Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սպասում եմ քո խղճի ձայնին»

Մայիս 11,2002 00:00

«Սպասում եմ քո խղճի ձայնին» ԱՄՆ-ում լույս տեսնող AIM (Armenian International Magazine) ամսաթերթի նախկին խմբագիր Սալբի Հարությունյան-Ղազարյանին Սիրելի Սալբի, չգիտեմ՝ Հայաստան քեզ կանչե՞լ են, թե՞ ինքնակամ ես եկել, բայց այդքան ուրախ եմ, որ արդեն ահագին ժամանակ է, Երեւանում ես ու ՀՀ ԱԳՆ-ում ի շահ մեր պետության տքնաջան աշխատանք ես կատարում։ Ճանաչելով քեզ 1993-ից, բարձր գնահատելով անձամբ հենց քո ներդրումը հայ լրագրության բնագավառում՝ իբրեւ ԱԻՄ-ի խմբագիր՝ դրա սփյուռքյան դաժան հատվածը հանդիսացող Լոս Անջելեսում, ուղիղ քառասուն օրերից ի վեր եւ ամեն օր մտածում էի քեզ գտնել եւ ՀՀ իշխանությունների կողմից «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաալիքների փակման առթիվ անձամբ քեզնից լսել անաչառ տեսակետներդ։ Անաչառ եմ ասում, որովհետեւ ճանաչելով քեզ, գիտեմ, որ այդպիսին ես։ Իսկ այս անցած 40 օրերին «քեզ չգտնելու միակ պատճառն այն է, թե ինքս ինձ մտածում էի, որ «վաղը կամ մյուս օրը ինքդ կհայտնվես ու կարտահայտվես անպայման»։ Շատ երկար սպասեցի, ինչպես մեր իմաստուն ժողովուրդն է ասում՝ արդեն ոմանք իրենց անմարդկային հրճվանքով եւ ուրախությամբ «քառասունքի ողորմաթասն էլ» խմեցին, բայց ես քո ձայնը չլսեցի։ Իսկ ես, չնայած դրա մասին ոչ ոք չգիտեր, բայց քո ձայնին սպասում էի։ Սպասում էի, որովհետեւ համոզված գիտեի, որ դուն մեր ազգի մտավորական կոչվելու արժանի հազվագյուտ կանանցից մեկն ես։ Հայ մամուլին նվիրված մշակ, դրա ստեղծման համար անթիվ-անհամար անքուն գիշերներ անցկացրած մեկն էիր, արդարացիորեն զարմանում եմ, քեզ ի՞նչ եղավ, որ քառասուն երկար օրեր է, այսպես լռում ես։ Լռում է նաեւ նախկինում քո խմբագրած, մեր բոլորի սիրելի AIM-ը, որի համար, բնականաբար, դու պատասխանատու չես։ Բայց չէ՞ որ դու, իբրեւ մտավորական, պատասխանատու ես թե քո եւ թե մեզ՝ երկար տարիներ քո ստեղծածը գրեթե միշտ ընթերցողներիս համար։ Ես քեզնից չեմ սպասում լսել ինչ որ իմ համար հաճելի է, ո՛չ, քավ լիցի, ոչ ոք քեզնից այդ պահանջելու իրավունքը չունի, ամենեւին ոչ։ Սակայն դուն պիտի ասես այդ, ինչ որ խիղճդ քեզ է թելադրում, պիտի եւ պետք է ասես անպայման։ Մտավորականը հենց տեսակետ ունենալու եւ արտահայտվելու համար է։ Սպասում եմ լսել քո խղճի ձայնը, սպասում եմ անհամբեր եւ վստահ եմ՝ դա կանես ոչ միայն ինձ զանգելով, այլ բարձրաձայն։ Խնդրանքս ավելի շատ քեզ համար է, վստահ եմ, որ մնալու ես քո մինչեւ սրանից ուղիղ 40 օր առաջ գտնվածդ բարձունքում։ Խնդրում եմ, Սալբի, ասա քո տեսակետը։ Եվ քանի որ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաալիքների բացման առթիվ Ազատության հրապարակում մշտապես տեղի ունեցող ցույցերում, ափսոս, չենք հանդիպում, հույս ունեմ, որ ամսվա վերջում կայանալիք «Հայաստան- Սփյուռք» համաժողովում կհանդիպենք։ Եվ թող ամեն ինչ մինչ այդ ընթանա այնպես, որ երկար սպասվող համաժողովի մասին լուրերն ու մեկնաբանությունները կարողանանք ստանալ ոչ միայն 17 «նոր Պրավտա»-ներից, այլ նաեւ Հայաստանում իշխանությունների մեղքով այլակարծության արդեն խորհրդանիշ դարձած «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաալիքներից։ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ Երեւան, 10.05.2002թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել