Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ

Մայիս 14,2002 00:00

ԴԱՏԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ Զբաղվածության հանրապետական ծառայության պետի տեղակալ Ալեքսանդր Ղազարյանը իր աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս միջնորդ է հանդիսացել գործատուների մոտ եւ վերականգնել քաղաքացիների ոտնահարված աշխատանքային իրավունքները: «Դատարաններում մոտ 60 անգամ պաշտպանել եմ աշխատանքից ազատվածներին: Եվ գրեթե բոլոր դեպքերում հարցը լուծվել է հօգուտ նրանց»,- ասում է գործազուրկի կարգավիճակում հայտնված Ալեքսանդր Ղազարյանը: Այսօր նա հայտնվել է դատարանում եւ փորձում է վերականգնել ի՛ր իրավունքները: ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կառուցվածքում է գտնվում «Զբաղվածության հանրապետական ծառայություն» գործակալությունը: Այն հաշվառում է գործազուրկներին, փնտրում է աշխատանք եւ տեղավորում նրանց: Գործակալությունը հսկում է նաեւ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը, տալիս խորհրդատվություն, ներկայացնում է միջնորդություններ աշխատողների՝ աշխատանքային օրենսդրությամբ վերապահված իրավունքների վերականգնման ուղղությամբ: Հանրապետական ծառայությունում աշխատում է 31 մարդ: Ծառայությունն ունի 51 տարածքային կենտրոն, որտեղ աշխատում է 439 մարդ: Այսպիսով, այդ կառույցում աշխատում է 470 մարդ: ՀՀ կառավարության 2001թ. թիվ 767 որոշմամբ, զբաղվածության տարածքային կենտրոններում պետք է իրականացվեր հաստիքային միավորների կրճատում՝ այն հասցնելով 450-ի: Աշխատանքից պետք է ազատվեր 20 մարդ: Կառավարության որոշման մեջ նշված է նաեւ «ապահովել հաստիքային միավորների կրճատման հետեւանքով ազատվող աշխատողների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքները»: Սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը ի կատարումն վարչապետի որոշման, 2001թ. նոյեմբերի 2-ի թիվ 97-Պ հրամանով ստեղծել է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների վերակազմակերպման եւ հաստիքային միավորների կրճատման գործընթացն իրականացնող հանձնաժողով: Նախարարի նույն հրամանի 4-րդ կետով զբաղվածության հանրապետական ծառայության պետ Գագիկ Բլեյանին հանձնարարվել է «ապահովել զբաղվածության տարածքային կենտրոնների հաստիքների կրճատման հետեւանքով աշխատանքից ազատվող աշխատողների օրենսդրությամբ սահմանված երաշխիքները»: Զբաղվածության հանրապետական ծառայության պետ Գ.Բլեյանը լծվում է վարչապետի եւ նախարարի որոշումները կատարելու աշխատանքին: Իրեն վերապահելով վարչապետի եւ նախարարի լիազորությունները՝ իր թիվ 60-Պ հրամանում կրճատման ենթակա մարմիններին ավելացնում է նաեւ հանրապետական ծառայությունը: 2002թ. հունվարի 3-ին հաստատված հաստիքացուցակից պարզվում է, որ հաստիքային միավորների կրճատում տեղի չի ունեցել ոչ միայն հանրապետական ծառայությունում, այլեւ տարածքային կենտրոններում: Հաստիքացուցակը մնացել է անփոփոխ՝ համապատասխանաբար 31+439=470 միավոր, այսինքն՝ չի կատարվել վարչապետի որոշմամբ սահմանված հաստիքային միավորների կրճատումը: Սակայն հաստիքի կրճատման «հիմնավորմամբ» աշխատանքից ազատվել է համակարգում 13 տարի աշխատած, զբաղվածության հանրապետական ծառայության պետի տեղակալ Ալեքսանդր Ղազարյանը: Գագիկ Բլեյանը նախարարին է ներկայացրել մի գրություն, որտեղ նշում է, որ «հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառայության պետի տեղակալ Ալեքսանդր Ղազարյանը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին… ուստի առաջարկում եմ նրան ազատել աշխատանքից հաստիքների կրճատման պատճառով»: Սրան էլ հետեւում է նախարարի հրամանը: Աշխատանքից ազատվում է Ա.Ղազարյանը: Ինչո՞ւ էր Գ. Բլեյանը ամեն ինչ անում, որպեսզի ազատվի իր տեղակալից: «Մեր հակասությունը ծագել է իմ՝ ֆինանսական միջոցների արդյունավետ եւ նպատակային օգտագործման հարցում չափից դուրս հետեւողական լինելու հետեւանքով»,- ասում է Ա.Ղազարյանը: Իսկ ի՞նչ ֆինանսական գործունեություն է ծավալում պետբյուջեից սնվող զբաղվածության կենտրոնը: Պարզվում է՝ դրանք այնքան էլ քիչ չեն: Այդ մասին, սակայն, մեր հետագա հրապարակումներում: Ա. Ղազարյանը իր աշխատանքային իրավունքը վերականգնելու հայցով դիմել է դատարան: Դատական առաջին նիստը տեղի է ունեցել 2002 թ. մարտի 21-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ: Պատասխանող կողմի լիազոր ներկայացուցիչ Գ. Բլեյանը իր արձակած հրամանի օրինականությունը հիմնավորեց նրանով, որ ՀՀ կառավարությունը զբաղվածության հանրապետական ծառայությունը դիտում է որպես տարածքային կենտրոն: Գ.Բլեյանը դատարանում նշեց նաեւ, քանի որ ծառայության պետի տեղակալի պաշտոնում նշանակել եւ ազատելը նախարարի իրավունքն է, ապա Ա.Ղազարյանի նկատմամբ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ենթակա չէ կիրառման: Իսկ ամենամեծ անհեթեթությունն այս պատմության մեջ այն է, որ դատական նիստից հինգ օր առաջ ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ռ. Մարտիրոսյանը թիվ 40-Պ հրամանով հանձնարարել է զբաղվածության հանրապետական ծառայությունում իրականացնել հաստիքային միավորների կրճատում 2002 թ. մայիսի 21-ից: Այսինքն՝ ծառայությունում կրճատումներ անցկացնելու համար նա առանձին հրաման է տվել, երբ արդեն իր մեկ այլ հրամանը հիմք ընդունելով աշխատանքից ազատել է վերոհիշյալ ծառայության աշխատակցին: Նախարարը երեւի չի էլ նայում, թե իրեն ինչ են ներկայացնում ստորագրելու, այլապես այսպիսի սխալներ թույլ չէր տա: Կամ էլ սա աշխատաոճ է, որով հաշվեհարդար են տեսնում ոչ ցանկալի աշխատողների հետ: «Նա անգրագետ է, իր անունը գրել չգիտի: Ես կարող եմ դա ապացուցել»,- մարտի 25-ի դատական նիստի ընդմիջմանը ասաց Գ.Բլեյանը: Իմ հարցին, թե այդ դեպքում Ա. Ղազարյանը ինչպես է այդքան տարի համակարգում աշխատել՝ «Հարցրեք նախարարներին»,- պատասխանեց պարոն Բլեյանը: Երկու կողմերն էլ պատրաստ են ներկայացնել միմյանց մերկացնող տարբեր փաստեր: Դրանց մի մասով ժամանակին զբաղվել են թե դատախազությունը, թե վարչապետի վերահսկողության ծառայությունը: Մասնավորապես, Երեւանի ոսկերչական գործարանի հետ կապված պատմությունը: Բայց դա առանձին նյութ է… Դատավոր Գայանե Կարախանյանը մարտի 25-ին, հաշվի չառնելով, որ կոպտորեն խախտվել են քաղաքացու՝ աշխատանքային օրենսգրքով ամրագրված պահանջները, Ա.Ղազարյանի հայցը համարեց անհիմն եւ մերժեց այն: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել