Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԶԻՆՈՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ

Մայիս 11,2002 00:00

ԿԱԶԻՆՈՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ Հետեւաբար այդ գումարները մուտք են գործում առանձին գրպաններ Քանի տարի շարունակ հասարակության տարբեր ներկայացուցիչներ հրապարակավ բողոքում են Երեւանում սնկի պես աճող խաղատներից, թե ամեն երրորդ քայլին խաղատուն է։ Խաղատնային հոգեբանությունը հիմնավոր հաստատվեց Երեւանում։ Դրանց՝ Երեւանից 50 կմ ուղեգծով հեռացվելու մասին միտքը օրենք դարձավ, սակայն դարձյալ չիրականացվեց։ Ասում են՝ մոտ ժամանակներս խաղատները Երեւանից կհեռացվեն։ Եվ ահա այսօր կրկին խաղատների խնդիրը ակտուալ է, քանզի այլեւս անհնար է կոծկել այն փաստը, թե դրանցից քանիսն են ապօրինի գործում, քանիսն են խուսափում պետական բյուջեի վճարումներից եւ տուրքերից, քանիսն են անձեռնմխելի՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության արդյունքում… Վերջերս ՀՀ պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանն անդրադարձավ խաղատների թեմային. այն պարզ պատճառով, թերեւս, որ խաղատների հարցը այսօր այլեւս խիստ է դրված։ Այլապես ՀՀ պետեկամուտների ներկա նախարարն էլ, իր նախկինների պես, աչք կփակեր, կարծես Երեւանում ընդամենը 2-3 խաղատուն կա կամ չկա։ Մեր տվյալներով, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է անցկացրել Երեւանում գործող խաղասրահների եւ խաղատների գործունեության վերաբերյալ։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի ու ՀՀ պետեկամուտների նախարարությունների տվյալներով ստացվում էր, թե Երեւանում գործում են լիցենզավորված 48 խաղասրահ եւ 4 խաղատուն։ Նույն տվյալներով, այդ խաղասրահներն ու խաղատները 2001թ. պետբյուջե վճարել են շուրջ 968 մլն դրամ հաստատագրված վճարներ, որից 368 մլն վճարել են խաղատները՝ «Աստաֆյանը» (192 մլն դրամ), «Նեւադան» (117 մլն դրամ) եւ էլի երկուսը։ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆ. Ցոլակյանը մեր հեռախոսազրույցում իրենց կատարած ուսումնասիրությունների մասին ասաց, որ տեղեկանք է կազմվել ընդհանուր բնույթի թերությունների վրա՝ համեմատելով ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ցուցակների հետ։ Ուսումնասիրման աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Ֆ. Ցոլակյանը ասաց նաեւ, որ ՀՀ պետեկամուտների նախարարության աշխատակիցները, պետք եղած ժամանակ, ինչ-որ մի նկուղում օղու արտադրության ցեխ են գտնում ու բացահայտում, սակայն ինչպես է, որ, օրինակ, Աբովյան փողոցի կազինոն (որի վրա խոշոր տառերով գրված է՝ կազինո) չեն տեսնում, չեն մտնում… Ասում են, որ խաղատների եւ խաղասրահների մեծ մասը ավտոմատ խաղերի եւ խաղասեղանների քանակը իրականում շատ ավելի պակաս է հայտարարագրում՝ խուսափելով հարկային պարտավորություններից։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տվյալներով, Երեւանի խաղասրահներում ու խաղատներում կան 717 ավտոմատ խաղ եւ 10 խաղասեղան։ Վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց քանակը կրկնակի ավելի է։ Ավելին՝ Երեւանում գործում են բազմաթիվ խաղատներ եւ խաղասրահներ՝ առանց համապատասխան թույլտվության եւ լիցենզիայի։ Այս ոլորտի վերահսկողությունը անմիջապես դրված է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի եւ ՀՀ պետեկամուտների նախարարությունների վրա, որոնք, կարելի է ասել, հսկողությունն իրականացրել են իրենց նպատակահարմար ձեւով։ Առկա են օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ՝ սկսած «Խաղատուն» անվանումը փակցնելուց մինչեւ խաղային ավտոմատների եւ խաղասեղանների իրական թիվը ցույց չտալը, ազգային դրամի չկիրառումը եւ այլն։ Այդ թույլ հսկողությունը թույլ է տալիս, որ խաղասրահը խաղատնային գործունեություն ծավալի… Մի հետաքրքիր նկատառում եւս. ոչ միայն խաղատնային, այլեւ տնտեսական ոլորտներում ստուգումներ անցկացնելու գործընթացը շատ տարօրինակ կերպով է կատարվում։ Մինչ որեւէ պետական գերատեսչությունում որոշում է կայացվում այսինչ ոլորտի կամ օբյեկտի վերահսկողությունը կատարելու մասին, մի քանի վայրկյան անց նույն պետական գերատեսչությունների աշխատակիցները անմիջապես կապվում են տնտեսվարող սուբյեկտների տերերի հետ՝ տեղեկացնելով իրենց կողմից սպասվող ստուգումների մասին։ Այդ ընթացքում ստուգվողը հասցնում է առժամանակ թաքցնել ապօրինի գործունեությունը։ Մոտավոր հաշվարկներով, կազինոների ոլորտում գործունեության մոտ 70%-ը ստվերային է, որի հետեւանքով տարեկան շուրջ 2 միլիարդ դրամ չի մտնում պետբյուջե։ Կրկնենք՝ սա պարզվել է ընդամենը մակերեսային ստուգման արդյունքում։ Հավելենք ի գիտություն տվյալ ոլորտի համապատասխան իրավասու մարմինների, որ այս ամենի համար պատասխանատու են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի ու ՀՀ պետեկամուտների նախարարությունները՝ նախարարներից սկսած մինչեւ որոշ աշխատակիցներ, որոնց մասին ավելի մանրամասն կներկայացնենք առաջիկա համարներում։ Բոլորին է հայտնի, որ այս ոլորտում ապօրինությունների հայտնաբերումը, հատկապես վերոնշյալ նախարարությունների աշխատակիցների կողմից, առանձնապես դժվարություն չի ներկայացնում՝ մեծ մասը Երեւանում է գտնվում, կան ընդհանուր օրենքներ, կանոններ, ցուցանակներ եւ այլն։ 2000թ. դեկտեմբերի «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի պահանջների համաձայն, մինչեւ ս.թ. դեկտեմբերի 10-ը բոլոր խաղատները եւ խաղասրահները պետք է տեղափոխվեն Երեւանից 50 կմ հեռավորության վրա։ Կասկած կա, որ այս օրենքի պահանջը ոչ միայն չի կատարվելու, այլեւ, կատարվելու դեպքում՝ շարունակվելու է ոլորտի ստվերայնությունը, ապօրինի խաղատների ու խաղասրահների գործունեությունը։ Վերոնշյալ տվյալները գաղտնիք չեն ոչ միայն ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության, այլեւ ՀՀ դատախազության աշխատակիցների համար։ Միայն թե այս ոլորտում թույլ տրված ապօրինությունների գլխավերեւում կանգնած են մանր ու մեծ պետական պաշտոնյաներ, կազինոները հովանավորվում են նույն մանր ու մեծ պետական պաշտոնյաների եւ հիմնականում պետության հաշվին ֆինանսական մոնստերներ դարձած «գործարար մարդկանց» կողմից… Այսինքն, մի հարատեւ շղթա է եւ ակնհայտ է, որ ուսումնասիրությունները եւ հետագա ստուգումները կավարտվեն ընդամենը դրամական ծիծաղելի տուգանքներով։ Իսկ օղու, լիմոնադի, խմորեղենի՝ իր նկուղում փոքրիկ արտադրություն դրած սովորական քաղաքացուն ոչ միայն կդատապարտեն, այլեւ հանրության աչքում քննարկման առարկա կդարձնեն, թե տեսեք-տեսեք՝ ինչ օպերատիվ ու լավ ենք աշխատում… ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031