Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՈՒՇԵՂԸ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ» Է

Մայիս 14,2002 00:00

ՄՈՒՇԵՂԸ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ» Է Ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը – ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը մոտենում է ավարտին։ Իբրեւ իրավապաշտպան ինչպե՞ս եք այն գնահատում։ – Դատավարությունը, կարծես, չի ավարտվել, քանի որ անկախ այն բանից, թե այսօր ի՞նչ դատավճիռ կկայացվի, կամ ի՞նչ դատավճիռ կկայացվի 6 ամիս հետո, միեւնույն է՝ այն վերանայվելու է՝ քաղաքական իրավիճակի փոփոխության կապակցությամբ։ Քանի դեռ մեր հասարակությունը հանդուրժում է պատվիրված դատավարություններ, պատվիրված քրգործեր՝ պետք է սպասի նաեւ այդ պատվիրված քրգործերի վերանայմանը՝ համապատասխան իրավիճակներում։ Ինձ թվում է, որ պատվիրվել է Մ. Սաղաթելյանին դատապարտել 5 տարուց ոչ պակաս ազատազրկման։ Բայց պետք է սպասենք դատավճռի հրապարակմանը։ Այն, որ Մ. Սաղաթելյանի դատավարությունը այսպիսի ելքով է, մեր իրականության մեջ առաջին դեպքը չէ, եւ, ցավոք, չեմ կարծում, թե վերջինն է։ Այս իմաստով զարմանալու քիչ բան կա։ Մնում է մաղթել Մ. Սաղաթելյանին, որ այս իրավիճակում տոկունություն լինի՝ պատրաստ ապագա դատավարություններին։ – Պրն Հարությունյան, ոմանք ջղաձգվում են, երբ ասում են, թե Մ. Սաղաթելյանի դեմ քրգործ հարուցելու պատվեր է եղել։ Հակափաստարկն այն է, թե ժամանակին հանցանք է կատարել՝ պետք է պատժվի, թեեւ այդ հանցանքն այդպես էլ միանշանակ դատարանում չապացուցվեց։ – Իհարկե, յուրաքանչյուր հանցագործություն պետք է ստանա արժանի պատիժ։ Խոսքը դրա մասին չէ։ Ես երբեք չեմ օգտագործում «սարքված քրգործ» տերմինը։ Ես ասում եմ՝ «պատվիրված»։ Եթե Սաղաթելյանին մեղադրողներն այնքան սկզբունքային էին եւ կողմ էին, որ յուրաքանչյուր հանցանք ժամանակին պատժվի, թող պատժեին, երբ հանցանքը կատարվել էր՝ եթե դա կատարվել է։ Այսօրվա իշխանավորն իշխանավոր էր նաեւ երեկ, եւ նրանք կարող էին ժամանակին կանխել այդ գործողությունները, բռնել Մ. Սաղաթելյանի ձեռքը եւ, եթե հարկ լիներ, նույնիսկ՝ դատել։ Ես հիմա խոսում եմ պատվիրված քրգործի մասին եւ պնդում եմ, որ Մ. Սաղաթելյանի դեմ քրգործը պատվիրվել է՝ ելնելով կոնկրետ քաղաքական պահանջից, իրավիճակից, եւ դա անմիջականորեն առնչվում է «Հոկտեմբերի 27»-ի գործին։ Ես արդեն մի առիթով ասել եմ. եթե Սաղաթելյանը «27»-ի հետ կապված նման հայտարարություններ չաներ, այսօր լինելու էր գեներալ՝ անկասկած։ Ես չգիտեմ՝ ՆԳ նախարար կլինե՞ր, թե՞ չէ, բայց փոխնախարար հաստատ կլիներ։ – Այսօր իրավապաշտպաններից շատերն են ընդունում, որ Սաղաթելյանը քաղբանտարկյալ է։ – Խորհրդային ժամանակաշրջանում քաղբանտարկյալ հասկացությունը դասական իմաստ ուներ։ Այսօր ոչ մեկիս համար, գոնե Հայաստանում, գաղտնիք չէ, որ ցանկացած մեկիս կարող են մեղադրանք ներկայացնել քաղաքական դրդապատճառներից ելնելով. ցանկացած մեղադրանք, ենթադրենք՝ դպրոցի տանիքի համար, ինչպես Ա. Բլեյանին։ Մուշեղ Սաղաթելյանին դատապարտում են «27»-ի բացարձակապես հստակ քաղաքական հանցագործության հետ կապված հայտարարությունների համար։ Ես վստահ եմ, եւ ոչոք չի կարող կասկածել, որ դրա համար է Մուշեղը մեկուսարանում։ Եթե պատվերը քաղաքական է, կարծում եմ, այդ դրդապատճառով դատապարտվող մարդիկ «քաղբանտարկյալ» են, առավել եւս, որ «Ամնիստի ինթերնեյշնըլըը» հայտարարում է, որ «քաղաքական կալանավոր» հասկացությունը շատ լայն ընկալում ունի, եւ բոլորովին պետք չէ, որ այդպիսին կոչվելու համար մարդը, ինչպես խորհրդային տարիներին էր, թռուցիկներ տարածի կամ «Գուլագ արխիպելագ» գրի։ – Այո, բայց օրերս Մ. Սաղաթելյանին մեղադրող դատախազը դժգոհեց, թե «ցանկացած հանցագործ կարող է նստել ամբաստանյալի աթոռին ու ասել, թե ինքը քաղբանտարկյալ է։ Ի՞նչ է, Մուշեղ Սաղաթելյանը գնդապետներին չի՞ ծեծել…» եւ այլն։ – Ես չգիտեմ, Մ. Սաղաթելյանը գնդապետներին ծեծե՞լ է, թե՞ ոչ։ Ինձ համար՝ որպես իրավապաշտպան, դա նույնիսկ էական չէ։ Միեւնույն ժամանակ, դատախազի այդ արտահայտությունը բացարձակապես սխալ եմ համարում, որովհետեւ Հայաստանում կա 6 հազար կալանավոր, որոնցից 2-3-ն են հայտարարվում «քաղաքական կալանավոր»։ Եթե դա այդքան հեշտ է, թող ցանկացած կալանավոր փորձի հայտարարել, որ ինքը «քաղաքական կալանավոր» է։ Դա ասաց Աշոտ Բլեյանը, եւ փորձում է ասել Մուշեղ Սաղաթելյանը։ Ես էլ եմ կարծում, որ Մուշեղը քաղաքական դրդապատճառներով է հետապնդվում, եւ ոչ ոք չի կարող ինձ հակառակն ապացուցել։ Խնդիր է դրված՝ դատապարտել խոշտանգողներին, ինչո՞ւ չկան մնացած բոլորը։ Եթե պետք է դատապարտվի խոշտանգողը, ուրեմն Մ. Սաղաթելյանի կողքին պետք է լինեն բոլոր խոշտանգողները, գոնե ձեւական՝ 5-6 հոգի։ Ի՞նչ է, ՆԳ համակարգում միայն նա՞ էր խոշտանգողը։ – Բայց այսօր նաեւ փաստ է, որ որեւէ իրավապաշտպան կազմակերպություն առանձնակի հետաքրքրություն չի դրսեւորում Մ. Սաղաթելյանի դատավարության առնչությամբ։ Դա ինչպե՞ս կարելի է բացատրել։ – Կարծում եմ, յուրաքանչյուրն ինքն է իր համար հետաքրքրությունների շրջանակ ընտրում, որով զբաղվում է։ Ես զբաղվել եմ «27»-ի գործով՝ խոշտանգումների հետ կապված, եւ կարծում եմ, որ, իրոք, «27»-ի գործով խոշտանգումներ եղել են, եւ ոչ միայն այն պատճառով, որ դրա մասին հայտարարում են խոշտանգվածները, այլ որովհետեւ մեր մեկուսարաններում առանց դրա յոլա չեն գնում։ Ես իմ կարծիքը հայտնել եմ ե՛ւ «27»-ի հետ կապված, ե՛ւ Բլեյանի գործով։ Պատրաստ եմ նույնն ասել նաեւ Մ. Սաղաթելյանի հետ կապված։ Ինձ թվում է՝ այսօր պաշտպանության կարիք ունեցողի ոչ թե անցյալը, այլ ներկա վիճակը պետք է ելակետ լինի, եւ այդ տեսանկյունից իրավապաշտպանները, բոլորը պետք է զբաղվեն նաեւ Սաղաթելյանի պաշտպանությամբ։ Մի բան կարող եմ ասել. Մ. Սաղաթելյանը որպես օպերատիվ աշխատող, պարտավոր էր ցանկացած վարկած քննարկել, ուսումնասիրել, ճշտել եւ այլն։ Բայց դա էլ էական չէ։ Ինձ համար այսօր կարեւորն այն է, որ Մ. Սաղաթելյանը մեկուսարանում է պատվիրված քրգործի արդյունքում, մնացած նրբությունների մեջ ես չեմ էլ ուզում մտնել։ Իրավաբանները փորձելու են իրավական ճանապարհով, քայլ առ քայլ, հասնել մինչեւ Եվրոպական դատարան եւ ապացուցել իրենց ճշմարտացիությունը։ Ինչ վերաբերում է իրավապաշտպաններին, ապա, իմ կարծիքով, նրանց գործը պետք է լինի հետեւյալը. նրանք պետք է մոռանան Մ. Սաղաթելյանի անձը եւ անդրադառնան այսօր նրա շուրջ ծավալվող իրադարձություններին։ Զրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել