Լրահոս
Օրվա լրահոսը

Լե Պենը՝ ֆրանսիական ֆենոմե՞ն, թե՞ ընդհանուր օրինաչափություն

Մայիս 11,2002 00:00

Լե Պենը՝ ֆրանսիական ֆենոմե՞ն, թե՞ ընդհանուր օրինաչափություն Դեմոկրատական ավանդույթներով հարուստ Ֆրանսիայում վերջին նախագահական ընտրությունների 2-րդ փուլ դուրս եկավ ծայրահեղ ազգայնական Ժան Մարի Լե Պենը։ Եւ, ինչն ավելի զարմանալի էր, անգամ երկրորդ փուլում, երբ ամբողջ երկրում առաջ էր քաշված «Ֆրանսիայի ժողովրդավարությունը վտանգի մեջ է» կարգախոսը, նրան հաջողվեց ստանալ 17,9% ընտրողների ձայները։ Որո՞նք են այդ արդյունքի հիմնական պատճառները։ Դժվար է ենթադրել, որ ֆրանսիացիների մոտ 1/5-ը իսկապես ֆաշիստ են կամ ծայրահեղ ազգայնական։ Իհարկե, ոչ։ Իրականում քվեարկությունը տվյալ դեպքում ավելի շատ պրոտեստային բնույթ էր կրում։ Ֆրանսիացիները դժգոհ են, որ կորչում է երկրի ինքնությունը, ազգային արմատներն ու մշակույթը, ինչը արդյունք են համարում Եվրամիության անդամակցության եւ գլոբալիզացիոն գործընթացների։ Ֆրանսիացիները դժգոհ են, որ իրենց երեխաները հրաշալի ֆրանսիական գրականություն կարդալու փոխարեն ամերիկյան ֆիլմեր են դիտում եւ հրապուրվում համակարգչային խաղերով, որ գերադասում են ֆրանսիական քնարական երգերին անգլո-ամերիկյան ռոքը, իսկ ավանդական ուտեստներին՝ մակդոնալդսի համբուրգերները։ Ֆրանսիացիները վախենում են, որ եվրոյի շրջանառության մեջ մտնելը կհարվածի երկրի տնտեսական ինքնուրույնությանը։ Այս ամենից էլ օգտվեց պարոն Լե Պենը (ինչպես հայտնի է, նա խոստանում էր, որ Ֆրանսիան դուրս կգա բոլոր միություններից եւ կդառնա իսկապես ինքնուրույն պետություն)։ Նման երեւույթներ պարբերաբար տեղի են ունենում վերջին շրջանում եւ այլ եվրոպական երկրներում։ Դա միանգամայն հասկանալի է, քանի որ գլոբալիզացիայի եւ ամերիկանիզացիայի անիվը անցնում է բոլոր երկրների վրայով (բացառությամբ ԱՄՆ-ի, իհարկե) եւ քաղաքացիների մի մասի մեջ ընդդիմադիր տրամադրություններ առաջացնում։ Պարզ է, որ ավելի շատ այն երկրներում, որտեղ առկա են իրական տնտեսական անկախությունը եւ հարուստ ազգային մշակույթը։ Պարզ է նաեւ, որ այդ շարքում առաջին տեղը պետք է զբաղեցնեն ազատասեր ֆրանսիացիները, որոնք մինչ օրս Փարիզը աշխարհի մայրաքաղաքն են համարում։ Խնդիրն այն է, որ իշխանությունները կարողանան, դուրս չմնալով համաշխարհային գործընթացներից, ապահովել երկրի իրական անկախությունը եւ ազգային ավանդույթների պահպանությունը։ Հակառակ դեպքում ժողովրդավարությանը տրվող ձայները կպակասեն՝ հօգուտ ծայրահեղ ազգայնականների եւ արկածամոլների։ Առաջին հերթին պետք է ձգտել կարգավորել միջազգային հարաբերությունները, որտեղ գերիշխում է ԱՄՆ-ի դիկտատը։ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ՆԱՏՕ-ի դերը վերջին շրջանում խիստ պակասել է։ Այդ տեսանկյունից խնդրի լուծման առաջին քայլը կարող է հանդիսանալ Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի ստեղծումը, որտեղ Ռուսաստանի օգնությամբ հնարավորություն կընձեռվի ազդել աշխարհաքաղաքական կարեւորագույն խնդիրների վրա։ Կարեւոր է մնում, իհարկե, Եվրամիության տնտեսական վերջնական կայացումը եւ հզորացումը։ Սովետական Միության փլուզումից հետո արեւմտյան արժեքներով հիացմունքը ԱՊՀ երկրներում աստիճանաբար փոխարինվեց զգուշավոր վերաբերմունքով եւ ազգային արժեքների վերագնահատմամբ։ Բելառուսը ընդհանրապես չթողեց գլոբալիզացիան իր սահմաններից ներս եւ, ինչպես տեսնում ենք, առանձնապես չտուժեց։ Սակայն մենք (ավելի ճիշտ՝ մեր իշխանավորները), չգիտես ինչու, շարունակում են հետեւողականորեն տրվել ամերիկյան ալիքին, փորձելով հասնել այդ հարցում Վրաստանին, որի աղետալի վիճակը քաջ հայտնի է։ Թվարկենք միայն վերջին տարիներին միջազգային ֆինանսական կազմակերպությունների խորհուրդների ներքո Հայաստանում իրականացված բարեփոխումների եւ միջոցառումների շարքը՝ սեփականաշնորհում, որը ոչնչացրեց եւ շարունակում է ոչնչացնել երկրի արդյունաբերությունը, էլեկտրաէներգիայի գների բարձրացումը, այդ ոլորտի թալանը եւ պատրաստվող սեփականաշնորհումը, Կոնյակի գործարանի վաճառքը, «ԱրմենՏելի» ստորացուցիչ պայմանագիրը, հարյուրավոր միլիոնների վարկերի կուտակումը, որոնց վերադարձի ճանապարհը բոլորովին էլ պարզ չէ։ Այժմ վարձակալման է տրվել ազգային ավիացիան, այն էլ այնպիսի իրավունքներով, որոնք նույնիսկ սեփականատերը չունի։ Քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ «Զվարթնոց» օդանավակայանի շենքը պահեստ է դառնալու ժամանակավոր, իսկ հետո դարձվելու է միջազգային կազինո, որ միջազգային մաֆիայի պարագլուխները գան այնտեղ (կեղտոտ փողերը լվանալու նպատակով)։ Նման հետաքրքիր գործին անտարբեր չեն մնա, իհարկե, եւ թմրաբիզնեսի արքաները։ Մի՞թե ականատես կլինենք նաեւ այս խայտառակությանը։ Հույսեր փայփայենք եւ Աստծուն աղոթենք, որ՝ ոչ։ Համենայնդեպս, ներկա իշխանավորներին դիմելը անիմաստ գործ է։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ ԳիԱրՔՄի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել