Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ» ՀԱՅԵԼԻ

Մայիս 10,2002 00:00

«ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ» ՀԱՅԵԼԻ Երեքշաբթի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը կասի իր Վերջին խոսքը: Նույն օրը դատավորը կհրապարակի նրա դատավճիռը: Հիշեցնենք, որ պետական մեղադրողը՝ շրջանցելով իրեն վերապահված լիազորությունները, պահանջեց Մ.Սաղաթելյանին դատապարտել 8 տարի ազատազրկման: Հասկանալի է՝ իշխանությունների դատավճիռն է, որոնք որոշել են ամեն գնով իրենց «կասկածողին» հնարավորինս երկար ժամանակ փակի տակ պահել: Այդուհանդերձ, փաստաբան Ռ.Գրիգորյանը խոստովանեց, որ թեեւ փոքր, բայց հույս կա, որ արդար վճիռ կկայացվի: Բայց հարց է՝ դատավոր Լալայանն իր մեջ ուժ կգտնի՞ վեր կանգնել քաղաքական պատվերներից եւ վճիռ կայացնելիս հաշվի առնել ոչ միայն իշխանությունների կույր ցանկությունները, այլեւ՝ դատաքննությամբ հետազոտված ապացույցների հակասականությունն ու քրգործի հարուցման ժամանակ արձանագրված օրինախախտումները, մեղադրանքի ոչ միանշանակ ապացուցված լինելու փաստը, նաեւ նախաքննական մարմնի կատարած ոչ լիարժեք եւ ոչ օբյեկտիվ քննությունը: Հակառակ դեպքում, ըստ պաշտպանի, խայտառակ կլինեն իշխանություններն ու արդարադատության համակարգը: Եթե Մ.Սաղաթելյանը դատապարտվի պահանջվող գրեթե առավելագույն պատժաչափով, դա, ըստ էության, ավելի ցցուն կդարձնի Հայաստանում արդարադատության սնանկությունն ու դատարանների կախյալությունը Քոչարյանից: Դա կընդգծի «Պապլավոկի» եւ Սաղաթելյանի դատավարությունների ողջ ֆարսը. ծեծելով մարդ սպանող Կուկուին դատապարտում են 1 տարի «պայմանականի», իսկ Մուշեղին՝ «կեղծ դիպլոմի» ու «մարդ ծեծելու», «թեթեւ մարմնական վնասվածքներ» հասցնելու մեղադրանքի ոչ բավարար ապացույցների պարագայում՝ 8 տարի ազատազրկման: Բայց առնվազն տարօրինակ կլիներ նաեւ, եթե գավառամիտ ու քինախնդիր մեկի՝ 2000-ին Մ.Սաղաթելյանին ուղղած «ինձ կասկածողի…» արտահայտությունից հետո ՔՊԻՎ նախկին պետը շարունակեր հանգիստ ապրել: Բայց քանի նրա դատավճիռն արձակված չէ, խոսենք ավելի ռեալ բաներից: Ի՞նչ արեցին եւ ի՞նչ են անում նրա զինակիցները, որոնք եւս «27»-ի կազմակերպիչների մասով կասկածներ, բայցեւ դրանց մասին չբարձրաձայնելու խորամանկություն ունեն: Մ.Սաղաթելյանի կալանավորումից ի վեր ոչ մի ռեալ քայլ չձեռնարկեցին ո՛չ պատերի տակ «կասկածող» երկրապահները, ո՛չ «Հանրապետություն» կուսակցությունը, եւ Մ.Սաղաթելյանը մնաց միակ կասկածողը: Առաջիններն անգամ չհամարձակվեցին ընդվզել նրա կալանավորման դեմ՝ հրաշալի իմանալով դրա շարժառիթը: «Հանրապետությունը» հանդես եկավ մի լղոզված հայտարարությամբ՝ փոխանակ ասելու, որ «27»-ի կազմակերպիչների մասով իրենք էլ՝ իրենց կոնկրետ անուններով, կասկածներ ունեն: Չեղավ ո՛չ հրապարակային ու «գործ հարուցող» գերատեսչությանն ուղղված «կասկած հայտնելու» նախաձեռնություն, ո՛չ դրա համար պատասխանատվության ենթարկվելու պատրաստակամություն: Փոխարենը բոլորը սկսեցին սպասել կամ նախաքննության ավարտին, ինչպես՝ «Հանրապետությունը», կամ, ինչպես ԵԿՄ վարչությունը՝ հայտարարեցին ոչ թե խոսելու, այլ՝ գործելու նպատակահարմարության մասին՝ զուգահեռաբար բանակցություններ վարելով եւ կասեցնելով ԵԿՄ մասնաճյուղերի նախաձեռնած հայտարարությունների վարակիչ ու իշխանությունների համար վտանգավոր դարձած գործընթացը: ԵԿՄ վարչությունը՝ գեներալ Մանվելի գլխավորությամբ, համոզեց, թե աղմկել պետք չէ, թե գեներալները՝ Մ.Գրիգորյանը, Ա.Աղաբեկյանը, Հ.Բաղմանյանը եւ այլք, բանակցել են Ռ. Քոչարյանի հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ Մուշեղը դատարանից ազատ կարձակվի: Նույնօրինակ միջնորդություն արել էին, իբր, նաեւ ՆԳ նախարար Հ.Հարությունյանն ու ՆԳ ՔՎ պետ Ա.Գիզիրյանը, նախարար Ա.Մանուկյանը: Միաժամանակ, ըստ մեր տեղեկությունների, իշխանություններն էլ Աղվան Հովսեփյանին էին «միսիայով» «գործուղել» Մ.Սաղաթելյանի մոտ՝ նրա լռության եւ Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի անունները չշոշափելու պայմանով «ազատություն» առաջարկելու: Մ.Սաղաթելյանը գործարքի չգնաց: Իսկ խոստացվող ազատությունն էլ, ի դեպ, լավություն չէր, այլ՝ թույլ տրված ապօրինության ու սխալի շտկման փորձ: Չէ՞ որ այն բոլոր մեղադրանքներում, որոնք առաջադրվել են Մ.Սաղաթելյանին եւ ժամանակին կոծկվել, եթե դրանցում, իհարկե, հանցադեպ կա, իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել «չհայտնաբերված» եւ այսօր պաշտոնավարող անձինք՝ ՆԳ նախարար Հ.Հարությունյանը, ՆԳՆ «6»-ի պետ Ա.Երիցյանը, քննիչ Ղալթախչյանը, ՆԳ եւ ԱԱ նախկին նախարար Ս.Սարգսյանը եւ այլք: Վերադառնանք «միջնորդներին», որոնք կամ գերագնահատել էին իրենց կշիռն ու դերն այդ հարցում, կամ, Մ.Սաղաթելյանին հանդարտեցնելու համար, «փափուկ բարձ» առաջարկել: Իրականում գեներալ Մանվելն ու ՆԳ նախարարը, որոնք, իբր, մտահոգ են Մ.Սաղաթելյանի ճակատագրով, վախեցան, լռեցին ու չասացին, որ վկա են, որ կարող են ապացուցել 94-ին Ռ.Զորոյանի մահվան եւ «27»-ի ամբաստանյալ Մ.Մկրտչյանին ծեծելու մեջ Մ.Սաղաթելյանի ալիբին, մինչդեռ վերջինս դատարանում, ըստ էության, ակնարկել էր, որ դրա կարիքն ունի: Հիշեցում ազատության մեջ գտնվողներին՝ «աղ ու հացն», իրոք, կեղծ կատեգորիա է: Հստակ է նաեւ այլ բան. առաջին ատյանում արդար վճիռ չի լինելու: Գործն անպայման մտնելու է վերաքննիչ՝ հասնելով Եվրոպական դատարան, ինչը, առանց այն էլ՝ մինչեւ կոկորդը կեղտի մեջ խրված վարչախմբին չենք մաղթում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել