Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆ ՈՒ ԽՈՐՈՎԱԾԱՆՈՑԸ՝ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ՞

Մայիս 10,2002 00:00

ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆ ՈՒ ԽՈՐՈՎԱԾԱՆՈՑԸ՝ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ՞ Ականատեսների խոսքերով, մի հեռուստատեսային հաղորդման մեջ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին հեռուստադիտողը հարց էր տվել, թե արդյոք Գրիգոր Լուսավորչի տաճարի հարեւանությամբ կառուցվող բենզալցակայանը վտանգ չի՞ ներկայացնում։ «Այն տաճարից բավական հեռու է գտնվում»,- հետեւել էր քաղաքապետի պատասխանը։ Պարզվում է, Մայր տաճարի հարեւանությամբ կառուցվող բենզինի լիցքավորման կայանը թվով չորրորդն է Վարդան Մամիկոնյանի արձանից մինչեւ տաճար ընկած հատվածում։ Եվ, անշուշտ, եկամտի մեծ ու կայուն աղբյուր կարող է հանդիսանալ որոշ մարդկանց համար։ Դեռեւս 2001թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ըստ Ե. Քոչարի 9 շենքի բնակիչների, ԱԺ նախկին պատգամավոր, «Աֆան» ՍՊԸ-ի տնօրեն Նվեր Չախոյանը անմիջապես շենքի դիմաց, մոտ 8-10մ հեռավորությամբ գտնվող տարածքում (որը նա «սեփականացրել» էր պատգամավոր եղած ժամանակ) սկսեց բենզալցակայանի ապօրինի շինարարություն։ Բնակիչները պատմում են. «Այդ ընթացքում Ն. Չախոյանի շինարարությանը կից «Արտաշի մոտ» հայտնի փոքրիկ խորովածանոցը վերակառուցվեց եւ վերաճեց մի մեծ արտադրամասի։ Որի երկու խոշոր ծխնելույզներից գիշեր ու ցերեկ արտանետվող ծուխն ու կրակի կայծերը ոչ միայն աղտոտում են օդը՝ բնակիչներին զրկելով դուռ ու պատուհան բացելու հնարավորությունից, այլեւ ազդում ծառահատված այդ տարածքի միկրոկլիմայի վրա։ Էլ չենք ասում, որ անհամատեղելի են բենզալցակայանն ու խորովածանոցը՝ կողք կողքի»։ Երբ բնակիչներից ամենախիզախները փորձել էին ճշտել շինարարության մասին մանրամասներ, Ն. Չախոյանը նրանց է ներկայացրել մի նախագիծ, համաձայն որի, կառուցվելիքը ավտոտեխսպասարկման կայան է եւ վտանգ չի ներկայացնում։ Իսկ 5-6 հազար լիտր տարողությամբ երկու ցիստեռններն էլ նախատեսված են ոչ թե բենզինի, այլ ջրի համար։ Բնակիչների հավաստմամբ, շինարարության հեղինակի կողմից խախտվել են բոլոր նորմերը, ինչպես նաեւ իրենց հանգիստը։ Նրանց խոսքերով, վերոհիշյալը անթույլատրելի եւ նույնիսկ հանցավոր գործարք է, իսկ փաստաթղթերում ձեւակերպված ավտոտեխսպասարկման կայանի մասին հեքիաթն էլ՝ ընդամենը աչքակապություն։ Բնակիչների՝ տարբեր ատյաններ հղած դիմումների պատասխաններից «Առավոտը» տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետի որոշմամբ «Աֆան» ՍՊԸ-ին Ե. Քոչարի եւ Հ. Քաջազնունու փողոցների հատման մասի հարեւանությամբ հատկացվել է 350 քմ հողատարածք՝ ավտոտեխսպասարկման կայան կառուցելու համար եւ ոչ թե բենզալցակայան։ Սակայն Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս. Կոտոլիկյանի ստորագրությամբ փաստաթղթում նաեւ նշվում է, որ շինարարական աշխատանքներն իրականացվում են առանց քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից համաձայնեցված նախագծի եւ Կենտրոն թաղապետարանի կողմից տրվող շինարարությունը սկսելու թույլտվության։ Որի համար նշյալ վարչությունը դիմել է Ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչություն՝ ձեռնարկել միջոցներ ինքնակամ կատարվող շինարարությունը դադարեցնելու համար։ Խնդրի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված պատասխանն էլ հետեւյալն է. «ՀՀ գլխավոր դատախազության ս/թ նոյեմբերի 16-ի գրությամբ Երեւանի քաղաքապետին առաջարկվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արձանագրված ապօրինի շինարարությունը վերացնելու ուղղությամբ»։ Անցել է հինգ ամիս։ Օրերս «Առավոտը» եղավ շինարարության վայրում։ Բենզինի լիցքավորման կայանի մետաղյա կարկասը չի ապամոնտաժվում, հսկայական ցիստեռններն իրենց տեղում են, դրանց համար նախատեսված փոսը դատարկ է։ Քոչարի թիվ 9 շենքի եւ նրան հարակից շենքերի բնակիչները ամիսներով տագնապում էին եւ մտավախություն ունեին, որ դադարեցված շինարարությունը միայն ժամանակավոր բնույթ ունի։ Հարմար առիթի դեպքում այն կվերսկսվի։ Ինչը եւ այժմ տեղի է ունենում Մայր տաճարի հարեւանությամբ։ Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել