Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն դադարում հոխորտալ

Մայիս 10,2002 00:00

Չեն դադարում հոխորտալ Հայ-թուրքական հարաբերությունների մասին Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների այս կամ այն հանդիպումների ընթացքում, անշուշտ, կողմերին անհանգստացնող բոլոր հարցերի մասին չէ, որ խոսվում է։ Սովորաբար բուն թեման՝ Ցեղասպանությունը, շարունակում է մնալ որպես նուրբ հարց, եւ կողմերն աշխատում են առաջին հերթին շոշափել երկկողմանի հնարավոր շփումների, տնտեսական եւ գործարար հնարավոր փոխհարաբերությունների հարցերը։ Թուրքերին, հասկանալի է, ձեռնտու չէ խոսել այս մասին, այդ պատճառով չեն խոսում։ Հայերն, իրենց հերթին, հավանաբար, մտածում են, թե ճիշտը հարցին աստիճանաբար մոտենալն է, նախ հարկավոր է հասկանալ, թե ովքե՞ր են այսօրվա թուրքերը, հասնել փոխհարաբերությունների որոշակի մակարդակի, հետո միայն խոսել Հայոց հարցի մասին։ Միեւնույն է, պատմությունը կա, պատմական փաստերն անհերքելի են, եւ մեր հարեւանները ինչ-որ պահի պարզապես ստիպված են լինելու անդրադառնալ հարցին եւ վերանայել իրենց դիրքորոշումը։ Հայ լրագրողների խումբը Կոստանդնուպոլսում էր գտնվում ապրիլի 24-ից շատ կարճ ժամանակ անց, սակայն այսօրվա Ստամբուլում որեւէ թուրք պարզապես չի ուզում իմանալ իր ժողովրդի պատմության տվյալ հատվածի՝ Օսմանյան կայսրության կատարած ցեղասպանության մասին։ Իրենց պատմությունից թուրքերը փորձում են ջնջել այդ էջերը։ Մեր այցելության օրերին թուրքական մամուլում հրապարակվեց թուրք դիվանագետ, Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ Գյունդուզ Աքթանի հոդվածը, որը պատասխան էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի՝ ապրիլի 24-ի ուղերձին։ ԱՄՆ բոլոր նախագահները շարունակում են իրենց ուղերձներում ցավակցություն հայտնել Ապրիլի 24-ի հայոց զոհերի հարազատներին, սակայն զգուշանում են գործածել «ցեղասպանություն» բառը։ Թուրք հոդվածագրին սույն հանգամանքը չի գոհացրել։ Վերլուծելով ԱՄՆ նախագահների ապրիլքսանչորսյան ուղերձները, թուրք դիվանագետը դժգոհել է, որ դրանցում թեպետ չի գործածվում «ցեղասպանություն» բառը, սակայն խոսվում է սպանված եւ աքսորված մեկուկես միլիոն հայերի մասին։ Ըստ Գյունդուզ Աքթանի, դրանով Բուշը ձգտել է գոհացնել հայերին՝ միաժամանակ չուզելով փչացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Հոդվածագիրը հիշեցրել է, որ հայերի կարծիքով օսմանցիները ցեղասպանություն են իրականացրել, քանի որ ատել են հայերին եւ իբր՝ այդպես չէ, եւ երբեք թուրքերն այնպես չեն ատել հայերին, ինչպես գերմանացիները՝ հրեաներին։ Այստեղ է, որ մեզ պարզապես այլ բան չի մնում, քան նկատել՝ դո՛ւք ասացիք։ Կրկին թուրքերը չեն զլանում եւ չեն ամաչում զուգահեռ անցկացնել հրեական կոտորածների եւ Հայկական ցեղասպանության միջեւ, առանց կռահելու, որ մատնում են իրենց։ Թուրք հոդվածագրի ամփոփումը եւս խիստ խոցելի է, ըստ որում՝ Սեպտեմբերի 11-ից հետո ամերիկացիներն իրենց հակաիսլամական ազդեցությունը կենտրոնացրել են թուրքերի վրա։ Ավելի հեռուն գնալով՝ նա նշում է. «Ամերիկան՝ պահանջելով, որ Թուրքիան նորմալ հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ, հանձնարարելով, որ երկու երկրները տնտեսական եւ քաղաքական կապեր հաստատեն, մոռանում է իր եւ Թուրքիայի հարաբերությունների մասին, դրանով վտանգի ենթարկելով այդ հարաբերությունները»։ Թուրք հոդվածագրի այս հոդվածը թարգմանաբար, կրճատումներով ներկայացրել էր նաեւ տեղի հայկական «Մարմարա» օրաթերթը։ Հասկանալի պատճառներով թերթը խուսափել էր վերլուծությունից ու գնահատականներից։ Պարզապես վերջին մտքի առիթով հնարավոր էր համարել հետեւյալ զգուշավոր գնահատականը տալ. «Այս վերլուծություններից հետո Գյունդուզ Աքթանն իր հոդվածը վերջացրել էր նախադասությամբ, որը, ըստ մեզ, մի փոքր խիստ է հնչում մեկի բերանից, ում վստահված էր հայերին եւ թուրքերին հաշտեցնելու խնդիրը»։ Հիշենք, որ Գյունդուզ Աքթանը հանձնաժողովի թուրք անդամներից մեկն էր, որը չէր ընդունում Ցեղասպանությունը եւ շարունակ պնդում էր, թե հաշտեցման հարցը պետք է դիտել առանց Ցեղասպանության մասին խոսելու։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031