, «Առավոտին» պարզաբանումներ տալիս, պարոն Տոնոյանը չհերքեց սա, այլ ավելացրեց՝ «Ես, որպես նախարար, եւ կառավարությունը, պայքարում էինք, որ «ԱրմենՏելն» իր պարտականությունները կատարի ըստ բիզնես-պլանի»։ Այժմ նախկին նախարարը, որի ղեկավարած «Արդիմպեքս» ընկերությունը համագործակցում է «ԱրմենՏելի» հետ, նշում է, որ «համենայնդեպս 100 մլն դոլարի ներդրումն արդեն կատարվել է։ Որովհետեւ կատարողներից մեկը ես եմ եւ գիտեմ, թե ինչ է կատարվում»։ Ահա երեւի այս համերաշխությունն էլ «ԱրմենՏելի» ներդրումները ստուգող միջգերատեսչական հանձնաժողովին կասկածի տեղիք է տվել եւ վերջինս դիմել է դատախազություն։ Հավելագրումները ձեռնտու են թե՛ «ԱրմենՏելին» (կարող է ներդրումների ավելի մեծ թիվ ցույց տալ), թե՛ «Արդիմպեքսին (զուտ կոմերցիոն առումով)։ Գուցե այդ պատճառով էլ «ԱրմենՏելը» (պարոն Տոնոյանի տեղեկատվությամբ) հավելագրումների վերաբերյալ չի բողոքել։ Ամբողջական լինելու համար նշենք, որ ըստ Ռ. Տոնոյանի, «Արդիմպեքսը» «ԱրմենՏելի» համար շինարարական աշխատանքներ է իրականացրել նաեւ իր նախարար աշխատած եւ «ԱրմենՏելին» քննադատած ժամանակ։ Ինչ վերաբերում է միջգերատեսչական հանձնաժողովի «նախաձեռնությանը», ապա պարոն Տոնոյանն ասաց. «Որեւէ կազմակերպություն իրավունք չունի մեզ մեղադրել հավելագրումների համար, ընդհուպ նաեւ դատախազությունը։ Մեղադրանքը կարող է հարուցվել, որը դատարանը պետք է դեռ հաստատի կամ հակառակը»։ Ռ. Տոնոյանի պարզաբանմամբ, հանձնաժողովի սխալ եզրահանգման համար հիմք է հանդիսացել սխալ հաշվարկը. այսինքն որպես հիմք են ընդունվել բյուջետային ձեռնարկությունների համար սահմանված տոկոսադրույքները։ Վկայակոչելով առեւտրային գաղտնիքը, «Արդիմպեքսի» նախագահը չհայտնեց, թե մինչեւ այժմ ինչքան գումարի աշխատանք է կատարվել «ԱրմենՏելի» համար, սակայն տեղեկացանք, որ 900 հազար դոլարի հավելագրման մասին է խոսք գնում։ Ըստ Տոնոյանի, սակայն, սա իրենց է վերագրվում բացարձակապես անհիմն. «Իրավունք չունեին այդքան հավելագրումներ նշելու։ Նույն հաջողությամբ թող միլիոնուկես գրեին։ Գրելը մի բան է, ապացուցելն՝ այլ բան»։ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ նախաքննությունը շարունակվում է։ Լրացուցիչ տեղեկություն չհաղորդվեց։ Այս հրապարակման համար, սակայն, առիթ էր հանդիսացել մեկ այլ տվյալ, որ «Արդիմպեքսի» աշխատողները երկար ժամանակ է, ինչ աշխատավարձ չեն ստացել։ Ընդհանուր առմամբ բացառելով աշխատավարձի չվճարման պրակտիկան, նշեց, որ կան աշխատողներ, որոնք անցած տարվա ապրիլի աշխատավարձը չեն ստացել, ինչը պայմանավորված է նրանով, որ տվյալ օբյեկտը դեռեւս հանձնված չէ։ Այսօր, ըստ նրա, կվճարվի փետրվար-մարտի աշխատավարձը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել