Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԱՄՓՈՐԴՈՂ» ՆԱՄԱԿԻՆ՝ ԺՊԻՏՈՎ ՊԱՏԱՍԽԱՆ

Մայիս 11,2002 00:00

«ՃԱՄՓՈՐԴՈՂ» ՆԱՄԱԿԻՆ՝ ԺՊԻՏՈՎ ՊԱՏԱՍԽԱՆ «Առավոտ» թերթի մայիսի 8-ի համարում հրապարակվել էր ՀՀ ազգային ռադիոյի նախկին մի քանի աշխատակիցների բաց նամակը՝ ուղղված ինձ։ Արդեն 3-րդ նման բովանդակությամբ հրապարակումն է լույս տեսնում տարբեր թերթերում, ուստի ճշմարտությունը բացահայտելու համար որոշեցի պատասխանել այդ մի քանի «վիրավորված» աշխատակիցներին։ 2001թ. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով լուծարվել էր Հայաստանի ազգային ռադիոն, որի մասին տեղեկացվել են բոլոր աշխատակիցները։ 2002թ. ստեղծվել է Հայաստանի հանրային ռադիոն, որը ոչ մի իրավական կապ չունի Հայաստանի ազգային ռադիոյի հետ։ Հայաստանի հանրային ռադիոն մշակել է իր եթերային քաղաքականությունը, ըստ առկա գործող տեխնիկական միջոցների, հաստատել կառուցվածք, մուտքերի եւ ծախսերի բյուջե եւ, համաձայն նոր կառուցվածքի, աշխատանքի է հրավիրել համապատասխան մասնագետների՝ ծրագրերն իրականացնելու համար։ Որեւէ ծրագրի փակվելու մասին խոսելն անտեղի է… Այլ խնդիր է, երբ խոսում ենք ՀԱՌ-ում նախկինում գործող «Հայրենիք-Սփյուռք» ծրագրի մասին։ Խնդիրն ավելի տպավորիչ դարձնելու համար «բաց նամակի» հեղինակները 55-ամյա են կոչում ընդամենը 3 տարի առաջ իմ կողմից բացած «Հայրենիք-Սփյուռք» ծրագիրը, եւ ծրագիրն էլ անվանում են խմբագրություն, այն դեպքում, երբ արտասահմանի համար հաղորդումների խմբագրությունը Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդացանցում ամեն օր 6,5 ժամ հաղորդումներ է հեռարձակում 13 լեզուներով դեպի Մերձավոր Արեւելք, Եվրոպա, Լատինական Ամերիկա եւ ԽՍՀՄ նախկին երկրներ։ Ամեն օր 100-ավոր նամակներ ենք ստանում (այս ամենը հաշվառված ու գրանցված է հատուկ մատյանում)։ Ցավոք, պիտի ասեմ, որ «Հայրենիք-Սփյուռք» ծրագիրը իր գոյության 3 տարիների ընթացքում նույնիսկ 1 «բաց նամակ» չի ստացել։ Հայաստանի ազգային ռադիոյի մի քանի նախկին աշխատակիցներ գրում են, որ Բեյրութն ու Լոս Անջելեսը «եռում են»…, ժպտում եմ ու նաեւ ցավում, որ երկար տարիներ արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրությունում աշխատելով, այդ մարդիկ չգիտեն նույնիսկ, որ սկսած 1990 թվականից՝ Հայաստանի ռադիոյի ազդանշանները լսելի չեն եղել Լոս Անջելեսում։ Հայաստանը չունի նման հաղորդակ, որը հնարավորություն կտար մեր ազդանշանները հասցնել Լոս Անջելես… Իսկ Մերձավոր Արեւելքում, ինչպես եւ Եվրոպայում եւ ԽՍՀՄ նախկին երկրներում մի քանի տարի է, ինչ Հայաստանի ռադիոյի ազդանշանները հասանելի են «հոթ բըրդ» 13. թվային արբանյակով, որը 24 ժամ հեռարձակում է Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերը։ Կարծում եմ, չի կարելի «սեւացնել», թեկուզ նախկին, գործընկերների աշխատանքը՝ ինչ172ինչ սեփական հարցեր լուծելու համար։ Ինչ վերաբերում է «55-ամյակ» ասվածին, ապա պետք է նախ հիշել, որ այդ 55-ամյա խմբագրությունն այսօր էլ կա, աշխատում է եւ չափազանց նպաստավոր է ՀՀ արտաքին քաղաքականության, Հայրենիք 172Սփյուռք կապերի համար։ Դեռեւս ԽՍՀՄ տարիներին Սփյուռքի համար հեռարձակվում էին ռադիոպիեսներ, երաժշտություն, բոլոր ուղղությունները միասին վերցրած՝ ընդամենր 3,5 ժամ։ Այսօր ՀՀՌ-ն ամբողջությամբ լսելի եւ հասանելի է Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին եւ ոչ միայն.. Ինչ վերաբերում է «Սերունդ» ծրագիրը Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդացանցում չընդգրկվելուն, ապա պետք է նշել, որ այն խնդիրները, որոնք լուսաբանում էր հիշյալ ծրագիրը Հայաստանի ազգային ռադիոյում, այսօր հրաշալի եւ պատշաճ որակով Հանրային ռադիոյի հաղորդացանցում իրականացնում է «Ռադիոէքսպրես» ամենօրյա 45-րոպեանոց ծրագիրը (ի դեպ, նախկին «Սերունդ» ծրագրից ՀՀՌ-ի աշխատակազմում չեն ընդգրկվել միայն 2 աշխատակից, մնացած 5-ը աշխատում է «Ռադիոէքսպրես», «Հայելի», «Թեմա պլյուս» ծրագրում)։ Հիմա խնդրի բարոյական կողմը. Հայաստանի ազգային ռադիոյի «Հայրենիք-Սփյուռք» ծրագրի նախկին աշխատակիցներին «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունում աշխատանք առաջարկելը սոցիալական հիմքեր ուներ։ Ցանկությունս եղել եւ մնում է այդ մի քանի նախկին աշխատողներին աշխատանքով եւ ամսական աշխատավարձով ապահովելը։ Ցավում եմ, որ առաջարկս առիթ է տվել սեփական կարողությունների մասին նոր կարծիք ձեւավորելուն։ Իսկ նոր աշխատանքից հրաժարվելու պատճառը ամենեւին էլ սկզբունքայնությունը չէ, այլ իրական, երեւացող աշխատանքից վախը։ Հայաստանի հանրային ռադիոն նախկին՝ օրական 40 ժամի փոխարեն, այսօր հեռարձակում է օրական 48 ժամ տեւողությամբ ռադիոծրագրեր։ Հետեւաբար, օրական 8 ժամով ավելացել է ընդհանուր ծավալը, եւ ՀՀՌ-ի հաղորդացանցում ընդգրկվել են համապատասխան քանակությամբ հաղորդումներ։ Այսօր վստահ կարելի է ասել, որ ՀՀՌ-ն, լինի ՀՀ-ում, թե արտասահմանում, սիրելի եւ լսելի է, եւ դրա վառ վկայությունն են Հայաստանից եւ արտասահմանից ստացվող նամակներն ու հեռախոսազանգերը։ Եվ վերջում, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել ռադիոյի եւ կապի բոլոր աշխատակիցների տոնը, ցանկանալ սեր, ջերմություն եւ հակառակ ամեն տեսակ «բաց նամակների», անխափան եթեր.. Սիրով եւ ժպիտով՝Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել