Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արտա՛շ, պի՛նդ կաց»

Մայիս 11,2002 00:00

«Արտա՛շ, պի՛նդ կաց» «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը նույնիսկ երեք կուսակցությունների (ՀԺԿ, «ԱՄ» եւ «Հանրապետություն») համագործակցության ամենաբուռն վերելքի պահին (հոկտեմբերի 26-ի հանրահավաքը Մատենադարանի մոտ) չէր խուսափել իրեն գերադասելուց։ Թեպետ երեք կուսակցությունները որոշել էին, որ որեւէ մեկի առաջնորդն ընդգծված չի առանձնանալու, սակայն Գեղամյանի կողմնակիցներն իրենց հետ այս նյութի վերնագիր դարձած կոչի ոգով բազմաթիվ պաստառներ էին բերել հրապարակ։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Արտաշես Գեղամյանը կրկին աներկբա հայտարարեց, որ երբ Գյումրիի բնակչության հետ իր եւ Ալեքսան Կարապետյանի հանդիպման ժամանակ հնչել է նախագահի թեկնածուի (հասկանալի է՝ իր) անունը, ամբողջ դահլիճը պարզապես պայթել է ծափերից։ Ի դեպ, պրն Գեղամյանն ասուլիսի ժամանակ ցուցադրում էր Գյումրիի եւ Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցած հանդիպումներից հատվածներ, որոնք ապացուցում էին «ԱՄ» ղեկավարի ասածները։ Գյումրեցիների, այնուհետեւ նաեւ երիտասարդների հետ հանդիպումների ընթացքում համոզմունք է հայտնվել, թե Հայաստանը կարող է փրկել Ա. Գեղամյանը։ Այս նվիրական գործին անցնելու ճանապարհին երեկ պրն Գեղամյանը հանդես եկավ մի քանի հայտարարությամբ։ Նախ, նա խնդրեց, որպեսզի լրատվամիջոցները չաղավաղեն իր ասածները։ Հիշեցնենք, որ Գյումրիի հանդիպման ժամանակ երեք կին փորձել են խանգարել հանդիպումը, որը, ի դեպ, որոշ լրատվամիջոցներ խիստ ծաղկացրած ներկայացրին։ Գեղամյանի ներկայացմամբ, իրականում այդ կանայք որեւէ բան չեն կարողացել անել, ժողովուրդը դատապարտել է նրանց եւ ամոթանք է տվել այն մարզպետին եւ քաղաքապետին, որոնք թաքնվել են այս կանանց փեշի տակ։ «Ազգային միաբանություն» կուսակցությունն առայժմ ձեռնպահ է մնալու հանրահավաքներին մասնակցելուց, քանի որ, կուսակցության կարծիքով, իրենց առայժմ հաջողվում է ներկայանալ ավելի մեծ լսարանի, քան՝ 20 հազարանոց հանրահավաքներն են։ Կուսակցությունը թեպետ մաս չի կազմում ընդդիմադիր 13 կուսակցություններին, սակայն երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով իր համերաշխությունը հայտնեց այս կուսակցություններին՝ կապված իշխանափոխության հետ. «Այն համահունչ է 2001 թ. սեպտեմբերի 7-ի՝ «ԱՄ»-ի, «Հանրապետության» եւ ՀԺԿ-ի հայտարարությանը՝ Ռ. Քոչարյանին պաշտոնանկ անելու մասին։ Նպատակը մեկն է՝ երկիրը փրկել ոչ լեգիտիմ նախագահից եւ անօրեն իշխանություններից»։ Հայտարարության մեջ «ԱՄ»-ը կոչ է անում պատգամավորներին՝ միանալ «ԱՄ»-ի, «Հանրապետության», ՀԺԿ-ի եւ մյուս կուսակցությունների նախաձեռնությանը եւ ստորագրել Ռ. Քոչարյանի պաշտոնանկությունը պահանջող փաստաթղթի տակ։ Բնական հարց է ծագում, թե ինչու հատկապես երեկ՝ 13-ի հանրահավաքից առաջ Ա. Գեղամյանը որոշեց համագործակցության մի նոր տպավորություն ստեղծել։ Վստահ ենք, այս հարցի պատասխանը շատ շուտով պարզ կդառնա։ Արտաշես Գեղամյանը հայտարարեց նաեւ, որ իր կուսակցությունը դիմում է հղել ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին՝ այն մասին, որ փակելով «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները, Ռոբերտ Քոչարյանը ՀՀ բնակչությանը զրկել է օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ Իսկ այլ հեռուստաընկերությունները պարզապես աղավաղում են փաստերը, ինչպես աղավաղեցին Ա. Գեղամյանի եւ Ա. Կարապետյանի հանդիպման լուսաբանումը Գյումրիում։ Ա. Գեղամյանը դիվանագիտական ներկայացուցչություններին է ուղարկել նաեւ հանդիպումների տեսագրությունները։ Եզրակացությունը մեկն է՝ ՀՀ-ում ոտնահարվում են մարդու իրավունքները եւ տեղի ունեցող օրինազանցությունների հետեւանքով «առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների, հանրապետության նախագահի եւ ԱԺ ընտրությունների ժամանակ ընդդիմությունը զրկված է լինելու իր կարծիքը եւ խոսքը ժողովրդին հասցնելու իրավունքից։ Դրանով այսօր ՀՀ-ում դրվում են բռնատիրական հասարակարգ հաստատելու հիմքերը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել