Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ՉԼԻՆԵՐ…»

Մայիս 10,2002 00:00

 «Ա1+»-ի շահերը դատարանում ներկայացնող Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը խոստացել էր դատավոր Նախշուն Տավարացյանի վճռի ամբողջական տարբերակին ծանոթանալուց հետո միայն հայտնել իր գնահատականները։

-Որքանո՞վ է հիմնավոր այս վճիռը «Ա1+»-ի դիմումը մերժելու վերաբերյալ։

– Այն իր ամբողջ բովանդակությամբ եւ նկարագրական մասով թողնում է հապշտապ, արագ գրված վճռի տպավորություն։ Հատուկ վարույթով քննվող գործ էր սա եւ, որպես բարդ գործ՝ դատավորն անգամ 7 օր՝ առավելագույն ժամկետը վերցրեց վճռի բնօրինակը գրելու եւ տալու համար։

Երբ ծանոթանում ես վճռին՝ հաճախ տեսնում ես նաեւ այնպիսի հղումներ, որոնք չկան օրենքում։ Ասենք, նկարագրական մասում տիկին Տավարածյանը նշել է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին թիվ 756 օրենքը եւ 24.10.01 թ. ընդունված թիվ 912 օրենքը»։ Այդպիսի օրենքներ չկան՝ ո՛չ 756, ո՛չ 912։ Մենք գիտենք, թե ինչ է նկատի ունեցել դատավորը, բայց կարեւորն այն է, որ դատարանն իմանա, թե ինչի մասին է կայացնում վճիռ։ Դատավորը փաստորեն նշել է այն թվերը, որոնցով «Պաշտոնական տեղեկագրում» համարակալվել են այս օրենքները։ Եվ 756 համարը վերածել է օրենքի։ Դա կարելի է ընդունել որպես վրիպակ կամ անփութություն, կարելի է ընդունել նաեւ այսպես. որ դատավորը լավ ծանոթ չէ գործին եւ չգիտի, թե խոսքն ինչի մասին է։

Ինչպես վճռում, այնպես էլ անցած դատաքննության ընթացքում համոզվեցինք, որ միջնորդությունները մերժվում էին հաճախ առանց հիմնավորման։ Օրինակ՝ միջնորդություն արվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի թիվ 37 արձանագրությունը պահանջելու վերաբերյալ։ Դատարանը մերժեց մեր միջնորդությունը եւ համարեց, թե դրա կարիքը չկա։ Խոսքն ա՛յն որոշման արձանագրության մասին է, որը վիճարկվում էր դատարանում։ Սա արդեն անհասկանալի է։

Կամ՝ միջնորդություն արեցինք, որ վարձատու հեռուստաաշտարակն ապօրինի կերպով է դադարեցրել վարձակալ «Ա1+»-ի հեռարձակումը։ Մենք ցույց տվեցինք, թե վարձատուն եւ վարձակալն իրավական ինչ հարաբերություններ ունեին պայմանագրով, որի մեջ չկա հաղորդակն անջատելու իրավունք։ Դատարանը մերժեց միջնորդությունը՝ մեկնաբանելով, թե ակտը չկա։ Տեղում ասացինք, որ ակտն իր դիմաց դրած է։ Պատասխանեց, թե արդեն ուշ է՝ ինքը կայացրել է որոշումը։ Փաստորեն, դատավորն անգամ փաստաթղթերը չէր նայել, եւ իր համար անըմբռնելի էր, թե ինչի մասին է մեր միջնորդությունը։

Այս ամենից հետեւությունը մեկն է՝ խնդիր էր դրված միայն մերժելը՝ առանց ուսումնասիրելու գործը։ Եթե խնդիր լիներ խորացված քննության, ապա կուսումնասիրվեին այդ փաստաթղթերը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի թիվ 11-24 որոշումները մեր հարցի հիմքն էին եւ պիտի լինեին գործի մեջ։ Սակայն այդ որոշումները հայտնվել են գործի մեջ ոչ ըստ կարգի, այսինքն՝ հայցվորի կամ պատասխանողի միջոցով։ Բայց ավելի կարեւոր հարցը մեզ համար այն է, թե դրանք ե՞րբ, ո՞ր փուլում են հայտնվել՝ արդեն վճիռը գրելո՞ւց հետո։ Եթե այդպես է՝ մենք դատաքննության ընթացքում խոսել ենք այդ որոշումների մասին, ուրեմն տիկին Տավարացյանը տեղյակ չի՞ եղել՝ ինչի մասին ենք խոսում, քանի որ ձեռքի տակ չի ունեցել դրանք։ Սա է մեզ անհանգստացնում։

– Վճռին հետեւած մեկնաբանություններից մեկն էր, թե այն կարծես Ազգային հանձնաժողովի փաստաբանները գրած լինեն, քանի որ միայն նրանց փաստարկներն է Նախշուն Տավարացյանը համարել հիմնավոր։ Ձեր փաստարկներն անտեսվել են ամբողջությա՞մբ։

– Վճռում միանշանակ կա ակնհայտ սուբյեկտիվություն։ Դատաքննությունը տեւել է երկու օր, բայց վճռում արտացոլված չէ մի ամբողջ օր՝ երբ հայցվորը հարցեր էր տալիս պատասխանողին։ Այստեղ շարադրված են միայն հայցը, դրա պատասխանը եւ պատասխանողի հարցերը։ Այս միակողմանի շարադրանքով էլ ավարտվում է. շրջանցված է հարցուպատասխանի միջոցով մեր ողջ վիճաբանության ընթացքը, որտեղ շատ բաներ ենք բացահայտել, արձանագրել, որ հանձնաժողովը թույլ է տվել սխալներ, չարաշահել օրենքի հոդվածները։ Հարցուպատասխանի ընթացքում բացահայտվեց, որ հանձնաժողովը գնահատման ժամանակ առաջնորդվել է «ներքին համոզմունքով»։

Այդ ընթացքում պատասխանողն ամբողջապես հրաժարվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 49-րդ հոդվածից՝ պնդելով, թե այն հանձնաժողովին չի վերաբերում։ Ինչպե՞ս կարող է օրենքի մի հոդվածն իրենց չվերաբերել՝ անհասկանալի է։ Վճռի այս թերի ձեւակերպումների վերլուծությունից ես նաեւ գալիս այն համոզմունքին, որ կա ինչ-որ սուբյեկտիվ մոտեցում։ Թեկուզ այն առումով, որ նշվել է, թե 49 հոդվածի խախտումները չեն կարող համարվել հիմք մրցույթն անվավեր ճանաչելու համար, քանի որ հանձնաժողովը բացառիկ իրավասություններ է ունեցել սահմանելու մրցութային պայմանները եւ անցկացման կարգը։ Այսինքն. դատարանը հանում, ետ է մղում օրենսդիրի սահմանած պահանջները՝ 49 հոդվածը, եւ դրա դիմաց նժարին դնում հանձնաժողովի բացառիկ իրավասությունը՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջով չհիմնավորելով, թե այդ իրավասությունը ո՞ր հոդվածով է տրված հանձնաժողովին։ Ցո՛ւյց տվեք, թե որտեղի՞ց վերցվեց այդ «բացառիկը», հղո՛ւմ արեք այդ հոդվածին, թե որ օրենսդիրն է տվել այդ իրավասությունը։ Դատավորը հղում չի արել։

Եվ նման մոտեցումներով՝ կայացրել է վճիռ, այսինքն՝ կրկնել պատասխանողի պատասխանը՝ այո՛, մրցույթը կազմակերպելիս անտեսել ենք 49 հոդվածը, որով սահմանվում են արտոնագիր ստանալու դիմումում նշվելիք տվյալները եւ ներկայացվելիք փաստաթղթերը։ Սա հիմնական հոդվածն է, որի շուրջ են ձեւավորված արտոնագրատիրոջ ընտրության (50), արտոնագիր տալը մերժելու հիմքերի (51) վերաբերյալ հոդվածները։ Եվ նման հոդվածն անտեսելը ու միայն մի տողով գրելը, թե հանձնաժողովն ունի բացառիկ իրավասություն՝ առնվազն անհիմն է։ Այս ամենը եւ չթվարկված այլ հանգամանքներ միայն այն կարծիքն են ձեւավորում, որ դատարանը նախօրոք տրամադրված է եղել թռուցիկ կերպով գործը քննելու՝ արդեն իմանալով, թե ինչ վճիռ պիտի կայացնի։

– Եվ վերջում՝ «Ա1+»-ի հետ կատարվածը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի անկատարության հետեւա՞նքն եք համարում, թե՞ հեռուստաընկերությունը փակելու նպատակով օրենքը կոպտորեն խախտելու։

– Շատ են ասում, թե օրենքն է թերի, ունի բացեր եւ մրցույթի շուրջ բարձրացված աղմուկն օրենքի անկատարության հետեւանքն է։ Պիտի ասեմ, որ այդպես չէ։ Օրենսդրությամբ հստակ, պատշաճորեն է սահմանվել մրցույթ անցկացնելու ե՛ւ կարգը, ե՛ւ հանձնաժողովի իրավասությունները։ Հնարավոր է՝ որոշ հարցեր, այնուամենայնիվ, չեն հստակեցվել, բայց դրանք չեն ազդել մրցույթի կազմակերպման վրա։ Օրենքի անկատար լինելը միայն պատրվակ է. չկա՛ նման պատճառ։ Պարզապես հարկավոր էր բարի կամք՝ օրենքով սահմանված դրույթներն իրականացնելու համար։ Միանշանա՛կ օրենքն է խախտվել եւ այսպես կազմակերպված մրցույթն օրենսդրական բացերով պայմանավորելը պարզապես անհիմն խոսակցություն է։

Ինչ վերաբերում է «Ա1+»-ի նկատմամբ կատարվածին՝ այն փակելուն կամ, շատ անգամ օգտագործվող՝ «կայացված քաղաքական որոշում» արտահայտությանը, կարող եմ հստակ ասել. սա երեւի հազվագյուտ դեպքերից է, երբ մի մրցույթում օրենքների այսքան շատ հոդվածներ են խախտվել։ Եվ եթե դատարանը կաշկանդված չլիներ՝ այս մրցույթն անպայման չեղյալ կհամարվեր։ «Ա1+»-ը սակայն ցանկացավ իրավական հարթության վրա լուծել այս հարցը եւ ստացավ հակառակ պատասխան։

Չարդարացան մեր սպասելիքները դատարանից, քանզի մենք իրավական խնդիր ունեինք լուծելու, բայց մյուս կողմն ուներ լուծելիք այլ խնդիր։ Եթե դա քաղաքական չէր՝ իրավական հարթությունում փորձեք հիմնավորել այդ խախտումները։ Իսկ եթե չեն հիմնավորում, ուրեմն՝ կայացված է քաղաքական որոշում։

Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031