Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի՞թե դատապարտվելու են նրանք, ում պարտական ենք…

Մայիս 11,2002 00:00

Մի՞թե դատապարտվելու են նրանք, ում պարտական ենք… Նպատակս է մի փոքր ուշադրություն հրավիրել, մի փոքր գթություն, մարդասիրության նշույլ արթնացնել իրավապահ, դատաիրավական համակարգի աշխատակիցների մեջ։ Դիմում եմ խնդրանքով, որ մի փոքր ուշադրության արժանացնեք հայ ազատամարտիկ դատապարտյալներին։ Լսեք, խնդրում եմ, այո, դատապարտյալներին, ճիշտ է, բոլորն են արժանի գթության, բայց հասկացեք, թե որքան կարեկցանքի են արժանի առավել եւս ազատամարտիկները։ Այո, հիմա նրանք դատապարտյալ են եւ այդ կարգավիճակը ինչ-որ տեղ թույլ չի տալիս նրանց ասելու իրենց սխրանքների, հայրենասիրության մասին եւ նրանք լուռ կրում են իրենց պատիժը, կրում են հույսով, որ մի օր վերջապես իրենց կհիշեն, կփորձեն հասկանալ։ 1989-1994թթ. տեւած պատերազմում կռվում, զոհվում եւ մահն աչքերի առաջ գնում էին հայորդիները։ Այդ ճգնաժամային տարիներին նրանք կանգնում էին նաեւ իրավապահ, ՆԳ աշխատակիցների կողքին, թիկունքում պայքարում, առաջին գծում կռվում, զոհվում հավատով, որ իրենց գործն արդար է, իրենք պաշտպանում են հայրենիքը։ Ուզում էին տեսնել ազատ, անկախ Հայաստան։ Հաշմված, հոգնած, հոգեպես ոչ նորմալ վիճակում վերադառնում ռազմի դաշտից, իսկ տանը մտածում, թե որտեղից հայթայթեն միջոցներ, մի կտոր հաց իրենց ընտանիքների համար։ Շատերը այդ տարիներին ներդրեցին իրենց ողջ խնայողությունը՝ չափսոսալով։ Գիտեին, վստահ էին, որ հայրենիքը նաեւ մայր է, ծնող, որը հոգատարորեն կշրջապատի իրենց նաեւ։ Բայց ի՞նչ ստացվեց. խիզախները մինչ կռվում էին, զոհվում, մահապարտների ջոկատներ կազմում, շատերը թիկունքում կիսում էին պաշտոններ, կազմակերպում տեռորներ, հենվում այն նույն խիզախների զգացմունքների վրա, հայտարարում, թե ունեն զինված ուժ եւ որ հարկ եղած դեպքում կարող են օգտագործել։ Պատերազմը վերջացավ, բազմաթիվ կազմակերպություններ փորձեցին հավաքել, միավորել եղած ներուժը։ Հավաքվեցին, փորձեցին մի փոքր արդարության հասնել, մի տեղ ստացվեց, մի մասում ձախողվեց, եղան սխալներ։ Հիմա պատկերացրեք մի անհատի, նա անկեղծ հայրենասեր է, առանց վարձի կամավոր մեկնում է արցախյան ազատամարտ, պատերազմ՝ պատրաստ մեռնելու։ Վերադառնում է հիվանդ նյարդերով։ Մարդիկ բոլորն իրավունք ունեն սխալվելու, այդ թվում եւ հերոսը։ Հիմա Հայաստանում հնարավոր հանցագործ են բոլորը, որովհետեւ անապահով են, չունեն ցամաք հաց ձեռք բերելու կայուն հնարավորություն։ Եվ մեր հերոսը կանգնում է օրենքի առաջ, որի առաջ հավասար են բոլորը, բայց ոչ մեզ մոտ՝ Հայաստանում։ Կատարվում է հանցագործություն, այո, սխալ, ինչո՞ւ, որ ապահովի իր ընտանիքին։ Մի ազատամարտիկ վերցրել էր գումար, որը ծախսել էր զոհված ընկերներին հուշարձան կառուցելու համար, բայց օրենքի առաջ հավասար են բոլորը… Ո՞վ է ժխտում, հարգարժան դատավորներ, ո՞վ համաձայն չէ արդար դատավարությանը։ Ձեր առջեւ կանգնել է մի անձնավորություն, որին մենք պարտական ենք, նա իր կյանքով կանգնել է պատերազմի առաջին գծում, վիրավորվել, հիմա համարյա կես մարդ է, կատարել է սխալ, հանցանք։ ՀՀ քրօրի 40-րդ հոդվածը մեղմացնում է հանցանքը, բայց ոչ մի գրքում, ոչ մի ձեռնարկում չկա այդ մեղմացնող հանգամանքների մասին, թե որն է դա՝ բազմազավակ, հաշմանդամ, պետ. պարգեւի արժանացած։ Ինչեւէ, միթե չի կարելի հաշվի առնելով ազատամարտի հանգամանքը, մեղմացնեք պատիժը։ Կատարած սխալի համար դատապարտելով տասը տարվա ազատազրկման, հաշվի առնելով անհատի կատարած ծառայությունները, մեղմացնել պատժաչափը թեկուզ աննշան ժամանակով, մի քանի ամսից մինչեւ մեկ տարի, որն ավելի կպարտավորեցնի, կվերափոխի, կհասկացնի, որ ոչինչ երբեք չի մոռացվում, որ ամեն ինչ գնահատվում է։ Իսկ դուք ուղարկում եք առաջին անգամ, շեշտում եմ՝ առաջին անգամ սխալվածին մի աշխարհ, որտեղ նրան օտար է ամեն ինչ։ Եվ պատկերացրեք, զինվորը զենքը ձեռքին կարգ ու կանոն է օգնում հաստատելու ՆԳ աշխատակիցներին, իսկ միառժամանակ անց ինքը հայտնվում է մի միջավայրում, որի դեմ պայքարել է։ Կալանավայրում նա օտար եւ թշնամի է ներսի օրենքներին։ Ո՞վ նրան դրդեց սխալվելու, հանցագործության, կարծում եմ բոլորս, այո, բոլորս, որովհետեւ չկարողացանք օգնելով սատար կանգնել ազատամարտիկին։ Յուրաքանչյուր ազատամարտիկի, եթե մեր պետությունը, կառավարությունը որեւէ կերպ չընդառաջի, չօգնի բուժելու ստացած մարմնական եւ հոգեկան վերքերը, նրանց ճանապարհը իրավախախտումն է, իսկ հետո դաժանացած, կորսրած հավատով, արդեն մարդ սպանած, խաբված մարտիկը շատ վտանգավոր է։ Կյանքի, ճակատագրի բերումով ինքս էլ անցել եմ այդ ճանապարհը, Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանից մինչեւ N 6 ՈՒԱՀ եւ շատ շատերին տեսնելով ու խոսելով՝ իմացել եմ նրանց տխուր պատմությունները։ Իմ մասին ոչինչ չեմ ասի, չեմ փորձի արդարանալ, չեմ էլ ձգտի վերականգնել իմ ոտնահարված իրավունքները, բայց այդ քաջ, խիզախ հայորդիների մասին պետք է հիշենք, մտածենք եւ չմոռանանք։ Ոչ մի ազատամարտիկի նկատմամբ չի կիրառվել ՀՀ քրօրի 40-րդ հոդվածը։ Բազմաթիվ դատապարտված ազատամարտիկներ հուսահատ, խաբված, կրում են իրենց պատիժը (անգամ փամփուշտ պահելու, «ապօրինի» զինամթերքի) եւ կործանվում, ավելին, մահանում են աստիճանաբար, խեղված, անհույս, դառնացած… Կան տեղեկություններ, որ ԵԿՄ-ն ցանկանում է ներման խնդրագրով դիմել ՀՀ նախագահին, որ ներում շնորհի հայրենիքի համար մարտնչած, բայց կարիքից ելնելով սայթաքած խիզախ հայորդիներին։ Ս. ՊՈՂՈՍՅԱՆ (նախկին դատապարտյալ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել