Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տուժող Պավել Ղալթախչյանը՝ դատարանում

Մայիս 14,2002 00:00

Տուժող Պավել Ղալթախչյանը՝ դատարանում «Հոկտեմբերի 27» քրգործի կապակցությամբ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացավ տուժող Պավել Ղալթախչյանը։ Վազգեն Սարգսյանի կառավարության օրոք նա եղել է ՀՀ սեփականաշնորհման նախարար։ Նա ներկայացրեց հոկտեմբերի 27-ին կատարվածը, պատասխանեց դատավարության մասնակիցների հարցերին։ Պավել Ղալթախչյանը պնդեց այն, ինչ նախաքննական մարմինը փաստորեն առաջադրել էր ամբաստանյալներին։ Այն, որ հոկտեմբերի 27-ին իրենք՝ նախարարները եւ ԱԺ պատգամավորները զրկված են եղել ազատությունից, պատանդ են եղել, հնարավորություն չեն ունեցել օգտվել կապի միջոցներից՝ բջջային հեռախոսներից։ Ավելին, տուժող Պ. Ղալթախչյանը տեղեկացրեց, որ նախարարներին ամբաստանյալները հերթով դռան մոտ էին կանգնեցնում։ Փաստորեն ծաղրուծանակի են ենթարկել։ Իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ըստ տուժողի, տեսնելով նրա՝ ոտքից վիրավոր լինելը, հանձն է առել նրա փոխարեն կանգնել ԱԺ դահլիճի դռան մոտ իբրեւ կենդանի թիրախ։ Տուժողը հայտնեց, որ ամբաստանյալների վարքագծում զղջման որեւէ տարր չի նկատել, ավելին, նրանք գործել են ինքնավստահ եւ սառնասիրտ. «Վստահ էին, որ իշխանություն էին վերցնելու, որ հաղթանակ է լինելու, հետո կոտրվեցին»։ Հետաքրքիր է, որ երեկվա դատաքննությանը ավելի ակտիվ հարցադրումներով հանդես եկան ամբաստանյալները։ Նրանք իրենց մարտավարությունն ընտրել էին այսպես. որքան հնարավոր է, վարկաբեկել նրանց, ովքեր իրենց ոճրագործության ականատեսն են եղել։ Ամբաստանյալ Ն. Հունանյանի ցինիզմն այն աստիճանի էր, որ հարցրեց տուժողին. «Իշխանափոխության փաստեր ունե՞ք»։ Իհարկե, տուժողը վկայակոչեց իր տեսածը՝ հաստատելով, որ իր տպավորությամբ տեղի էր ունենում իշխանափոխություն, սակայն զարմանալին այն էր, որ ամբաստանյալ Ն. Հունանյանը մոռացել էր, որ հենց իրենք էին պնդում, որ գնացել են իշխանափոխության։ Տուժողին վերաբերվում էին շատ հաճախ այնպես, կարծես նա ամբաստանյալը լիներ եւ հակառակը, ամբաստանյալները՝ տուժող։ Հավանաբար սա էր պատճառը, որ տուժողը՝ դիմելով ամբաստանյալ Ն. Հունանյանին, պարզապես հասկացրեց. «Պլանավորված էր ամեն ինչ, ինչ-որ պայմանավորվածություն կար, որը չաշխատեց։ Ձեր հնարավորությունները սպառվել էին եւ այդ օրն ուղղակի չաշխատեց»։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել