Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻ ԱՌԱՋ

Մայիս 10,2002 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻ ԱՌԱՋ Երրորդ Հանրապետության քաղաքական կառավարման աքիլլեսյան գարշապարը մեր հարեւան ժողովուրդների հետ խաղաղ գոյակցության հաստատման նշանակության թերագնահատումն է եւ, 1995թ. սկսած, իշխանության օրինականության (լեգիտիմություն) ոտնահարումը, վերջինս, 1998թ. սկսած, վերաճեց կառավարման լեգիտիմության անտեսմանը։ Ակնհայտ է, որ ժողովրդի ազատ կամքի արտահայտմամբ, ազատ ու արդար ընտրությունների միջոցով ձեւավորված, օրինական օրենսդիր իշխանությունը՝ Ազգային ժողովը, ուժ կունենար 1998թ. չթույլատրելու ՀՀ նախագահի հրաժարեցումը կողմնակի ազդեցությամբ։ ՀՀ նախագահի կամովին հրաժարականի դեպքում Ազգային ժողովի նախագահը, Սահմանադրությամբ նախատեսած կարգով, կկատարեր ՀՀ նախագահի պարտականությունները, եւ օրենսդիր-գործադիր իշխանությունները 1998թ. կապահովեին ՀՀ նախագահի արտահերթ, օրինական ընտրությունը։ Ակնհայտ է նաեւ, որ ազատ-արդար ընտրություններում ժողովրդի քվեն ստացած ՀՀ նախագահը կկարողանար ոչ միայն 1997թ. աշնանը հրապարակել Հաշտության համաձայնության ծրագիրը, այլեւ ընդունելի դարձնել այն հասարակությանը եւ իրեն ենթակա պետական մարմինների միջոցով, օգտագործելով ՀՀ Սահմանադրությամբ իր ողջ լիազորությունները, կյանքի կկոչեր այն։ Լեգիտիմությունն է ներհանրապետական կայունության հիմնական երաշխիքը, հանրապետական կարգի կատարելագործման եւ հանրապետական ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտ պայմանը։ Լեգիտիմության սկզբունքը անշրջանցելի է։ Այսօր հասարակությունն իրեն հաշիվ տալիս է, որ 1998թ. արտահերթ նախագահական ընտրությունները օգտագործելով՝ Ռ. Քոչարյանը կատարեց հանցագործություն, յուրացրեց ժողովրդին պատկանող իշխանությունը, հաստատեց անօրինական՝ ոչ հայաստանյան գործադիր իշխանություն։ Անվիճելի է, որ Ռ. Քոչարյանի առաջադրումը 1998թ. փետրվարին որպես նախագահի թեկնածու՝ հակասահմանադրական է, Ռ. Քոչարյանը չի ընտրվել ՀՀ նախագահ, ժողովուրդը ՀՀ նախագահի քվեն տվել էր Կարեն Դեմիրճյանին։ Հայտնի է նաեւ, որ գործադիր իշխանության զավթումը անհնարին կլիներ առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ՀՀ Գերագույն ու Սահմանադրական դատարանների հանցակցության կամ հանցավոր անգործության։ Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը 1999թ. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կարողացան ստանալ ժողովրդի քվեն, իրենց ստեղծած ու ժողովրդին հրամցրած «Միասնություն» դաշինքը ունեցավ մեծամասնություն Ազգային ժողովում՝ խնդիր ունենալով «փուլ առ փուլ» վերականգնելու գործադիր իշխանության օրինականությունը, վերահաստատելու հայաստանյան կառավարում։ 1999թ. հոկտեմբերի 27172֊ի ոճիրով ձախողվեց այս առաքելությունը. Ազգային ժողովն առանց Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի դադարեց քաղաքական մարմին լինելուց, զրկվեց օրինականությունից, քանզի պատգամավորների մեծամասնությունը հայտնվել էր խորհրդարանում Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի անձնական պատասխանատվությամբ կամ երաշխավորությամբ։ Սոցիալ-տնտեսական ու քաղաքական փակուղում՝ համապարփակ ճգնաժամում գտնվող հայաստանյան հասարակությունը ամեն օր մոտենում է տեղական ինքնակառավարման, օրենսդիր ու գործադիր մարմինների ընտրություններին։ ճգնաժամը պիտի ընտրություններով հաղթահարվի։ Ինչպե՞ս։ Հայաստանում ապրելու վճիռ կայացրած յուրաքանչյուր ոք՝ քաղաքական կամ հասարակական գործիչ, պաշտոնատար անձ կամ շարքային քաղաքացի, լրագրող կամ ընթերցող, ընտրող թե պոտենցիալ ընտրվող, կարծում եմ, իրեն հաշիվ տալիս է, որ անհրաժեշտ է նախ եւ առաջ վերականգնել իշխանության օրինականությունը բոլոր մակարդակներում, այնպես որ՝ ընտրված մարմիններն ու անձինք, նրանց միջոցով ձեւավորված գործադիր մարմինները ու նշանակված պաշտոնատար անձինք (այդ թվում եւ դատական) գործեն օրինականության ուժով ու իրավագիտակցությամբ։ Մենք՝ որպես հայաստանյան հասարակություն, կարծում եմ, գիտակցում ենք, որ առաջիկա ընտրություններում պիտի իրականացնենք մեր պատասխանատվությունն ու Սահմանադրական իշխանությունը՝ քաղաքացիներիս ազատ կամքի արտահայտմամբ ունենանք գյուղապետ, թաղապետ, քաղաքապետ ու ավագանի, Ազգային ժողով ու ՀՀ նախագահ։ Ազատ ընտրության մեր իրավունքը, այս իրավունքը սպասարկող մյուս քաղաքական իրավունքները (խոսքի եւ ինֆորմացիայի, խաղաղ հավաքների, միավորումներ կազմելու ազատությունների) այսօր ոչ միայն անպաշտպան են. սրանց պաշտպանությունն ապահովելու կոչված պետական մարմինները (այդ թվում եւ դատարանները) ոչ միայն անգործուն են. իրենց նշանակողի հրահանգով նրանք մեր իրավունքները ոտնահարողներն են (Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, դատավոր Նախշուն Տավարածյանը թարմ օրինակներ են)։ Դատական, դատախազական, իրավապահ մյուս մարմինները Ռ. Քոչարյանի ու նրա վարչախմբի կամակատարներն են։ Ռ. Քոչարյանի առաջարկած՝ Ընտրական օրենսգրքի հակասահմանադրական փոփոխությունները, «Ա1+»172ի եւ «Նոյյան Տապանի» փակումը, վարչախմբին հլու ծառայող 17 ԶԼՄ-ների ղեկավարների հայտարարությունը խոսքի ազատության մասին, Արմավիրի քաղաքապետի ընտրությունը, կասկածի տեղիք չեն թողնում. ապօրինի ՀՀ նախագահի պաշտոնը զավթած անձի առկայությամբ պետական բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք, բոլոր իրավապահները ներքին ցանկությամբ կամ հակառակ դրա, կաշվից դուրս են գալու, որ առաջիկա ընտրությունները դառնան վարչախմբի իրավունքները վերարտադրող միջոցառումներ։ Վարչախումբը ոչնչի առաջ չի կանգնելու, փչացնելու է մինչեւ վերջ ամենքին ու ամեն ինչ։ Մեր կորսված ինքնիշխանությունը մենք պիտի վերագտնենք։ Մենք՝ որպես հայաստանյան հասարակություն, պիտի վերականգնենք ջախջախված ընտրական համակարգը ու ապահովենք ազատ ընտրության մեր իրավունքը։ Ելքը մեկն է. ժողովրդի թափ առնող պահանջով, քաղաքացիական համընդհանուր անհնազանդությամբ, ժողովրդական աճող ընդվզումով Ռ. Քոչարյանը պիտի անհապաղ հրաժարական տա կամ Ազգային ժողովի կողմից պաշտոնանկ արվի։ Պաշտոնանկության իրավական հիմքերը կբավարարեն մի քանի նախագահի։ Հայաստանը արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքում մինչեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները (2002թ. սեպտեմբեր172 հոկտեմբեր) պիտի ունենա ժողովրդի ազատ կամքի արտահայտությամբ ընտրված նախագահ։ Ո՞վ կլինի։ Նա, ով իրավունք կունենա առաջադրվելու ՀՀ նախագահի թեկնածու եւ ազատ-արդար ընտրություններում կհաղթի։ Իշխանության լեգիտիմիզմի սկզբունքը չի կարելի փչացնել-նենգափոխել՝ իբր պետք է ունենալ նախագահի միասնական (ընդունելի) թեկնածու, հետո նոր «քցել» Քոչարյանին։ Միասնական թեկնածուի փնտրտուքը քաղաքական ուժերի կողմից՝ իրականում խանգարում է Ռ. Քոչարյանի հեռացման ակնհայտ հասարակական պահանջը իրականացնելու։ Ժողովուրդը կարող է, դրա իրավունքը ունի իր նախագահին ինքը ազատ ու արդար ընտրությունների միջոցով որոշելու։ ՀՀ նախագահի՝ պետության բարձրագույն պաշտոնատար անձի օրինականացումը, Ռ. Քոչարյանի պաշտոնանկությունը (հրաժարականը) եւ ազատ-արդար արտահերթ ընտրություններով ՀՀ նախագահի ընտրությունը ոչ միայն հնարավոր են, այլեւ անհրաժեշտ, սա համաներում է բոլոր նրանց համար (քաղաքական գործիչներ, պաշտոնատար անձինք, պետական ծառայողներ ու շարքային քաղաքացիներ), ում թողտվությամբ, հանցավոր մասնակցությամբ կամ անգործությամբ ժողովուրդը կորցրեց իր ինքնիշխանությունը, փչացավ ընտրական մեքենան, Հայաստանում իշխանությունը իր երեք թեւերով ու բոլոր մակարդակներում դարձավ անօրինական։ Սա հնարավորություն է՝ համատեղ աշխատանքով քավելու մեր մեղքերը, կորսված քաղաքացիությունը վերագտնելու ու ստորացված արժանապատվությունը վերականգնելու։ Ժողովրդի ազատ կամքով ընտրված ՀՀ նախագահը հասարակական պահանջի ու համագործակցության պայմաններում կկարողանա ապահովել ժողովրդի ինքնիշխանության պաշտպանությունը, այնպես որ, տեղական ինքնակառավարման մարմինների ու Ազգային ժողովի ընտրություններում ձեւավորվեն օրինական իշխանություններ բոլոր մակարդակներում։ Առանց օրինական նախագահի՝ ընտրությունները կդառնան հասարակության, պետության համար վտանգավոր միջոցառումներ։ Հայաստանի կառավարման օրինականացումը հրատապ է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցի փոխընդունելի (հայանպաստ) կարգավորման առումով։ Այս փուլում, թերեւս, սա Հայաստանի հասարակության միակ անելիքն է։ Իրական ժողովրդավարությունն ու հաշտության համաձայնությունն անբաժանելի են։ Քաղաքական ուժերի բաժանումը (հակադրումը) «բազեների» (նախկին «հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչներ) ու Ռ. Քոչարյանի վարչախմբին ընդդիմադիր ներկա «աղավնիների»՝ հիմնազուրկ է։ Խորհրդարանում այսօր ներկայացված քաղաքական ուժերի, խորհրդարանից դուրս մնացած ձախ ուժերի թույլտվությամբ կամ աջակցությամբ նաեւ Ռ. Քոչարյանը նշանակվեց ՀՀ նախագահ։ Կարելի է, իհարկե, նոր բաժանման գծեր քաշել քաղաքական ուժերի միջեւ՝ փորփրելով իշխանության անօրինականացման ողջ ընթացքը, 1995-ից սկսած, շահեկան ներկայացնելով այս կամ այն ուժը կամ գործչին։ Ժամանակավրեպ է։ Չի կարելի։ Ռ. Քոչարյանի հեռացման հասարակական պահանջը ակնհայտ է, Հայաստանի քաղաքական ուժերը պիտի արագ իրականացնեն նրա ու նրա վարչախմբի հեռացումը իշխանությունից։ Սրա համար անհրաժեշտ է քաղաքացիական համաձայնության ու միմյանց նկատմամբ հանդուրժողության մթնոլորտ, ձեւավորված քաղաքական կամքի կենտրոն։ Այդ կենտրոնը պիտի ձեւավորեն բոլոր այն ուժերը, որոնք՝ 1) Ռ. Քոչարյանի իշխանությունը համարում են անօրինական, 2) անհրաժեշտ են համարում նրա հեռացումը եւ ՀՀ օրինական նախագահ ունենալը՝ արտահերթ ազատ ու արդար ընտրությունների միջոցով, 3) վճռական են իշխանության բոլոր մակարդակներում օրինականությունը 2002172 2003 թթ. ընթացքում վերականգնելու։ Այսպիսով. առկա է համապարփակ ճգնաժամը։ Ջախջախված ընտրական համակարգով ու իշխանազուրկ (անպատասխանատու) հասարակությամբ, ձեւավորման անօրինականությունից ուժազուրկ իշխանություններով, ոչ հայաստանյան կառավարմամբ ճգնաժամը չի հաղթահարվում, խորանում է։ Առաջիկա բոլոր կարգի ընտրությունները պիտի ծառայեն իշխանության լեգիտիմության ու ժողովրդի ինքնիշխանության վերականգնմանը։ Սա հնարավոր է, եթե կա Երաշխավորը՝ Հայաստանի Սահմանադրական կարգի պայմաններում՝ ՀՀ նախագահը։ Ընտրությունները սկսել է պետք արտահերթ նախագահական ընտրություններից։ Ռ. Քոչարյանը պիտի հեռացվի իշխանությունից։ Քաղաքական-հասարակական բոլոր ուժերի անելիքը ժողովրդի ազատ կամքի արտահայտման պայմանների ապահովումն է։ ՀՀ նախագահի բոլոր հնարավոր թեկնածուները թող առաջադրվեն (ինքնառաջադրվեն)։ Ավելի լավ։ Արտահերթ ընտրված օրինական նախագահը դառնալու է Հայաստանի իշխանության օրինականության երաշխավորը։ ՀՀ նախագահի արդար-ազատ ընտրությամբ պիտի հաղթահարենք ե՛ւ 1996թ. ե՛ւ 1998թ. ընտրությունների թնջուկը, պարպվեն քաղաքական գործիչների՝ ժողովրդի առաջնորդը լինելու հավակնությունները։ Ահա միակ բաժանման գիծը հայաստանյան բոլոր կուսակցությունների միջեւ՝ փոքր-մեծ, լիբերալ թե սոցիալիստ, իշխանություն ունեցող թե դրանից զրկված, այսօր ընդդիմադիր թե իշխանամետ։ Մնացյալը՝ կազմակերպման խնդիր է, բարդ, ճիշտ է, բայց լուծելի։ Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք որեւէ պատճառաբանությամբ դեմ են արտահերթ նախագահական ընտրություններին ու չեն մասնակցի Ռ. Քոչարյանին իշխանությունից հեռացնելուն, Ռ. Քոչարյանի վարչախմբի սպասարկուն են, գործելու են լեգիտիմության սկզբունքին դեմ, իբր (հրապարակավ) ընդդիմադիր, բայց իրականում համագործակցել ու համագործակցելու են Ռ. Քոչարյանի ու նրա վարչախմբի հետ՝ բոլոր տեսակի ընտրություններում իրենց փայը ունենալու (մեծացնելու) համար։ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել