Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Մայիս 09,2002 00:00

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ Անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունները շուտով կունենան իրենց ինտերնետային էջը՝ www.legalaid.am հասցեով։ Էջի հիմնական նպատակը պետք է լինի լուսաբանել անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման կամ տեղեկատվության տարածման բնագավառում գործող կազմակերպությունների աշխատանքները։ Սա հասարակությանը հնարավորություն կընձեռի ծանոթանալ այդ կազմակերպությունների հետ եւ ավելի հեշտ կողմնորոշվել, թե ո՞ւմ եւ ինչպե՞ս կարելի է դիմել անվճար իրավաբանական խորհրդատվություն կամ ծառայություն ստանալու համար։ Իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման ցանկություն ունեցողների թիվը վերջին տարիներին բավականին աճել է, մանավանդ որ այդ ծառայությունները անվճար են, իսկ բնակչության մեծ մասն անվճարունակ է։ Նման ինտերնետային էջ ստեղծելու գաղափարը ծնվել է անցյալ տարի նոյեմբերի 23-ից 25-ը կայացած «Անվճար իրավաբանական տեղեկատվական եւ խորհրդատվական ծառայությունները Հայաստանում» թեմայով սեմինարի ժամանակ, որը նախաձեռնել էր Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիան։ Սեմինարին մասնակցում էին Հայաստանի այդ բնագավառում գործող հիմնական հասարակական եւ միջազգային կազմակերպությունները եւ սեմինարի ավարտին այդ տասնչորս կազմակերպությունները ստորագրեցին «Անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման եւ տեղակատվության տարածման բնագավառում գործող կազմակերպությունների համագործակցության մասին» հռչակագիր։ Դրանով սկզբում դրված համագործակցության հիմնական նպատակն է՝ միասնական ուժերով լուծել այդ բնագավառում առկա խնդիրները, ինչը կնպաստի բնակչության շրջանում առկա իրավաբանական օգնության եւ տեղեկատվության մատուցման առավել արդյունավետ կազմակերպմանը։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել