Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԵԼԻ ԾԱՆՐ ԿԼԻՆԻ

Մայիս 11,2002 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահող, Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը «Առավոտին» տված հարցազրույցում ոչ միայն քննադատեց հակամարտության կարգավորման առկա տարբերակները, այլ հանդես եկավ նոր առաջարկով, որ պայմանականորեն կարելի է անվանել «ամեն փուլում՝ փոքր փաթեթ»։

-Եթե ե՛ւ փաթեթային, ե՛ւ փուլային առաջարկները գնահատում եք որպես «փսեւդոտարբերակներ», որոնք միտված են ձգձգմանը, եւ ի զորու չեն կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը, արդյոք Ձեր առաջարկը, որն այդ երկու տարբերակների համակցումն է, կարո՞ղ է լինել արդյունավետ։

– Կարո՛ղ է։ Իհարկե, մեր վեճը տեսական է եւ գործնականում կարող է հերքվել կամ հաստատվել իմ վստահությունը։ Բայց ես նույնիսկ տեսականորեն եմ պատրաստ ապացուցել երկու ծայրահեղ տարբերակների անարդյունավետությունը, այսինքն՝ ե՛ւ փաթեթայինի, ե՛ւ փուլայինի այն ձեւով, ինչպես դա առաջարկում էր Ադրբեջանը։ Պարզաբանեմ՝ այն տարբերակը, որ առաջարկում էր Ադրբեջանը, զուրկ էր ամեն փուլի հավասարակշռվածությունից։ Նրանք առաջարկում էին առաջին փուլում ազատել բոլոր գրավյալ տարածքները, իսկ հետո… Այսինքն՝ նախ վերադարձրու այն ամենը, ինչ իմն է, իսկ հետո կքննարկենք այն, ինչ համարում ես քոնը։ Հավելեմ, հետո կարող է պարզվի, որ այն ընդհանուր է՝ ոչ միայն մի կողմինը։ Չէ որ առնվազն միամտություն է կարծելը, որ մյուս կողմի համար կարող էր ընդունելի լինել այս լուծումը, որն արդեն անվանել եմ խաբկանք։

Փաթեթային լուծումը, ցավոք սրտի, դժվար իրագործելի է։ Այդ լուծման փնտրտուքն արդեն 8 տարի կայուն լարվածություն է առաջացրել տարածաշրջանում, այն պատճառով, որ այն փաստացի անհասանելի, անիրականանալի է։ Ավելին, լարվածությունը կարող է նաեւ ավելանալ՝ տեղիք տալով ներքաղաքական ցնցումների, եւ նույնիսկ չի կարելի բացառել պատերազմական գործողությունների վերսկսումը։ Ահա թե ինչու եմ ասում, որ այս երկու սովորական տարբերակները չեն գործում տվյալ հակամարտության պարագայում։ Բայց կարելի է մեծ փաթեթը բաժանել փոքրիկ փաթեթների եւ փորձել լուրջ, իսկական փուլային տարբերակով, որտեղ կընդունվեն հավասարակշռված լուծումներ եւ հաշվի կառնվեն երկուստեք շահերը՝ կարգավորել խնդիրը։ Կարող ենք փորձել լուծել կուտակված խնդիրները քայլ առ քայլ, աստիճանաբար։ Նախ, առաջին փուլում կարելի է լուծել շատ մանր, դատարկ, մասնավոր հարցեր։ Փոխարենը չի լինի լճացում եւ արդեն կսկսվի առաջընթաց։

– Ձեր կարծիքով, կա՞ն նման «դատարկ հարցեր», որոնց լուծմանն արդեն իսկ պատրաստ է հակամարտող երկրների հասարակությունը։

– Այո՛, կան։ Դա ոչ Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, ոչ հայերի գրաված տարածքների վերադարձը, ոչ էլ որեւէ այլ խոշոր հարց։ Դրանք կարող են վերաբերել, ասենք, ինչ-որ մի շրջանի վերադարձին, Հայաստանի շրջափակման վերացմանը, երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման վերականգնմանը եւ այլն։

– «Ինչ-որ մի շրջանի վերադարձն» արդեն իսկ այնպիսի հարց է, որն անպայման տեղիք կտա ներքաղաքական ցնցումների։

– Կարո՛ղ է տեղիք տալ, եթե հավասարակշռված չէ։ Բայց եթե այդ մի շրջանի վերադարձի դիմաց վերացվի Հայաստանի, Ղարաբաղի եւ նույնիսկ Նախիջեւանի շրջափակո՞ւմը։ Սա արդեն մի քիչ այլ հարց չէ՞։ Սա՛ է աղը։ Եթե ամեն փուլում հաշվի առնվի շահերի հավասարակշռվածությունը, ապա ընդդիմությունն այս առումով չի ունենա անելիք, չի կարողանա մեղադրել։

Երկրորդ փուլում արդեն կարվեն մի քիչ խոշոր փոխադարձ զիջումներ։ Երրորդ, չորրորդ փուլեր, եւ լարվածությունն ընդհանուր առմամբ կիջնի։

– Ի վերջո, երբեւէ հասնելո՞ւ են Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննելու փուլին։ Եվ հենց այդ ժամանակ էլ, միեւնույն է, կավելանա լարվածությունը։

– Ես հասկանում եմ՝ դա ամենադժվար հարցերից մեկն է, որը կարող է եւ չլուծվել միանգամից։ Բայց փոխարենը լուծված կլինեն ուրիշ շատ հարցեր, եւ միայն այդ մի չլուծված խնդրի պատճառով չի վերսկսվի պատերազմը։ Ես կասկածում եմ, թե միայն կարգավիճակի հարցի պատճառով վերսկսվեն ռազմական գործողությունները։ Իսկ գրավյալ տարածքների պատճառով, կարծում եմ, հնարավոր է։ Քանի որ սա «գրգռիչ» հարց է ոչ միայն փախստականների, այլ նաեւ այլ ուժերի համար։ Ավելի շուտ գրավյալ տարածքների, քան Ղարաբաղի պատճառով կարող են ծագել մեծ բարդություններ։ Այստեղ փաստարկները շատ ավելի ուժեղ են՝ «դրանք մե՛ր հողերն են»։ Եթե Ղաղաբաղի հողերի շուրջ դեռ կարելի է վիճել, ապա այստեղ վեճի նյութ չկա։ Այո, դրանք իրոք ադրբեջանական տարածքներ են։

– Դուք գիտեք Հայաստանում առկա տրամադրությունները, թե քանի դեռ որոշված չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ որեւէ տարածքի վերադարձի մասին չի կարող խոսք լինել։ Սակայն ստատուս-քվոյի պահպանման դեմ էլ մեր նախկին նախագահը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, փաստարկ ուներ, թե միջազգային հանրությունը երկար չի հանդուրժի այս խնդրի չկարգավորվածությունը։

– Իհա՛րկե։

– Բայց Դուք Հայաստանում ունեցած ելույթում նշել էիք, թե միջազգային հանրությունն արդեն իսկ անտարբեր է դարձել չլուծվող այս խնդրի հանդեպ։

– Սրանք տարբեր բաներ են։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատի ուներ, թե երկար չեն հանդուրժի, որ Ղարաբաղի խնդիրը չի կարգավորվում, իսկ ես այլ բանի մասին եմ ասում. միջազգային հանրության համար, մեծ հաշվով, այնքան էլ կարեւոր չէ (ես չեմ ասել, թե ընդհանրապե՛ս կարեւոր չէ. անմիջապես փոքր-ինչ խեղաթյուրել են ասելիքս), թե հատկապես ինչպես կլուծեք այս վեճը՝ Ղարաբաղը Հայաստանի՞ կազմում կլինի, Ադրբեջանի՞, թե՞ կդառնա անկախ պետություն։ Լեւոն Հակոբովիչը խոսում էր խնդրի չկարգավորվածության, իսկ ես՝ կարգավորման ուղիների մասին։ Իրոք այնքան կարեւոր չէ, թե ինչպես դուք՝ հակամարտող կողմերդ, կպայմանավորվեք, որքան կարեւոր է, որ դրա պատճառով չսկսվի նոր պատերազմ եւ նոր միջազգային լարում չլինի շատ պայթունավտանգ տարածաշրջանում։ Քանի որ, եթե վերսկսվեն ռազմական գործողությունները՝ դրանք այժմ ավելի ծանր կլինեն երկու երկրների ժողովուրդների համար, քան նախկինում։ Քանզի անցած 7-8 տարում իրոք ավելի են ամրապնդվել զինված ուժերը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Ղարաբաղում։ Պատերազմական գործողությունների ծավալը կարող է ավելի մեծ լինել, քան այն, ինչ եղել է։ Իսկ այն, ինչ եղել է, արդեն իսկ նախկին Խորհրդային Միության տարածքում առկա հակամարտություններից ամենախոշոր ռազմական գործողություններն էին։ Ուստի եւ, միջազգային հանրությունն ինքն իրեն պիտի ապահովագրի՝ ոչ միայն ձեզ, որ այս հակամարտության մեջ չսկսեն ներքաշվել այլ մասնակիցներ։

Կրկնում եմ, այս տարածաշրջանը շատ պայթունավտանգ է։ … Ըստ էության, իմ ելույթների նպատակն էր՝ ցույց տալ, թե կարգավորման իրական, առարկայական բարդություններից զատ, որքան հավելյալ ենթակայական խոչընդոտներ են հարուցվում։ Դա էլ կարելի է ինչ-որ կերպ հասկանալ։ Բայց ինչքա՜ն շատ արյուն է թափվում Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհին հարուցված արհեստական խոչընդոտների՝ քաղաքականադիվանագիտական այդ զիբիլի, փուչ, որեւէ մեկին ոչ պետքական եւ միայն խանգարող բուտաֆորիայի, քարոզչական այս աղբի պատճառով։

– Դուք նշել էիք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները խրախուսում են ենթակայական այդ գործոնները։

– Դե, նրանք իրենք էլ, ինչ-որ չափով, ենթակայական այդ գործոնների զոհն են։ Բայց արհեստական խոչընդոտներ հարուցելու պարագայում նրանք ուղղակի մեղավոր են։

– Ո՞ր արհեստական խոչընդոտները նկատի ունեք։

– Նման խոչընդոտներից մեկն, ասենք, վերոհիշյալ բուտաֆորիան է։ Մի օրինակ. երկար ժամանակ վիճում էին՝ արդյոք Ղարաբաղը հակամարտության կո՞ղմ է։ Նախ Երեւանն էր, կներեք կոպիտ արտահայտությանս համար, հիմարություն անում՝ պնդելով, թե հակամարտությունն իբր միայն Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ է եւ ինքն իբր կապ չունի։ 1992-93-ից քիչ ջանքեր չգործադրեցինք, որ Հայաստանի ներկայացուցիչներին լուրջ զրույցի մեջ ներքաշենք, որ մի կողմ չքաշվեն ու ձեւ չանեն, թե կապ չունեն այս ամենի հետ։ Չէ՞ որ մենք գիտեինք իրավիճակը, որ Հայաստանը ոչ միայն բարոյապես, քաղաքականապես ու տնտեսապես է օգնում Ղարաբաղին, այլ նաեւ իր ռազմական միջոցներով։

Երբ ի վերջո հասանք նրան, որ Հայաստանը հայտնվեց բանակցությունների սեղանի մոտ՝ Ադրբեջանը սկսեց հիմարություն անել ու պնդել, թե իր հակամարտությունը միայն Հայաստանի հետ է՝ Ղարաբաղը կապ չունի։ Մի՞թե այս ամենը լուրջ է…

Մեկ այլ նման արհեստական խոչընդոտ էլ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքներով «սուսերամարտն» է։ Սա անհեռանկար ճանապարհ է՝ չի կարելի հույսեր կապել այն վեճի հետ, թե այս երկու սկզբունքներից ո՛ր մեկն է կարեւոր։ Հելսինկյան եզրափակիչ արձանագրության բոլո՛ր 10 սկզբունքները պիտի համալիր ընկալվեն եւ ոչ թե միայն այդ երկուսը՝ առանձին-առանձին։ Չի կարելի այդ 10-յակից դուրս քաշել դուրեկան սկզբունքը եւ մի կողմ թողնել պակաս դուրեկանը կամ անդուրը (նույնը կատարվում է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների պարագայում)։ Իսկ ինչո՞ւ են այդ երկուսն ավելի կարեւոր, քան երկու այլ՝ հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու եւ ուժի չգործադրման սկզբունքները։

– Երկու կողմն էլ հայտարարել են այդ սկզբունքներին իրենց հավատարմության մասին։

– Աստված տա։ Բայց ինչ է, չե՞ք զգացել ուժի գործադրման սպառնալիքը վերջին ամիսներին։ Բազմի՛ցս։ Հիմնականում այդ սպառնալիքները հնչում էին Բաքվից, բայց երբեմն նաեւ հայերն էին նման բաներ ասում՝ զսպելու համար որոշ «տաքգլուխների»։ Սակայն պետք է հասկանալ, որ սկզբունքների շուրջ բոլոր բանավեճերը չեն փարատելու վիճելի հարցերի էությունը։ Սրանք շրջանակային բանավեճեր են՝ նկարն այլ է։ Պետք է լուծել այն հարցերը, որոնք արտացոլված են նկարում։ Եվ վերջապես՝ մի՞թե Ղարաբաղի հակամարտությունն ունենալու է իրավական լուծում։ Ո՛չ, լուծումն, իհարկե, լինելու է քաղաքական։ Բնականաբար, իրավական ասպեկտների որոշ հաշվարկով։ Բայց առնվազն միամտություն է ենթադրելը, թե որոշումն ընդունվելու է այս սկզբունքներից որեւէ մեկի հիման վրա։ Չէ՞ որ իրավական ասպեկտներն էլ են հակասական։ Ուստի հարկ է դադարեցնել սկզբունքներով այս «սուսերամարտը». սա դատարկ զբաղմունք է։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031