Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազությունը բացահայտում է

Մայիս 10,2002 00:00

Նաեւ արդարացնում է, իսկ հետո՞

– 1997թ. դեկտեմբերի 8-ին, աշխատանքի պահին, իմ առանձնասենյակ եկան Զինդատախազության մարդիկ, որոնց չէի ճանաչում։ Հրավիրեցին ԶԴ, թե «հարց կա պարզաբանելու»։ Իմ ավտոմեքենայով գնացի ԶԴ։ Ձեռքիս հեռախոսը վերցրին, իբր տեղ են ուզում զանգել, նկատեցի, որ իրենք ունեն։ Օպերատիվությունն արդեն սկսված էր։ ԶԴ-ում թղթեր ցույց տվեցին, որոնցում արտասահմանից ՊՆ-ի կարիքների համար ներկրվող մսի գինը գրված էր 60 ցենտ, այն դեպքում, երբ կար պայմանագիր, որտեղ գինը ֆիքսված էր 1.40 ԱՄՆ դոլար, որն էլ հիմք էր հանդիսանում այդ գործարքների համար, հետեւաբար այդ 60 ցենտը չէր բավականացնի նույնիսկ փոխադրումների ծախսերին։

Ծիծաղելի էր եւ անտրամաբանական։ Սակայն կար պայմանագիր, որտեղ գինը ֆիքսված էր, պայմանագիրն էլ կնքել էր ՊՆ-ն։ Կարծեցի բացատրություններս բավարար են, սակայն պարզվեց, որ պիտի ապացուցեի, որ երկրագունդը կլոր է։ Չէին թողնում գոնե կապ հաստատել ուղարկողների հետ։ Երեկոյան տունը խուզարկեցին։ Մոմերի լույսերի տակ։ 10-12 հոգով։ Մեջբերում Գլխավոր դատախազության եզրակացությունից. «Առանց բավարար ապացույցներ ձեռք բերելու՝ քննիչ Վ. Կոսակյանի որոշմամբ Գ. Գրիշյանը ձերբակալվել է 70 հազար ԱՄՆ դոլարի յուրացում կատարելու կասկածանքով»։

– Ման եկան, ոչինչ էլ չգտան։ Չիմացա, թե ինչ են փնտրում։ Հետո ԶԴ-ում ասացին՝ տարբերություն կա՝ 43 հազար դոլարի իբր թե վնաս, բեր մուծի՝ նախաքննություն կանենք։ Մտա զինդատախազի մոտ։ Պարտք եմ արել, փողը վերցրին, բայց… կալանավորեցին։ Դեկտեմբերի 12-ին տարան ՌՈ մեկուսարան։ Հետո իմացա, որ «տարվել» եմ ՌՈ… դեկտեմբերի 18-ին։ Մեջբերում գլխավոր դատախազության եզրակացությունից. «Նույն որոշումներում 18.12.97թ. քննիչ Վ. Կոսակյանը անհիմն որոշում է կայացրել Գ. Գրիշյանին ՀՀ քրօր 90 հոդ. 4-րդ մասով որպես մեղադրյալի քրպատասխանատվության կանչելու մասին»։

– Մինչեւ դեկտեմբերի 31-ը եղել եմ մեկուսարանում։ Կինս եւ քննիչ Ա. Բաբայանը եկան ինձ տարան… ԶԴ։ Հարցաքննություն չեղավ։ Մի քանի օր հետո իմացա, որ կինս մուծել է 150 հազար դոլար, պարտք վերցրել, գրավ դրել։ Մեջբերում գլխավոր դատախազության եզրակացությունից. «Մեղադրյալի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ զինդատախազ Գ. Ջհանգիրյանի 31.12.97թ. գրության հիման վրա ռազմական ոստիկանության վարչության մեկուսարանից ՀՀ ԶԴ է տեղափոխվել կալանավոր Գ. Գրիշյանը, սակայն վերջինիս մասնակցությամբ քննչական գործողություններ ընդհանրապես չեն կատարվել եւ միայն հունվարի 8-ին նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվել է, որի կատարման մասին քննչական մեկուսարանը իրազեկ չի պահվել, բայց 8 օր Գ. Գրիշյանը որտեղ է պահվել՝ գործի տվյալներից չի երեւում»։

– Չգիտեի, թե այդ պահին ինչ ստատուս ունեմ։ Գիտեի, թե արդեն դուրս եմ եկել։ Գնացի ԶԴ՝ գումարների ճակատագրով զբաղվելու։ Ետ տալու փոխարեն եւս 50 հազար դոլար պահանջեցին։ Մեջբերում Գլխավոր դատախազության եզրակացությունից. «Քննիչը գնահատական չի տվել Գ. Գրիշյանից ու նրա հարազատներից 193.200 ԱՄՆ դոլարի ավել գումար գանձելու… հարցերին, որով եւ թույլ է տրվել ՀՀ նախկին քրդատօրի 72 հոդ. պահանջների խախտում»։ – Հասկացրին, թե նորից կալանավորելու են։ Ստիպված գրեցի, որ 50 հազար դոլար պարտավորվում եմ նորից տալ։ Ինչի՞ համար։ Միայն նրա, որ ազատ լինեմ, իջնեմ իրենց մակարդակին ու ապացուցեմ, որ երկրագունդը կլոր է։ Այդ ընթացքում ՌՈ-ից աղմուկ են բարձրացրել, թե կալանավորն ո՞ւր է։ Այդ օրը ինձ որ բերել են, ոչ թե ազատել են, այլ բերել են «հարցաքննության»։ Մոռացել են… «դուրս գրել»։

Փոխգնդապետ Գ. Գրիշյանին առձեռն տալիս են իր իսկ խափանման միջոցը փոխելու մասին որոշումը, թե հասցրու Զինոստիկանություն։ Ճանապարհին էլ նա տեղեկանում է, որ «վնասը վերականգնել է 20 հազար դոլարի չափով»։ Իսկ ինչ եղավ մեր նախորդ հրապարակումներում ասված 193 հազար 200 դոլարը։ Կհարցնեք։ Ինչպես հարցնում է Գ. Գրիշյանը, որի մորից՝ Կլաշա Գրիշյանի կողմից «Կոնվերսբանկում» գրավ դրված «Հոնդա» ավտոմեքենան է առգրավվել։ ԶԴ քննիչները կարո՞ղ են ասել։ Կամ ի՞նչ տրամաբանությամբ է այլ քաղաքացու պատկանող սեփականությունը, գրավի առարկա հանդիսացող (բանկում դրված), առգրավվում, եւ քննիչի 14.03.98թ. ստացականով հանձնվում ՊՆ-ին, շահագործման արդյունքում էլ 17 հազար դոլար արժողության մեքենայի շուկայական գինն ընկնում է եւ դառնում… 7,5 հազար։

– Հեռացվեցի ՊՆ-ից մայիսին, բայց ԶԴ մարտի կարճման որոշման մեջ արդեն նշել էին. «Քանի որ նա ազատված է զբաղեցրած պաշտոնից, նյութական վնասն էլ վերականգնված է…»։ Պահանջեցի նորից նախաքննություն. 2000թ. մարտից այն տեւեց մինչեւ հոկտեմբեր։ Պատկերացրեք, 1997թ. դեկտեմբերից մինչեւ 2000թ. մարտը ես եւ ընտանիքս ինչ օրեր ենք անցկացրել։ Իմ նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։ Ինչ որ կատարվել է՝ կատարվել է առանց քրգործ հարուցելու։ Կատարվածը քողարկելու նպատակով գոնե ԶԴ աշխատակիցները «բարեխիղճ» ձեւով ֆիքսել են իրենց հետագա քայլերը իմ նկատմամբ։ Այսպես, օրինակ, իրադրության փոփոխությամբ կարճման որոշման մեջ արդեն շորթած 193 հազար 200 ԱՄՆ դոլարի փոխարեն նշել են 20 հազար ԱՄՆ դոլար։ Որպեսզի 70 հազար իբրեւ թե հայտնաբերված վնասը հիմնավորեն, ինձնից վերցրել են եւս 50 հազար դոլարի պարտավորագիր։

Մեքենան քրգործով իրեղեն ապացույց չհամարվելու նպատակով, չեն կազմել առգրավման արձանագրություն, որից էլ բխել է թե՛ մեքենայի, թե՛ գումարների քննիչի կողմից կարճման որոշման մեջ գնահատական չտալը։

Արածը երեւան չգալու եւ մասսայականություն չգտնելու նպատակով միակ ելքը ինձ բարոյապես ոչնչացնելն էր։ Հետագա քայլը չուշացավ. ինձ աստիճանազրկեցին եւ հեռացրին աշխատանքից։

Գլխավոր դատախազությունը օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննություն է տարել (ՀԿԳ քննիչներ Արայիկ Թահվերդյան, Ռաֆիկ Հայրապետյան)… 2002թ. փետրվարին հանցադեպի բացակայությամբ կարճվել է գործը։ Առայժմ ես վարկաբեկված եմ։ Հո բոլորին չե՞մ կարող հատ-հատ պատմել, թե ինչ է կատարվել ինձ հետ…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031