Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Մայիս 14,2002 00:00

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Պնդում են «նախկիններն» ու «ներկաները» Մեր թերթի սկզբունքն է՝ ընկածին չխփել, թույլին չվիրավորել: Մեր նրբանկատ վերաբերմունքը, այսպես կոչված, «նախորդ իշխանությանը» բացատրվում է միայն դրանով եւ ոչ թե «Առավոտի» պատկանելությամբ՝ որեւէ քաղաքական թիմի: Երբ Ռոբերտ Քոչարյանը հեռանա իշխանությունից /այսինքն՝ երբ լինի ընկած ու թույլ/, մենք կտրուկ կդադարեցնենք նրա քննադատությունը եւ շեշտը կդնենք նրա արժանիքների վրա, որոնք, անշուշտ, դրսեւորվում էին, երբ նա ղեկավարում էր ԼՂՀ-ն: Այնուամենայնիվ, լրագրությունը պետք է լինի կյանքի բազմակողմանի արտացոլում, եւ այս կամ այն առիթով մենք ստիպված ենք հիշել, թե ամեն ինչ չէ, որ իդեալական էր նաեւ 98-ից առաջ: «Նախկինները» դա չեն ուզում ընդունել, հրաժարվում են քննարկել եւ նեղացածի տեսք են ընդունում: ՀՀՇ-ականների տրամաբանությունը, հավանաբար, հետեւյալն է. եթե մեզ ամեն օր փնովում են, ապա մենք որեւէ անհրաժեշտություն չունենք վերլուծելու մեր իշխանության ժամանակաշրջանը եւ խոսելու մեր սխալների եւ բացթողումների մասին: Տրամաբանական կառուցվածքի առաջին մասը լիովին համապատասխանում է իրականությանը. արդեն չորս տարուց ավելի է, որ Քոչարյանը, նրա գրպանում գտնվող գործիչները եւ նրա ստվարածավալ քարոզչությունը ջանասիրաբար լծվել են հենց ընկածներին խփելու եւ դրա հաշվին սեփական հեղինակությունը բարձրացնելու անշնորհակալ գործին: Դա արվում է այնպիսի կրքով եւ ատելությամբ, կարծես խոսքը ոչ թե 4,5 տարի առաջ հեռացածների մասին է, այլ ներկայումս գործող իշխանավորների: Բայց այստեղից ամենեւին չի հետեւում, որ անցյալի մասին ցանկացած ոչ հիացական դատողության դեպքում պետք է փոքր երեխայի նման ականջները մատներով փակել եւ ոտքերը գետնին խփել: Խոսքը ոչ թե ինքնախարազանման քավարանի կամ ապաշխարանքի մասին է, այլ սթափ եւ անաչառ վերլուծության: Դրա անհրաժեշտությունը չէր լինի, եթե ՀՀՇ-ն ընդհանրապես հեռանար քաղաքական ասպարեզից եւ հավակնություն չունենար՝ կրկին հասարակական վստահությունը շահելու: Բայց քանի որ այդպիսի հավակնություններ կան, ուրեմն այս /ինչպես եւ ցանկացած այլ/ կուսակցության անդամները պետք է ոչ միայն սեփական գործունեությանը ինքնահիացական գնահատականներ տան, այլեւ արիություն ունենան ընդունելու իրենց սխալները: Պարզ ասած, գնահատեն թե՛ լավը, թե՛ վատը: Կրկին շեշտելով դրականը, նշեմ. առանց Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի՝ հայ ժողովուրդը չէր ազատագրի Արցախը ու չէր ստեղծի պետական ուժեղ ինստիտուտներ /որոնք, ճիշտ է, վերջին 4 տարվա ընթացքում թուլացան/: Հենց առաջին նախագահի սառնասիրտ եւ ճշգրիտ քայլերի շնորհիվ Հայաստանը պատվով դուրս եկավ բազմաթիվ ծանրագույն փորձություններից: Երբ Քոչարյանի շրջապատը դա կասկածի տակ է առնում, աչքի է զարնում մարդկային եւ մտավոր մասշտաբների, տրամաչափի տարբերությունը: Երբ «պետականամետ» գործիչները, որոնք այս պետությանը առանձին ծառայություններ չեն մատուցել, սկսում են անզուսպ լուտանքներ թափել, ասենք, Վանո Սիրադեղյանի վրա, որի ծառայությունները, բոլոր թերություններով հանդերձ, անուրանալի են, դա պետք է ընդունել որպես ցավալի փաստ եւ Քոչարյանի մոտ «աչոկներ» հավաքելու դրեւորում: Քոչարյանին էլ, իր ոչ քաղաքային ծագման պատճառով, այս յուրահատուկ քծնանքը դուր է գալիս: Առավել ցավալի է, երբ խեղաթյուրվում է մեր պետության պատմությունը, եւ նման գործիչները փորձում են ապացուցել, որ, օրինակ, հայկական զորքերը գրավել են Շուշին ի հեճուկս Լեւոն Տեր-Պետրոսյանի ջանքերի: Ով՝ ով, բայց Ռ.Քոչարյանն եւ Ս.Սարգսյանը շատ լավ գիտեն, որ այդպիսի բան պնդելն ապուշություն է, բայց թույլ են տալիս, որ իրենց խամաճիկները դա անեն: Երեւի կուլտուրայի եւ մտահորիզոնի սահմանափակության պատճառով՝ այդ երկուսի ինքնասիրությունը շոյվում է, երբ մեր պատմության պայծառ էջերը վերագրվում են միայն իրենց, իսկ սեւ էջերը՝ միայն «նախկիններին»: Բայց նույնքան սխալ է հակառակն անելը: Լիարժեք կուսակցություն դառնալու համար ՀՀՇ-ականները, ըստ երեւույթին, պետք է ընդունեն նաեւ իրենց իշխանության ժամանակ տեղի ունեցած բացասական երեւույթները: Մեզ համար /տվյալ դեպքում, հավանաբար, կարող եմ խոսել նաեւ «Առավոտի» իմ գործընկերների անունից/ առավել սկզբունքային է շեշտել այն իրողությունը, որ 95-ին Դաշնակցության հետ այս կամ այն ձեւով կապված լրատվամիջոցների փակումը քաղաքական կոպիտ սխալ էր եւ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն ու թշնամանքի արտահայտություն: Բոլոր վկայակոչումներն այն մասին, թե դա արվել է բացառապես օրենքի շրջանակներում, երեսպաշտական են եւ անհամոզիչ: Այսօրվա իշխանավորները նույնպես պնդում են, որ «Ա1+»-ը փակվել է օրենքի շրջանակներում, բայց միայն այլմոլորակայինը կարող է հավատալ, որ դա չի արվել քաղաքական նկատառումներով եւ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով: Այս տասը տարվա պետական համակարգի պայմաններում, երբ օրենսդիր մարմինը, նախարարությունները, դատախազությունը, դատարանները եւ բոլոր տեսակի հանձնաժողովները գտնվում են գործադիր իշխանության /նախագահի/ գրպանում, խոսել իրավական դաշտի մասին՝ անիմաստ է: Փոքր-ինչ ձեւափոխելով հայտնի արտահայտությունը, կարելի է ասել. միայն թե լինի լրատվամիջոց փակելու ցանկություն, իսկ հոդված միշտ էլ կգտնվի: «Ներկաներն» ու «նախկինները», ամեն մեկն իր հերթին, ջանում են ապացուցել, թե իրենք ավելի հանդուրժող են տեսակետների բազմազանության եւ քննադատության հանդեպ, քան իրենց քաղաքական հակառակորդները: Ցավոք, այս առումով հակադիր ճամբարներն իրար նկատմամբ առավելություն չունեն՝ իրար արժանի են: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել