Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարզաբանում

Մայիս 10,2002 00:00

Պարզաբանում Հարգելի խմբագրություւն, Ձեր թերթի նախորդ համարում (07.05.2002) «Մանր ձեռնարկությունները կայուն պետության գրավականն են» հոդվածում տեղ են գտել, մեղմ ասած, անճշտություններ: Մեզ թույլ ենք տալիս այդ ամենը վերագրել հարգարժան Ռուբեն Չիլինգարյանի եւ Համլետ Նիկողոսյանի չիմացությանը՝ իրենց իսկ ներկայացրած թեմայի վերաբերյալ։ Հետեւաբար հարկ ենք համարում եւս մեկ անգամ տեղեկացնել՝ ա) արժեթղթերի կենտրոն չէ, ինչպես նշված է հոդվածում, այլ ՀՀ արժեթղթերի հանձնաժողով, որի առաքելությունը, ի դեպ, հենց ՄԱՆՐ բաժնետերերի շահերի պաշտպանությունն է: բ) ԲԲԲ-ները իրենց արժեթղթերի գրանցման հայտարարագիրը պարտավոր են ներկայացնել գրանցման ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում կամ Հայաստանի ֆոնդային բորսայում, բայց ոչ թե կառավարության որոշման համաձայն, այլ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, իսկ օրենքները, ինչպես գիտեք, պարտադիր են կատարման բոլորի համար: Ընդ որում, արժեթղթերի գրանցման համար պետք է վճարել ոչ թե 60 հազար դրամ, այն էլ Ձեր որակմամբ՝ արժեթղթերի կենտրոնին, այլ վերոնշյալ օրենքի համաձայն՝ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում գրանցվելու համար սահմանված 50 հազար դրամի պետական տուրքը, իսկ Հայաստանի ֆոնդային բորսայում գրանցվելու համար՝ 25 հազար դրամ պետական տուրք: Երկու դեպքում էլ, օրենքի համաձայն, գանձված պետական տուրքերը մուտքագրվում են պետական բյուջե: Ընկերությունը տարեկան ֆինանսատնտեսական հաշվետվության վերաբերյալ պարտավոր է աուդիտ իրականացնել դեռեւս 1996թ. ընդունված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անկախ այն հանգամանքից այդ ընկերությունը որպես հաշվետու թողարկող պարտավո՞ր է գրանցել արժեթղթերը, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է Ձեր այն մտահոգությանը, թե «բաժնետոմսերի ռեեստրը վարելու համար պետական դեպոզիտարիային պետք է վճարել տարեկան 192 հազար դրամ»՝ ելնելով հանձնաժողովի առաքելությունից. պաշտպանել մանր բաժնետերերի շահերը, հարկ ենք համարում ընդգծել, որ ընկերության ռեեստրի վարումը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում ուղղված է հենց բաժնետերերի շահերի պաշտպանությանը: Ընկերությունում ռեեստրը վարելու դեպքում կառավարման մարմինները կարող են կամայականություններ դրսեւորել, որի հետեւանքով, դուք՝ սիրելի բաժնետերեր, կարող եք զրկվել Ձեր սեփականությունից, իսկ դեպոզիտարիան Ձեր արժեթղթի անձեռնմխելիության երաշխավորն է: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ նաեւ Ձեր հոդվածում նշված ռեեստրավարման ծառայությունների դիմաց գանձվող գումարի չափի առումով՝ եւս մեկ անգամ հրապարակում ենք ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում գրանցված «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով» սահմանված սակագնի առավելագույն եւ նվազագույն չափը. մինչեւ 50 գրանցված սեփականատեր ունեցող ընկերությունը ամսական վճարում է 2000 դրամ, 1500-ից մինչեւ 2000 գրանցված սեփականատեր ունեցողը՝ 39000 դրամ։ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի հասարակայնության հետ կապի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել