Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոսող գույներ

Մայիս 11,2002 00:00

Խոսող գույներ Իմ ակնարկի հերոսը մի մարդ է, որը ուղղակիորեն առնչվում է մամուլի հետ եւ որին դժվար թե լավ չճանաչեն Հայաստանում լույս տեսնող թերթերի եւ ամսագրերի խմբագիրները։ Կարեն Ախիկյանը Մամուլի տարածման գործակալության բազայի վարիչն է արդեն յոթ տարի, իսկ մինչ այդ աշխատել է պոլիգրաֆ հրատարակչությունում։ Երկաթուղային կայարանի հարեւանությամբ գտնվող շենքի առաջին հարկի ոչ լուսավոր, ընդարձակ սենյակի բոլոր կողմերում կրպակներից վերադարձված թերթերի եւ պարբերականների դեզեր են։ Միշտ մտազբաղ, բայց ժպտադեմ, նա իր նոթատետրում աշխատակիցների կողմից տեսակավորվող մամուլի թվերն է արձանագրում եւ օգնում անհրաժեշտ թերթի համարի կամ որեւէ հոդվածի փնտրտուքով այստեղ հասած ցանկացած մարդու։ Մի օր պատահմամբ դիմացի պատին նկատեցի մի յուղաներկ բնանկար, որի հեղինակը, ի զարմանս ինձ, Կարենն էր։ Պարզվեց, որ նա վաղուց է նկարում, թեեւ մասնագիտական կրթություն ոչ մի տեղ եւ ոչ մեկից չի ստացել։ Պարզ է, որ չունի արվեստանոց եւ իր բնակարանը վերածել է արվեստանոց-ցուցասրահի, ուր մոտ 150 կտավ կա, հիմնականում՝ նատյուրմորտներ։ Կարենի արմատները սերում են Արեւմտյան Հայաստանից։ Այդ մասին է հուշում անգամ ազգանունը, որը, ըստ Կարենի մեկնաբանության, արեւմտահայերեն ախիկ- փական բառից է ծնվել։ Մինչ Կրուպսկայայի անվան դպրոց հաճախելը, փոքրիկ Կարենը հրապուրվել է քանդակագործությամբ։ Առիթը եղել է հարեւան քանդակագործը, որի ազդեցությամբ էլ կավից եւ պլաստիլինից պատրաստել է իր առաջին քանդակները։ Այդ հրապուրանքը նա լուրջ չի համարում, որովհետեւ շուտ է մարել։ Դպրոցն ավարտելուց հետո, տեսնելով հարեւան նկարչի աշխատանքները եւ նրանից նվեր ստանալով 3 գույնի ներկ, Կարենը սկսում է ոգեշնչված նկարել։ Դա 1980 թվականն էր, որից հետո վրձինը դարձել է նրա անբաժան ուղեկիցը։ Նկարելը նրա համար աստիճանաբար դառնում է ինքնարտահայտման միջոց եւ հաճելի հոգնություն պատճառող զբաղմունք։ Կարենի ստեղծագործական անհատականության ձեւավորման վրա մեծ հետք են թողել Վան Գոգը, Գոգենը, Պիկասոն։ Սիրում է բոլոր հայ մեծանուն նկարիչներին, բայց առանձնապես ներշնչված է Սերգեյ Փարաջանովի արվեստով։ Բազմիցս եղել է նրա թանգարանում, դիտել աշխատանքները, երկար մտորել արվեստի հավերժության եւ անսպառ հնարավորությունների մասին։ Չբացառելով ծանոթությունը եւ շփումը եվրոպական արվեստի հետ, նկարիչը կարեւորում է ազգային մտածելակերպն ու ազգային արվեստ ստեղծելու գաղափարը։ Նրա նկարներն օժտված են զարմանահրաշ մի հատկությամբ՝ բացահայտել հիմնական, երբեմն իրեն անգամ անծանոթ մի աշխարհ։ Հատուկ սիրով ու քնքշությամբ է նա նկարում բնությունը («Գինովցած լուսին», «Ամառային ճանապարհ»)։ Կարենին, որպես նկարչի, շատ բնորոշ է նաեւ մի ցանկություն՝ գտնել կյանքի անկրկնելի պահը եւ այն հավերժացնել։ Բայց կա մի թեմա, որին նա վերադառնում է միշտ եւ որին դեռեւս շատ կանդրադառնա։ Այն կոչվում է «Հույս, հավատ եւ սեր»։ Այս թեմային առնչվող նրա բոլոր կոմպոզիցիոն կտավները («Մառան Աշտարակում», «Երեկոն Երեւանում», «Աշնանային առավոտ») Կարենի հարուստ ներաշխարհի եւ խորաթափանցության վկայությունն են։ Նրա գույները նման են Մ. Ավետիսյանի վառ, պայծառ գույներին։ Աշխատանքային ընկերները պատմում են, որ Կարենը, նկարելուն զուգընթաց, մի ուրիշ հրապուրանք էլ ունի. սիրում է նորոգել հին կահույքը եւ դրան նոր շունչ եւ ոգի հաղորդել։ Կարենը վաղ է կորցրել հորը եւ այժմ ապրում է իր սիրելի մայրիկի, կնոջ եւ երկու դուստրերի՝ 15-ամյա Աննայի եւ 11-ամյա Լիլիթի հետ։ Նա անչափ հպարտանում է իր հորաքույր Իվա Մեծօրյանով, որը ապրում է Բոստոնում եւ տեղի հայ կանանց միությունն է ղեկավարում։ Հայրենասեր տիկինն ամուսնու հետ ամեն տարի բարեգործական առաքելությամբ հայրենիք է այցելում եւ, հասկանալի է, որ ամենից շատ նա է օգնում անթիվ հղացումներ ունեցող իր զարմիկին, փոխարենը իր հետ տանելով Կարենի նվիրած նկարները։ Իսկ Կարենը միայն նվիրում է եւ երբեք չի վաճառում իր աշխատանքները, թեեւ լավ կլիներ մտածեր նաեւ անհատական ցուցահանդես բացելու եւ իր արվեստով ներկայանալու մասին։ Չէ՞ որ դրանցում ստեղծագործական երեւակայություն կա, կյանքի շնչառություն եւ գույների հրավառություն։ ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել