Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՍԿԱՆԱԼ

Մայիս 14,2002 00:00

ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՍԿԱՆԱԼ Եթե անկեղծ էր նախագահ Քոչարյանը, երբ օդանավակայանը Էրնեկյանին լիազորագրային կառավարման հանձնելու պայմանագիրը գովաբանում էր եւ դրա ընդդիմախոսներին առարկում՝ «չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը», ինչո՞ւ ԱԺ պատգամավորներին բավարար ժամանակ չի տրվում հասկանալու, թե իրոք ինչի մասին է խոսքը։ Հազիվ մեկ շաբաթ առաջ արտահերթ նիստում կառավարությունն իր փաստացի մեծամասնության աջակցությամբ 1-ին ընթերցմամբ «սղացրել» (բնորոշումը Մյասնիկ Մալխասյանինն է) էր «Ավիացիայի մասին» օրենքը, որի հիմքում Էրնեկյանի հետ պայմանագիրն է։ Պատգամավորներից շատերը դեռ այն ժամանակ էին պահանջում նախ հնարավորություն տալ ծանոթանալ պայմանագրին։ Անցած շաբաթավերջին վերջապես նրանց բաժանվել էր այդ տեքստը։ Ասենք՝ Աղասի Արշակյանը հասցրել էր 15 էջ ուսումնասիրել եւ պարզել, որ Հայաստանի կառավարության իրավունքների եւ պարտականությունների մասին գլխում միայն մեկ դրույթն է իրավունքների մասին։ Մնացածը պարտականություններ են։ Ե՛վ այս պատգամավորը, ե՛ւ շատերը ցանկանում էին առավել հանգամանալից ուսումնասիրել պայմանագիրը, առաջարկներ մշակել «Ավիացիայի մասին» օրենքի համար, հստակ երաշխիքներ ստանալ, որ այդ առաջարկները մանրամասն քննարկվելու են։ Սակայն ԱԺ նիստը նախագահողները ստիպված էին անընդհատ մատնանշել, թե կառավարությունը պահանջում է այս, ինչպես նաեւ՝ «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամին, հարկային ու մաքսային արտոնություններ տալու հարցը քննարկել ու քվեարկել մեկ ամսում։ Հարց է առաջանում՝ ինչի՞ համար է այս շտապողականությունը։ Մանավանդ որ, այն կարող է ուղղակի վտանգավոր լինել այնպիսի մի կարեւորագույն ոլորտի պարագայում, ինչպիսին ավիացիան է։ Երեկ օրակարգի ձեւավորման ժամանակ ելույթ ունեցողները բողոքում էին, թե տարիներով մի եռօրյայից մյուսն են անցնում ոչ պակաս կարեւոր այլ հարցեր։ Բայց հանկարծ հապճեպ փորձում են անցկացնել մի օրինագիծ, որի վերաբերյալ հարցականները գնալով ավելանում են։ Առայժմ պատգամավորներին հաջողվեց միայն քննարկումը հետաձգել չորեքշաբթի։ Այսինքն. մնում է 1 օր՝ ծանոթանալու պայմանագրին եւ հասկանալու, թե «ինչի մասին է խոսքը»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել