Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշադրություն՝ տոնի նախաշեմին

Մայիս 10,2002 00:00

Անուշադրություն՝ տոնի նախաշեմին Մայիսն ի վերուստ հայերիս համար եղել է հաղթանակների, լինելության, ինքնահաստատման ու ավարայրների ամիս։ Եվ պատահական չէր, որ մեզանում հայտնի նախկին օդաչու, 52-ամյա Արշավիր Սահակյանը (առաջին խմբի հաշմանդամ, 1 աչք, 1 ձեռք, 1 ոտք) իր երկրորդ կյանքի երազական պարաշյուտային երկրորդ թռիչքն ուղղաթիռից (1200մ բարձր.) Սեւանա լճի վրա կատարեց մայիսի 9-ին՝ կրկնակի տոնի նախօրեին, ի փառս մարտիրոսված զինվորների, հայրենյաց պաշտպանների անմահ հիշատակի, կրկնելով իր իսկ սահմանած նախկին աննախադեպ՝ 1998թ. սեպտեմբերի 12-ի ռեկորդը։ Միջոցառումը սպորտային չէր եւ ոչ էլ թատերականացված, պարզապես հոգու կանչով անմահներին հարգանքի տուրք մատուցելու, մեր հաղթանակները յուրովի նշելու փորձ էր, որին մասնակցեցին Շուշիի ազատագրման ու հայրենյաց սահմանների պաշտպան երբեմնի մարտիկները (ցավոք, նրանցից շատերն այսօր հաշմված են), նրանց հարազատներն ու մտերիմները, հյուրեր։ Սարսափեցնելով երեխաներին, ուղղաթիռն օդ բարձրացավ, մի քանի պտույտ գործեց կապուտաչյա Սեւանի վրա ու անհրաժեշտ բարձրությունից բաց թողեց միակ պարաշյուտիստին (նախորդ թռիչքին ընկերակցում էին եւս 3-ը)՝ հայոց Եռագույնը պարզած։ Եվս մի քանի րոպե, եւ բարեհաջող թռիչքն ավարտված էր… Մոտ 4 րոպե տեւած երանելի թռիչքի բերկրանքը վայելեցին ափին հավաքվածները։ Սեւանի սառը կոհակների մեջ (ջրի ջերմաստիճանը 5 աստիճան էր) լողացող պարաշյուտիստին մոտեցավ մոտորանավակը, ուր ընկերների, լրագրողների հետ էր նաեւ պաշտոնական բազմաթիվ հրավերների միակ արձագանքողը՝ Ուկրաինայի դեսպանի խորհրդական Յուրի Լազեյբնիկը։ Նա հիացած էր հայ մարդու արիությամբ եւ թռիչքն համարեց աննախադեպ ու արժանի Գինեսի գրքին։ Թռիչքից հետո նախկին ազատամարտիկները լրագրողներին տեղեկացրին, որ մայիսի 8-ին ոտքով ճանապարհվում են Շուշի՝ երանի տալով այն հային, որ Մասիսի գագաթից կտեսնի ազատ ու անկախ Հայաստանը։ Թեեւ խանդավառված ազատամարտիկները միաբերան պնդեցին՝ թե վտանգվի հայրենին, վաղն էլ կմեկնեն մարտի, այդուհանդերձ, անթաքույց ցավով նկատեցին, որ անկախության առիթով շատերին են պարգեւատրում, իսկ իրենք անուշադրության են մատնված։ Ի դեպ, միջոցառմանը հրավիրված վարչապետը, քաղաքապետը, բազմաթիվ նախարարներից, փոխնախարարներից ու 4 թաղապետերից ոչ մեկը չէր բարեհաճել արձագանքել հրավերին։ Միջոցառումը հարկ չհամարեցին լուսաբանել նաեւ հեռուստաընկերությունները՝ պատճառաբանելով, թե զբաղված են Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումներով (տեղեկացված էին, որ ավտոբուս է տրամադրվում)։ Եվ փորձենք հասկանալ ու պատասխան տալ հաշմանդամ ազատամարտիկների հարցին՝ մենք այստեղ էինք, իրենք ո՞ւր էին գնում… ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ Սեւան-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031