Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականները զիջեցին KBH-ին

Մայիս 14,2002 00:00

Գիտնականները զիջեցին KBH-ին «Շարմ» ընկերության ներկայացրած մրցութային առաջարկի հավելվածներում առկա էր փաստաթուղթ, որը վկայում էր «Գիտնականի տան» հանդեպ նրանց մտադրությունների մասին։ Սա համաձայնագիր է, որ այս տարվա մարտի 7-ին կնքվել էր Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Հ. Ասատրյանի եւ «Շարմ» ընկերության տնօրեն Ռ. Ջաղինյանի միջեւ. «Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը պատրաստ է վաճառել «Գիտնականի տունը» (հասցեն՝ Ալիխանյան եղբայրների 2, տարածքը՝ 3500 քմ), իսկ «Շարմ» ընկերությունը պատրաստ է գնել այն՝ գործարքի գնի մասին կողմերի փոխադարձ համաձայնության գալու դեպքում»։ Թերեւս այդ փոխադարձ համաձայնությունն արդեն իսկ ձեւավորված է, քանզի մրցութային առաջարկի մեկ այլ՝ «Ֆինանսական ապահովում» բաժնում նշված է, որ «Եվրոմոթորս» ՍՊԸ-ի եւ «Հայգյուղփոխբանկի» հետ նախնական պայմանավորվածությամբ կատարվելիք 1 մլն 850 հազար դոլար ներդրումներից 300 հազար դոլարը տրամադրվելու է տարածքի գնմանը։ Ի դեպ, հավելվածներում ներկայացված է նաեւ «Հայգյուղփոխբանկի» գրավոր տեղեկանքը, որտեղ խոսք անգամ չկա որոշակի ներդրումների մասին եւ միայն նշված է, թե բանկը «պատրաստակամություն է հայտնում երկարատեւ համագործակցություն ծավալելու եւ հույս է հայտնում, որ այդ համագործակցությունը կլինի արդյունավետ եւ փոխշահավետ»։ Սակայն դառնանք «Գիտնականի տան» համար նախատեսվող 300 հազար դոլարին։ Շա՞տ է այն, թե՞ քիչ 3500 քմ տարածք ունեցող շենքի համար, եթե տասնյակ անգամ ավելի փոքր տարածք զբաղեցնող «Լյուքս» վարսավիրանոցը կամ III մասի մշակույթի ակումբը, որը նույնքան տարածք է զբաղեցնում՝ վաճառվել են շատ ավելի թանկ։ «Գիտնականի տան» պես շենքերն այսպես վաճառվում են կա՛մ անմաքուր գործարքների հետեւանքով (որտեղ ինչ-որ մեկը լավ «տաքացնում» է ձեռքերը), կա՛մ վերին միջամտության հետեւանքով։ Իսկ «Շարմին» «Գիտնականի տունը» վաճառվել է ոչ առանց «բարձրագույն» միջամտության։ Համենայն դեպս, գործարքի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններով զբաղվել է նախարար Կարեն Ճշմարիտյանը (ի դեպ, ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Հ. Ասատրյանն ու նա մորաքրոջ որդիներ են)։ «Գիտնականի տան», ինչպես նաեւ՝ ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներն անտեղյակ են մնացել, թե ինչ պայմաններով են իրենց տունը վաճառում «Շարմի» տղաներին։ Թեեւ մեր զրուցակիցները նշում էին, որ եթե ինստիտուտում կարգին ֆիզիկոսներ մնացած լինեին ու ցրված չլինեին աշխարհով մեկ՝ այս գործարքը հեշտությամբ կուլ չէր գնա։ «Եթե Ալիխանյանը կամ Ամատունին կենդանի լինեին՝ թույլ չէին տա, որ մեր տունը վաճառվեր։ Չէ՞ որ, նրանք շատ լավ գիտեին, թե ինչպես է կառուցվել ու կահավորվել մեր տունը»,- ասաց ֆիզիկայի ինստիտուտի «քաղաքիկի» հնաբնակներից մեկը։ Մեկ ուրիշը պնդեց. «Այս շենքը պիտի շարունակեր ծառայել գիտությանը, այստեղ դեռ պիտի անցկացվեին գիտական կոնֆերանսներ։ Իսկ եթե պիտի վաճառվեր՝ գինը պակաս չպիտի լիներ 1 մլն դոլարից»։ 1967-ի նոյեմբերից բացված «Գիտնականի տունը» երբեք չի մնացել դատարկ։ Այս տունը ժամանակին հյուրընկալել է Վիսոցկուն ու Ռայկինին, Սմոտկունովսկուն ու Ֆրեյնդլիխին։ Բոլորին չես թվարկի։ «Գիտնականի տունը» նաեւ ամբիոն էր այլախոհների համար իր գոյության գրեթե բոլոր տարիներին, բացառությամբ՝ վերջին մի քանի ամիսների։ Ներկա իշխանության ամոթը պիտի լինի՝ անգամ խորհրդային իշխանությունն էր հանդուրժում, որ «Գիտնականի տանն» իր հավաքները գումարի «Ղարաբաղ» կոմիտեն։ Բայց անցած տարվա աշնանից, երբ այստեղ Աջափնյակի բնակչության հետ իրենց հանդիպումներն անցկացրին Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը, հրահանգ եղավ այս դահլիճը չտրամադրել քաղաքական կուսակցություններին։ Մնացածը ծանոթ պատմություն է՝ գիտական համակարգը թերֆինանսավորվում է, ֆիզիկայի ինստիտուտի ղեկավարությունն անընդհատ հաստիքների կրճատում է անում։ Եվ, ի վերջո, «Գիտնականի տան» աշխատակազմից մնացին տնօրենը եւ 4 պահակները։ Սակայն տունն էլի չէր դատարկվում։ Գործում էին պարի, երգի, դաշնամուրի խմբակներ։ Էլի կայանում էին համերգներ երեխաների համար, հանդիպումներ։ Վերջերս այստեղ անցկացվեց Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի փակման արարողությունը։ Բացի այդ՝ «Գիտնականի տան» ճաշարանը տրամադրված էր գերմանացի մի բարեգործի։ 1992-ից սկսյալ այս բարեգործական ճաշարանում սնունդ էին ստանում 350-400 ծերեր։ Իսկ այժմ միայն Աջափնյակի համայնքապետի միջամտությունից հետո հնարավոր դարձավ, որ բարեգործական ճաշարանը շարունակի գործել եւս մեկ ամիս։ Հունիսի 1-ից ծերունիները կզրկվեն սրանից էլ։ Այստեղ այսուհետ իր «լավատեսական» հաղորդումները կպատրաստի «Շարմը»։ Կկվի սովորությունն է ուրիշի բներում ձագեր դնելը։ Գոյության 10-րդ տարում այս ընկերությունը լրջորեն վնասեց իր ձեռք բերած վարկին՝ հաստատվելով այլոց հաշվին։ Ե՛վ «Ա1+»-ի, ե՛ւ «Գիտնականի տան» հետ կատարվածը մեր ժամանակների խորհրդանիշն են կարծես՝ այլախոհությունը, ազատամտությունը, քաղաքական ու գիտական մտածողությունն արժեզրկվում, դուրս են մղվում, եւ դրանց տեղը գալիս է գրավելու մակերեսային շոու-բիզնեսը, ժամանցն ու խեղկատակությունը։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել