Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՌԱՊՈՒՄ Է ԱՍՏՂԱՑԱՎՈՎ

Մայիս 09,2002 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՌԱՊՈՒՄ Է ԱՍՏՂԱՑԱՎՈՎ «Եթե այսպես շարունակվի, Հայաստանում ավելի շատ աստղ կլինի, քան երկնքում»,- կես կատակ-կես լուրջ ասում է երգիչ Պապին Պողոսյանը։ Նա զարմանում է, որ ազդագրերում հաճախ են նշում հայ էստրադայի կամ ժողովրդական երգի որեւէ «աստղի» գալիք համերգի մասին, մինչդեռ իսկական պրոֆեսիոնալներն ավելի համեստ են։ Դրա պատճառը, ըստ նրա, այն է, որ դեմոկրատիան «բոլորին օֆիսներ բացելու ու համերգային գործունեությամբ զբաղվելու լայն հնարավորություններ է ընձեռել» եւ «չկա որեւէ կոորդինացնող մարմին», որ ինչ-որ կերպ կարգավորի արվեստում ստեղծված քաոսային վիճակը։ Պապին Պողոսյանը մշակութային այս «անսանձության» մեջ տեսնում է մշակույթի նախարարության ու Կոմպոզիտորների միության մեծ մեղքն ու անտարբերությունը. «Ժամանակին, երբ մի երգ էինք ձայնագրում, այն անպայման անցնում էր գեղխորհրդով եւ հետո միայն թույլատրվում ռադիոյով կամ հեռուստատեսությամբ հնչեցնել։ Հիմա ով ասես երգում է, ինչպես ուզում է, եւ հագնվում է՝ ինչպես ուզում է՝ աղավաղված երգն էլ ներկայացնելով իբրեւ հայկական կատարում»։ Պ. Պողոսյանը, իհարկե, ձեռնպահ մնաց կոնկրետ անուններ տալուց՝ պատճառաբանությամբ, որ ճշմարտախոսությունը իբրեւ նախանձ կընկալվի։ «Այժմ ամենուր գերիշխում է փողը. մեկը կարող է շատ լավ արվեստագետ լինել, սակայն ստվերում մնալ, որովհետեւ կիրթ եւ պրոֆեսիոնալ երեւալու չափանիշը Հայաստանում ճոխ ավտոմեքենաներ, վիլլաներ ու բջջային հեռախոս ունենալով է որոշվում»,- դժգոհեց Պ. Պողոսյանը։ Ըստ նրա՝ երիտասարդները այլեւս չեն ձգտում երաժշտական հաստատություններ ու կոնսերվատորիա ընդունվել։ Նրանց չի հետաքրքրում, թե «ինչ ճանապարհ են անցել, ասենք, Հրաչյա Ներսիսյանը, Գոհար Գասպարյանը կամ Ռուբեն Մաթեւոսյանը», քանի որ վստահ են՝ պրոֆեսիոնալիզմը ոչ մի դեր չունի. «Մտածում են՝ շատ ձայնագրման ստուդիաներ կան, պապան կամ քեռին փող կտան, կլիպ կնկարեն, ցանկացած հեռուստատեսությունում էլ մի քիչ բարեւ-բարլուս կասեն, առավոտից իրիկուն այդ կլիպը կցուցադրեն, եւ վերջ՝ արդեն աստղ ես»։ Մշակույթի ասպարեզում տիրող իրավիճակը, ըստ երգչի, փոքր-ինչ կբարելավվի, եթե ստեղծվի հայ երգարվեստի միություն, որի հետ երիտասարդ կատարողները գուցե կխորհրդակցեն՝ այս կամ այն երգը ճիշտ կատարելու համար։ Ի դեպ, Պ. Պողոսյանը հավատ չի ընծայում երաժշտական մրցույթներին, այդ թվում նաեւ «Սայաթ-Նովային». «Եթե ամեն ինչին դեմոկրատ ձեւով մոտենային, գուցե կմասնակցեի»։ Նա գտնում է, որ «Սայաթ-Նովա» մրցույթը «չպետք է ժյուրիով լինի. երգը պիտի ներկայացվի ժողովրդին, տրվի որոշակի ժամկետ, վերջում ընտրվի այն երգը կամ արվեստագետը, որը դիմացել է ժողովրդի կողմից ընդունվելու դժվարին փորձությանը։ «Թե չէ չեմ ընդունում, որ մի քանի հոգի ոտքի վրա որոշում են՝ որ երգերն են լավը, ու մի քանիսին էլ մրցանակներ են տալիս՝ ավելորդ վեճերից խուսափելու համար»։ Ըստ նրա, այս մրցույթը պիտի նպաստեր նրան, որ ավելանային ժողովրդին սիրելի երգերը, հայկական նոր երգերի խթանման միջոցով ապահովվեր հայ երգարվեստի շարունակականությունն ու զարգացումը, սակայն լրիվ հակառակն է ստացվում։ Մրցույթում հաղթած երգերը մրցույթից հետո չեն մնում որեւէ մեկի հիշողության մեջ, դրանք ժողովուրդը չի երգում։ Ի դեպ, այս տարի լրացել է Պ. Պողոսյանի ծննդյան 50 եւ բեմական գործունեության 30-ամյակը, որը թեեւ անուշադրության է մատնվել «մշակույթի ղեկավարների կողմից», սակայն այն մեծ շուքով տոնելու առաջարկ երգիչը ստացել է ԱՄՆ-ի հայկական միություններից։ Պ. Պողոսյանը ափսոսում է, որ 12-13 տարի է, ինչ հանված են արտիստներին տրվող «վաստակավոր» եւ «ժողովրդական» կոչումները, որոնք ժամանակին ոգեշնչող նշանակություն էին ունենում։ Թեեւ, ըստ նրա, շշուկներ կան, որ ԱԺ-ում նորից հարցը բարձրացվելու է։ Երգիչը համոզված է, որ «ինչպես նախկինում, հիմա էլ կգտնվեն մարդիկ, ովքեր ավելի շուտ կստանան կոչումներ, քան ողջ կյանքում պրոֆեսիոնալ արվեստին ծառայած ու այդ արվեստով մեծ գումարներ չաշխատած արվեստի մշակները»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել