Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ

Մայիս 11,2002 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ Նախագահ Քոչարյանի վարչախումբը գերագնահատել էր իր եւ «մեր դեմ խաղ չկա» կարգախոսի ուժը: «Ա1+» հեռուստաընկերության փակումը, թերեւս, ճակատագրական է լինելու իշխող ռեժիմի համար: Վերջինիս ազատ խոսքի եւ մարդու իրավունքների դեմ օրինականության շղարշով սանձազերծած պատերազմը, ինչպես եւ պետք էր ակնկալել, երկսայր սրի նման ուղղվեց իշխանությունների դեմ: 37 հաճախականությունը «Ա1+»-ին վերադարձնելու հասարակական շարժումը բնականոն հունով վերափոխվեց իշխող ռեժիմից անհապաղ ազատվելու պահանջի: Արդեն քանի շաբաթ է, Ազատության հրապարակում ընդդիմադիր 13 կուսակցություններ՝ հասարակության մի ստվար հատվածի աջակցությամբ, բազմահազարանոց հանրահավաքներ են անցկացնում՝ հենց այդ պահանջով՝ բացառապես դրանով պայմանավորելով եւ «Ա1+»-ի վերադարձը եթեր, եւ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը, եւ երկրի սոցիալ-տնտեսական եւ ներքաղաքական ճգնաժամային իրավիճակի շտկումը եւ այլեւայլ հիմնախնդիրների լուծումը: Հակառակ սպասումների՝ երեկ Ազատության հրապարակում 13 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքն ավելի բազմամարդ էր, քան՝ նախորդ անգամ: Իշխանություններն էլ համարժեք քայլեր էին ձեռնարկել նրանց նախատեսած երթը խոչընդոտելու համար: Պայմանավորվածություն կար, որ հանրահավաքը շարունակվելու էր երթով՝ դեպի ԱԺ: Հենց այստեղ էլ Դեմիրճյան փողոցի վրա կենտրոնացվել էին ոստիկանական ուժերը, որ իրենց հետ բերել էին նաեւ ճապոնական ապրանքային դրամաշնորհով եւ ֆերմերների հողատարածքները ցանցապատելու համար ստացված փշալարեր՝ երթը կասեցնելու նպատակով: Առաջ անցնելով ասենք, որ դրանք այդպես էլ գործի չդրվեցին, թեեւ ՀՀ Գլխավոր դատախազությունը զգուշացրել էր, թե չարտոնված երթի դեպքում համարժեք գործողություններ կկիրառվեն: Վերադառնալով հանարահավաքին՝ նշենք, որ ելույթ ունեցող առաջին գործիչը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ատենապետ Ջորջ Հակոբյանն էր, որը հայտարարեց. «Միանգամից ուզում եմ ասել, որ այս վարչախումբն անհուսալի է»: Նա հարկ համարեց պատասխանել իշխանամետ քարոզչամիջոցների այն մեղադրանքներին, թե ընդդիմությունը «Ա1+»-ի հարցը քաղաքականացնում է, եւ ընդգծեց, որ ժամանակին այդ հարցը դարձել է դատական քննարկման առարկա, օրենսդիրները խնդիրը քաղաքական եւ օրենսդրական ճանապարհով լուծելու փորձեր են արել ԱԺ-ում՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը վերանայելու հարց բարձրացնելով, բայց՝ ապարդյուն: «Հարցն ի սկզբանե իշխանություններն իրենք են քաղաքականացրել: Հիմա մենք դա պետք է տնտեսականացնե՞նք: Մենք քաղաքական ուժեր ենք եւ պետք է քաղաքական պայքար տանենք այս երկրում օրինականություն հաստատելու եւ օրինական իշխանություններ ձեւավորելու համար»,- նկատեց Ջ.Հակոբյանը: Նա հայտարարեց, որ հակառակ որոշ քարոզչամիջոցների գործադրած հնարքների ու հնչակների անունից արվող հայտարարությունների՝ ՍԴՀԿ-ն այսօր կանգնած է ժողովրդի կողքին՝ պահանջելով Ռ.Քոչարյանի պաշտոնանկությունը: ՀԺԿ անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանն էլ ելույթում ընդգծեց, թե իշխանությունները կաթվածի մեջ են, որովհետեւ Ազատության հրապարակում ավելի շատ մարդ կա, քան նախորդ անգամ: «Նրանց հույսերը խափանեցիք»,- հավաքվածներին դիմեց ԱԺ պատգամավորը եւ հայտարարեց, թե այսօր խնդիրը ոչ թե մեկ հոգուց, այլ վարչախմբից՝ կառավարությունից, ԱԺ-ից, ազատվելն է: Անդրադառնալով ԱԺ-ում առայժմ կիսով չափ ընդունված «Զվարթնոց» օդակայանի պայմանագրին՝ հայտարարեց, թե ժողովուրդը պետք է օգնի դա կանխել. «Եթե մենք միասին լինենք եւ լինենք վճռական՝ կհասնենք արդյունքի»: Նա օրինակ բերեց ԱԺ նախորդ նիստերի ընթացքում ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած փոքր ցույցը եւ նկատեց. «Երբ այնտեղ հավաքվել էր 500 հոգի, պատգամավոր կար, որ ԱԺ-ից մեքենայի «բագաժնիկում» թաքնված դուրս եկավ: Եթե 500 հոգին դառնա 10-25 հազար, հո բոլորը «բագաժնիկում» չե՞ն թաքնվելու: Այնպես որ՝ ամեն ինչ մեզնից է կախված: Վստահ եղեք ձեր ուժերին, եւ եթե մենք վճռական լինենք՝ անպայման կհաղթենք»: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ հատուկ ընդգծեց հասարակության ակտիվության դերը երկրում օրինականություն հաստատելու իմաստով: Նա շեշտեց, որ բոլոր երկրներում ժողովուրդն է ոտքի կանգնում իր հարցերը լուծելու: Երբեք այնպես չի լինում, որ առանց ժողովրդի ոտքի կանգնելու հարցերն իրենք իրենց լուծվեն: Ըստ նրա, Ռ.Քոչարյանին տրված էր պատմական մեծ շանս. չնայած նա հաստատ ընտրված նախագահ չէր, բայց իրավիճակ էր ստեղծվել, երբ կարող էր պետության կայացման մի քանի սկզբունք հետեւողականորեն իրականացնել. «Չիրականացրեց՝ դուրս է գալու: Որքան էլ թերահավատ լինենք, թե ընտրությունները կեղծվելու են, միեւնույն է՝ ինքը չի մնալու նախագահ»: Այս միտքը բավական էր, որ Ազատության հրապարակում հավաքվածները բուռն ծափահարեին: Վերջիններս հատկապես ջերմ ընդունեցին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին. «Ասել, թե այս իշխանությանն այլընտրանք չկա, նույնն է թե, ասել՝ այլընտրանք չկան անօրինականություններին, համատարած կոռուպցիային, կամայականություններին, արտագաղթին: Ձայն չհանել, համակերպվել, նշանակում է՝ համակերպվել այս իշխանությունների հետ եւ ապրել ստորաքարշ կյանքով: Բայց այսօր տեսնում ենք, որ հասարակությունը չի ուզում համակերպվել եւ հենց ինքն է պահանջում այդ այլընտրանքը»: Նա ընդգծեց արդար ընտրությունների անցկացման ու օրինական իշխանության հաստատման անհրաժեշտությունը. «Մենք դրան հասնելու ենք, եւ ժողովուրդն է դա պահանջում: Ա՛յ, դրան այլընտրանք չկա»: Հանրահավաքն ավարտվեց երթով՝ դեպի ԱԺ: Խորհրդարան, նախագահի նստավայր տանող բոլոր ճանապարհներն ու հարակից տարածքներն արգելափակված էին: Բարեհաջող եւ առանց միջադեպերի տեղի ունեցած երթից հետո բազմությունը կրկին հավաքվեց Ազատության հրապարակում եւ դիտեց «Ա1+»-ի «Այբ-Ֆե» եւ «Մամուլի տեսություն» ծրագրերը: Վերջում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը հայտարարեց, որ այսօրվանից նստացույց է սկսվում մինչեւ երեքշաբթի: Իսկ մայիսի 14-ին կրկին հանրահավաք կլինի, որի մասնակիցները կշարժվեն ԱԺ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել