Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորին իրենցով են արել

Մայիս 09,2002 00:00

Բոլորին իրենցով են արել Հրապարակի վրա է մի հետաքրքիր գիրք՝ «Հրեաները Նոբելյան մրցանակի դափնեկիրներ 20-րդ դարում» վերնագրով, որի հեղինակն է Ս. Մ. Ֆրիդմանը։ Հեղինակի առաջաբանից տեղեկանում ենք, որ հրեաները հարյուր տարվա ընթացքում աշխարհին տվել են հարյուր երեսուն դափնեկիր՝ գրականության, խաղաղության, ֆիզիկայի, բժշկության, քիմիայի եւ տնտեսագիտության բնագավառում։ Այսինքն՝ հրեաները բոլոր այս հիշյալ ոլորտներում տվել են ավելի շատ դափնեկիրներ, քան որեւէ այլ ժողովուրդ։ Համեմատության համար ասենք, որ հայ ազգի ոչ մի գրող, գիտնական այս մրցանակին դեռեւս չի արժանացել։ Մրցանակակիրների համառոտ կենսագրություններից առաջ Ֆրիդմանը իր գրքում թվարկում է աշխարհի խոշորագույն հրեա գիտնականների, գրողների եւ արվեստագետների հազարավոր անուններ, որոնցից են ՝ 20-րդ դարի մեծագույն ֆիզիկոս Ալբերտ էյնշտեյնը, հանրահայտ պայծառատես Միշել Նոստրադամուսը, կիբեռնետիկայի հայրը՝ Նորբերտ Վինները, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը եւ բազում այլ անուններ։ Ցուցակն ընթերցելիս երբեմն զարմանում ես, որ հրեա ժողովրդի զավակներ են համարվում, օրինակ՝ Քրիստափոր Կոլումբոսը, լեհ մեծ բանաստեղծ Ադամ Միցկեւիչը, ֆրանսիացի գրողներ Մարսել Պրուստը, Անդրե Մորուան, ռուս գրողներ Աֆանասի Ֆետը, Կոռնեյ Չուկովսկին, Սամուիլ Մարշակը, հանրահայտ Վլադիմիր Վիսոցկին, ինչպես նաեւ 20-րդ դարի մեծագույն գրողներից մեկը՝ Սերգեյ Դովլաթովը։ Բանն այն է, որ հրեաները, առհասարակ, ազգությունը որոշում են մորական կողմով։ Հայտնի է, որ Ս.Դովլաթովը, լինելով հրեա հոր զավակ՝ նրա հետ գրեթե չի ապրել՝ մինչեւ կյանքի վերջին տարիները անբաժան մնալով իր սիրելի մորից՝ Նորա Դովլաթովայից (թիֆլիսահայ)։ Սերգեյ Դովլաթովի կենսագիր եւ մտերիմ ընկեր Ալեքսանդր Գենիսը, որ վերջերս հրատարակեց «Դովլաթովը եւ նրա շրջակայքը» բանասիրական վեպը, գրում է. «Սերգեյը իր պատմական ոչ մի հայրենիքում չի եղել, բայց Կովկասը նրան ավելի շատ էր հոգեհարազատ, քան Իսրայելը։ Ինչքան չլինի, նա ամբողջ կյանքում չբաժանվեց մորից, որը հասակ էր առել Թիֆլիսում»։ Ս.Դովլաթովը մեկ անգամ չէ, որ հրաժարվել է իր հրեական ծագումից եւ համարել իրեն ռուս գրող։ Հայկական թեմատիկան նրա ստեղծագործության մեջ գրավում է առանցքային տեղ, հատկապես «Մերոնք» շարքում։ Նշենք, որ այդ շարքի պատմվածքներից չորսը նվիրված է իր հարազատներին՝ Ստեփան պապին, մորաքրոջը եւ քեռուն։ Ս.Դովլաթովը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իր հետաքրքրությունը դեպի հայ ժողովուրդը ծագել է, երբ ծանոթացել եւ մտերմացել է Հրանտ Մաթեւոսյանի հետ։ Վերջապես, ո՞վ է Ս. Դովլաթովը, հրեա՞, թե՞ հայ, գուցե ռո՞ւս։ Այնուամենայնիվ՝ ռուսագիր հայ։ Ցավոք, մեզանում քչերը գիտեն այս մեծ գրողի կյանքի ու գործունեության մասին, պատճառն այն է, որ հայերեն քիչ է թարգմանված եւ առանձին գրքով դեռեւս չի հրատարակված։ ՇՈՒՇԱՆ ԻՍՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031