Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԴԻԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԸ ՄԵՐՈՆՑԻՑ ԽԵԼԱՑԻ՞ ԵՆ

Մայիս 11,2002 00:00

ՀՆԴԻԿ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԸ ՄԵՐՈՆՑԻՑ ԽԵԼԱՑԻ՞ ԵՆ Մի մոտավոր հաշվարկ, թե ֆինանսական ինչպիսի արդյունքների են հանգեցնում հայաստանյան եւ արտասահմանյան ծրագրավորման ընկերություններին տրված պատվերները: Հայկական ընկերությանը վճարած ամեն $ 100 հազարից մոտ 35%-ը պետությունը հարկերի տեսքով անմիջապես հետ է ստանում: Մնացած $ 65 հազարը նույնպես մնում է Հայաստանում եւ մուլտիպլիկացիայի էֆեկտի շնորհիվ խթանում է տնտեսության զարգացմանը: Մինչդեռ արտասահմանյան ընկերությանը վճարած գումարը անհետ «մեկնում» է: Այսպիսով, պատվերը կարելի է դրսում կատարել միայն այն դեպքում, եթե այնտեղ դա 3-5 անգամ էժան է: Մինչդեռ տեղի է ունենում ճիշտ հակառակը: 2001 թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր ընկերությունը հայտ էր ներկայացրել մասնակցելու Համաշխարհային բանկի միջոցներով վարկավորված ՀՀ Գանձապետարանի ավտոմատացման #2981 AM մրցույթին: Մրցույթն իրականացնում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնը (գործադիր տնօրեն` Բագրատ Ենգիբարյան): Մրցույթի առարկան բավական պարզ է: Այն ոչ մի դժվարություն չի ներկայացնում բանկային կամ հաշվապահական ժամանակակից համակարգեր ստեղծած ընկերությունների համար: Մոտավոր արժեքն է $ 300 հազ.: Մրցույթն ունի իր փոքր նախապատմությունը: Առաջին անգամ այն հայտարարվել էր 2000թ. սեպտեմբերին: Եղան շատ բողոքներ: Ի վերջո, հաղթողները չկարողացան կատարել առաջադրանքը եւ 2001թ. սեպտեմբերին հայտարարվեց նոր մրցույթ: Այն կայանալու էր երկու փուլով: Առաջին փուլում հանձնաժողովը ներկայացված դիմումների հիման վրա պետք է կազմեր «կարճ ցուցակ», այսինքն այն ընկերությունների ցանկը, որոնց կթույլատրվեր մասնակցել երկրորդ փուլին: «Կարճ ցուցակ» պետք է անցներ 6 ընկերություն: 2-ը՝ հայկական եւ 4-ը՝ արտասահմանյան: Որակավորման հանձնաժողովը հայկական ընկերությունները դասակարգել էր այսպես` Lsoft, Labor systems LLC, Հայկական Ծրագրեր… մնացածները… Բոլորովին անհասկանալի է, թե ինչպես մի քանի ամիս առաջ ստեղծված Labor systems-ը գերադասվում է 15 տարվա փորձ ունեցող Հայկական Ծրագրերից: Ինչեւէ, կարճ ցուցակի համար առաջարկվեցին Lsoft եւ Labor systems ընկերությունները: Համաշխարհային բանկը մերժեց այս հայկական ընկերությունների մասնակցությունը (արդյոք Համաշխարհային բանկը ունի՞ այդ իրավունքը): Դրանից հետո մրցույթն իրականացնող հանձնաժողովը պետք է ներկայացներ հաջորդ հայկական ընկերությունը: Փոխարենը նա ներկայացրեց երեք արտասահմանյան ընկերություններ, դրանք են` LAB Information Technology (ԱՄՆ), Auric Vision (ԱՄՆ) համատեղ Mission Control Center (Ռուս.), Readicom (Հայ.), KPMG Հայաստան։ Պետք է նշենք, որ այս ընկերություններից ոչ մեկը չի զբաղվում ֆինանսական խնդիրների ծրագրավորմամբ: Համաշխարհային բանկը «հայկական» «ծրագրավորման» ընկերություններից նախընտրեց KPMG-ին: Այսպիսով հայկական ամենափորձառու ընկերությանը` Հայկական Ծրագրերին ուղղակի արգելեցին մասնակցել մրցույթին, նրա հետ էլ Lsoft-ին եւ Labor systems-ին: Արտասահմանյան ընկերություններից կարճ ցուցակում ընդգրկվեցին MDP Consultants (Հնդ.), P.A. Management International (Կանադական ընկերության Ռումինիայի գրասենյակ), Nucleus Software Exports (Հնդ.), Technology Associates (Նիդ.)։ Technology Associates-ը գրավոր ստորագրված հայտ չէր ուղարկել: Հանձնաժողովը որպես հիմք ներկայացրեց E-Mail-ով ստացված նամակ [email protected] հասցեից: Ուշադրություն դարձրեք, որ նամակն ուղարկված է ոչ թե ընկերության փոստարկղից, այլ հանրային փոստարկղից, որտեղ ցանկացած մարդ կարող է ցանկացած անունով հասցե բացել եւ նամակներ ուղարկել: Այս ընկերությունը չմասնակցեց երկրորդ փուլին, ինչը հաստատում է կասկածները: Nucleus Software Exports հնդկական ընկերությունը նույնպես չմասնակցեց երկրորդ փուլին: Ինչու՞: Ինչպե՞ս է ստացվում, որ դրսի ընկերությունները հեշտորեն անցնում են երկրորդ փուլ եւ նույնքան հեշտորեն հրաժարվում են հետագա մասնակցությունից: P.A. Management International ընկերությունը զուտ խորհրդատվական է եւ որեւէ շանս չուներ հաղթելու: Մնաց MDP Consultants հնդկական ընկերությունը, որը միանալով KPMG-ի հետ, փաստորեն առանց մրցույթի հաղթող ճանաչվեց: Մենք ինտերնետում երկար փնտրեցինք տեղեկություններ MDP Consultants ընկերության մասին: www.indiasoftware.com էջը պարունակում է հնդկական բոլոր կոմպյուտերային ընկերությունների ցանկը` ավելի քան 2300 անուն: Եվ դրանց թվում չկա MDP Consultants ընկերության անունը: Հաջողվեց պարզել միայն, որ այս ընկերությունը ստեղծված է Համաշխարհային բանկի կողմից: Երբ մենք սկսեցինք բողոքել այս ամենի դեմ, մեր աշխատակցի հետ ունեցած զրույցում պրն Ենգիբարյանն ասաց, որ Համաշխարհային բանկից են որոշել, որ մրցույթում հայկական ընկերություն չպետք է հաղթի: Մենք չափազանց վրդովված ենք այս ամենից: Հավատալով «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում պետական մարմնի տպած հայտարարությանը, մենք լրջորեն պատրաստվել եւ մասնակցել ենք մրցույթին: Իրականում մեր անունը եւ ժամանակը օգտագործել են մրցույթի պատրանք ստեղծելու համար: Վարկաբեկվել է մեր անունը: Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները համարում է գերակա ուղղություն: Նա հայտարարել է, թե կառավարությունը պետք է լինի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի գլխավոր հովանավորը եւ պատվիրատուն: Համաշխարհային բանկը հայտարարել է իր օժանդակությունը այս հարցում: Իրականում զարգացվում է Հնդկաստանի ՏՏ ոլորտը, իսկ դրա բեռը ընկնում է հայկական ընկերությունների ուսերին: Եվ վերջապես, այս գործը ճիշտ կազմակերպելու համար պրն Ենգիբարյանը նշանակվեց ՀԲ կողմից վարկավորած ՏՏ բիզնես ինկուբատորի տնօրեն, որտեղից նա ավելի գործուն կմասնակցի ՏՏ ոլորտի «կայացմանը»: Մենք շատ մտահոգիչ ենք համարում այն, թե որքան անփույթ եւ ցածր արդյունավետությամբ են օգտագործվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի վերցրած վարկերը: Հայաստանի թույլ տնտեսությունը չի կարող ֆինանսավորել Համաշխարհային բանկի այսպիսի օգնությունները: ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031