Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՆ-Ի ՆՈՐ ԲԱՐԵԿԱՄԸ

Մայիս 10,2002 00:00

ՀՖՆ-Ի ՆՈՐ ԲԱՐԵԿԱՄԸ Ռեգինա Պարգեւը փորձում է ապացուցել Զարմանալի բան է հայրենիքի կանչը. ապրում է մարդու ներսում կենդանի արարածի նման, եւ ոչնչով խլացնել հնարավոր չէ այն։ Երբեմն մարդ գնում է ընդառաջ այդ ձայնին՝ ճանապարհին արհամարհելով ամեն խոչընդոտ։ Քանիցս հնչած այս մտքին մենք կրկին «բախվեցինք», հանդիպելով RP Musical Management LTD-ի տնօրեն, լոնդոնաբնակ մեր հայրենակցուհի Ռեգինա Պարգեւին։ Շատ դժվար է (եթե ոչ՝ անհնար) իբրեւ հայ Հայաստան աշխարհից դուրս ապրելն ու ստեղծագործելը, երբ նույնիսկ ակնհայտ իրողություններն ես հաճախ ստիպված լինում ապացուցել։ Օրինակ, Ռ. Պարգեւը ցավում է, որ «մեծանուն Արամ Խաչատրյանին Եվրոպայում մինչեւ այժմ ճանաչում են որպես ռուս կոմպոզիտոր։ Դուք ինձ ճիշտ հասկացեք, հարգում եմ ռուս արվեստագետներին, բայց, չգիտես ինչու, նույնիսկ մեր օրերում հարկ է լինում ուրիշներին ապացուցելու մեր հայրենակցի հայ լինելը»։ Նկատենք, որ սա ժամանակի եւ ինչ-որ չափով բոլորիս մեղքն է։ Տիկին Ռեգինան առաջին անգամ է հայրենիք ժամանել որպես երաժշտական մենեջեր, թեպետ նրա հովանավորությամբ Լոնդոնի հեղինակավոր համերգասրահներում արդեն ելույթներ են ունեցել Աննա Սարաջյանը, Ալեքսանդր Չաուշյանը, Արմեն Բաբախանյանը, Հասմիկ Հացագործյանը, Վահագն Պապյան- Վահրամ Սարաջյան- Մաքսիմ Վենգերով տրիոն եւ համաշխարհային այնպիսի անուններ, ինչպիսիք են Թոմաս Քերըլը, Ինգա Պլատոնովա-Գոլդսմիթը, Ռիչարդ Ջուն եւ այլք։ Մայիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ռեգինա Պարգեւը եւ ՀՖՆ-ի տնօրինությունը առաջին անգամ հայ ունկնդրին կներկայացնեն Ռաֆալ Զամբրզիշկի-Փեյնին (Մեծ Բրիտանիա)։ Կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի եւ նվագախմբի կոնցերտը։ Հենց այս կոնցերտի կատարման համար է երիտասարդ ջութակահարը 1996թ. նվաճել BBC-ի՝ տարվա երիտասարդ երաժշտի տիտղոսը եւ առաջին մրցանակը։ Ի դեպ, Ռեգինա Պարգեւը դեռ 3 տարի առաջ է սկսել նախապատրաստվել Ա. Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին (այսպես է կարգը Եվրոպայում եւ աշխարհի առաջադեմ երկրներում)։ Եվ դեռ այն ժամանակ Մստիսլավ Ռոստրոպովիչի եւ Մաքսիմ Վենգերովի հետ բանակցությունների արդյունքում որոշվել էր Երեւանում հանդես գալ Ա. Խաչատրյանի Ջութակի կոնցերտի կատարմամբ։ Բայց քանի որ 2003թ. Մ. Վենգերովը պետք է ձայնագրի այս կոնցերտը, չի կարող ժամանել Երեւան (աշխարհահռչակ երաժիշտները իրենց ծրագրերը կազմում են 3 եւ ավելի տարի առաջ անցնելով)։ Ռ. Պարգեւը մեզ տեղեկացրեց նաեւ, որ Ա. Խաչատրյանի Կոնցերտի կատարման համար ինքը հատուկ է ընտրել երիտասարդ ջութակահարին. «Լոնդոնի հայկական համայնքը Ռաֆալին նույնիսկ Ռաֆիկ է անվանում։ Գիտե՞ք ինչու, որովհետեւ ասում են՝ այդպիսի «Կռունկի» մեկնաբանը անպայման հայ պետք է լինի»։ Ինչ վերաբերում է երիտասարդ ջութակահարին, ապա նա հայտնի նվագախմբերի ընկերակցությամբ հանդես է եկել Barbisan Hall, Purcell Room, Wigmone Hall եւ այլ նշանավոր համերգասրահներում, իսկ անցյալ տարի մասնակցել Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունման 1700-ամյակի եւ բոլորովին վերջերս՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգներին։ Ըստ Ռեգինա Պարգեւի. «Վերջին անգամ Ռաֆալը Ջութակի կոնցերտը կատարել է մարտի 23-ին, Լոնդոնում, արժանանալով խիստ երաժշտական քննադատների լավ արձագանքներին»։ «Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները հրաշալի են ընդունվում անգլիացիների կողմից։ Երաժշտությունը համամարդկային լեզու է, եւ իմ ժողորվդի արվեստը, շատ կցանկամ ու կջանամ ներկայացնել Անգլիայում, ներկայացնել հայ կոմպոզիտորներին ու կատարողներին»,- ասում է անգլահայ մենեջերը։ Երեւանյան այս համերգը լոնդոնաբնակ հայ տիկնոջ եւ ՀՖՆ-ի տնօրինության առաջին համագործակցությունն է։ Մեր զրույցի ավարտին տիկին Ռեգինան նաեւ ոգեւորված ասաց. «2003-ին՝ Արամ Խաչատրյանի տարում, համոզված եմ, որ Հայաստանի ֆիլհարմոնիկը «կգրավի» լոնդոնյան գեղեցիկ համերգասրահներից մեկը, ինչի ուղղությամբ ես արդեն սկսել եմ աշխատել»։ Միանալով մեր հայրենակցուհու ազնիվ ցանկությանը, մենք եւս ուզում ենք հուսալ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված Արամ Խաչատրյանի տարին ոչ միայն փառահեղ կանցնի, այլեւ մեկընդմիշտ վերջ կդնի մեծ կոմպոզիտորի ծագման վերաբերյալ տիրող ոչ ճիշտ մտայնությանը։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել