Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկիրը կկորցնի «Զվարթնոցը»

Մայիս 11,2002 00:00

Երկիրը կկորցնի «Զվարթնոցը» «Առավոտը» ս.թ. 14 եւ 16-ի իր համարներում անդրադարձել է հայկական քաղաքացիական ավիացիային առնչվող շատ կարեւոր ու ճակատագրական հարցերի եւ փորձ է արել դրանց պատասխանը ստանալ արդարադատության նախարար Դ. Հարությունյանի տված «բացառիկ» հարցազրույցի ընթացքում։ Արդարադատության նախարարի տված պարզաբանումներից հստակ երեւում է, որ նա կամ տեղյակ չէ քաղաքացիական ավիացիայում տիրող իրավիճակին, կամ փորձում է անհեթեթ եւ իրականությանը չհամապատասխանող փաստարկներով կարեւորել ՀՀ կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի միջեւ 2001թ. դեկտեմբերի 17-ին կնքված տխրահռչակ կոնցեսիոն պայմանագիրը։ Այսպես, նախարարը նշում է, որ քանի անգամ «Ավստրիական ավիաուղիները» վերջերս վայրէջք չկատարեցին «Զվարթնոց» օդանավակայանում, պատճառաբանելով, որ օդանավակայանի լուսային համակարգը մառախուղի դեպքում չի բավարարում վայրէջքի համար եւ «շատ ավելի նորմալ» օդանավակայան ունենալը մեզ համար թիվ 1 խնդիր է։ Եթե նախարարը փոքրիշատե հետաքրքրվեր ավիացիայում տիրող իրավիճակով, ապա կիմանար, որ «Զվարթնոց» աերոդրոմի ICAO-ի 2-րդ կարգախմբով աշխատելու հավաստագիրը կասեցվել էր 2001թ. նոյեմբերի 14-ից մինչեւ 2002թ. մարտի 14-ը՝ վայրէջքի գլիսադայի փարոսի խափանման պատճառով, այլ ոչ թե լուսային համակարգի։ Այլ հարց է, թե ինչու աերոդրոմի 2-րդ կարգախմբով աշխատելու հավաստագիրը կասեցվեց 4 ամսով, եթե վայրէջքի գլիսադայի փարոսի անսարքությունը կարելի էր վերացնել ընդամենը 3 օրում՝ այն էլ նվազագույն ֆինանսական ծախսերով։ Սա կրկին ապացուցում է ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարության ապաշնորհ լինելը, ինչպես նաեւ գլխավոր վարչության թողտվությամբ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի անտնտեսվար գործունեությունը։ Մի՞թե անտնտեսվարություն չէ, երբ շուրջ 50 մլն դրամ ծախսվում է տնօրենի համար շքեղ կաբինետ կահավորելու նպատակով, բայց ուշադրության չի արժանանում օդանավակայանի կենսունակությունն ապահովող գլիսադայի փարոսի տեխնիկական վիճակը։ Եվ, բնականաբար, հավաստագրի կասեցման հետեւանքով կրած ֆինանսական եւ բարոյական վնասների համար ոչ ոք չպատժվեց։ «Զվարթնոց» օդանավակայանի աերոդրոմը 2-րդ կարգախմբով հավաստագրվել է 1986թ. եւ միանգամայն ճիշտ է, որ այդ ժամանակվանից օդանավակայանի մոդեռնացման համար ներդրումներ չեն արվել։ Սակայն արդարադատության նախարարը հրաշալի քաջատեղյակ է, որ 1997-ից ավիացիայի գլխավոր վարչությունը բանակցություններ է վարել օդանավակայանի մոդեռնացման նպատակով ճապոնական կառավարությունից արտոնյալ վարկ ձեւակերպելու համար, ընդ որում վարկը (շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար) տրամադրվելու էր 30 տարով՝ տարեկան 1,8 տոկոսադրույքով, առաջին 10 տարին վարկառուին ազատելով վարկի մարումից։ Համեմատության համար նշենք, որ «Զվարթնոց» բեռնային համալիրի շինարարության համար եվրոպական Վերակառուցման եւ զարգացման բանկի կողմից հատկացվել էր 22,5 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ տարեկան LIBOR+1 տոկոսադրույքով (շուրջ 7%) եւ այն պետք է մարվի 2008 թվականին՝ վճարելով ընդամենը 32 մլն ԱՄՆ դոլար։ (Շարունակությունը՝ հաջորդ համարներում) Մի խումբ ավիատորներ Որեւէ այլ ստորագրություն չկա այս նյութի տակ, սակայն, հաշվի առնելով թեմայի կարեւորությունը, «Առավոտը» տպագրում է ավիատորների այս արձագանքը նաեւ այն պատճառով, որ նախարարի դիտարկումներին ի պատասխան՝ հիմնավոր հակափաստարկներ են ներկայացված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել