Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անեն եզդիները

Մայիս 09,2002 00:00

Ի՞նչ անեն եզդիները Բաց նամակ Եզդիները, որոնց բարեկամությունը հայերի հետ դարերի պատմություն ունի, դիմում են Ձեզ կարեւոր խնդրանքով։ Այս դիմում-բողոքը, որ հղում ենք Ձեզ, կուզենայինք արժանանար Ձեր ուշադրությանը եւ միջոցներ ձեռնարկեիք մեզ օգնելու համար։ Եզդիները եւ հայերը միշտ եղել են կողք կողքի, միշտ պայքարել են ընդհանուր թշնամու դեմ։ Հիշենք եզդի Ջահանգիր աղային, որը 1918 թվականին իր 200 հեծյալներով Բաշ Ապարանից հասավ Սարդարապատ եւ նպաստեց հայերի հաղթանակին։ Հիշենք արցախյան հերոսամարտը, երբ Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ կազմակերպվեցին եզդիների մարտական ջոկատներ, որոնք թշնամու դեմ մարտնչեցին ղարաբաղյան տարբեր ռազմաճակատներում։ Այդ մարտերում զոհվեց 86 եզդի ազատամարտիկ։ Եզդիների ազգային միությունը հանրապետության եզդիներից հանգանակեց 6 միլիոն ռուբլի եւ հանձնեց Ղարաբաղյան հիմնադրամին ու պաշտպանության նախարարությանը։ Երկրաշարժից անմիջապես հետո եզդիների փրկարարական ջոկատները փրկեցին տասնյակ մարդկանց կյանք։ Սակայն եզդիների եւ հայերի բարեկամությանը երբեմն խանգարում են այնպիսի իրադարձություններ, որոնք ստվեր են գցում մեր հարաբերությունների վրա։ Շատերից բերենք միայն մի օրինակ։ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ապրում է 350 եզդի ընտանիք։ Նրանցից ոչ մեկը հողի սեփականաշնորհման ժամանակ հող չստացավ։ Եզդիներն ունեն տնամերձ հողամասեր, բայց ոռոգման ջուր չեն ստանում։ Գործարաններ ու ֆաբրիկաներ չկան, որ եզդիները կարողանան աշխատել։ Ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է, դրանով են ապրում բազմանդամ եզդի ընտանիքները։ Հիմա դժվարություններ են ստեղծվում նաեւ այդ ասպարեզում։ Հողը մրցույթի կարգով տրվում է առանձին մարդկանց։ Այդ մրցույթը մենք համարում ենք քաղաքականացված մրցույթ, որի նպատակն է եզդիներին դուրս մղել Հայաստանից։ Մի՞թե դրա ապացույցը չէ այն, որ արոտավայրերի համար մեր կնքած պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա օգոստոս ամսին, բայց փետրվարին մեր արոտավայրերն արդեն տրվել են ինչ-որ Լյուդայի։ Այդ նույն Լյուդան ընկեր-բարեկամների հետ բազմիցս եղել է սարերում, սպառնացել է եզդիներին, պահանջել է, որ նրանք հեռանան Հայաստանից, ասելով, թե Հայաստանը միայն հայերինն է։ Այդ Լյուդան ունի ընդամենը 200 խոշոր, 400 մանր եղջերավոր անասուններ, 700 հա ավելի հող, բայց կեղծ տեղեկանք է ներկայացրել, թե ունի 700-ից ավելի խոշոր, 3000-ից ավելի մանր եղջերավոր անասուն, 100 հա արոտավայր։ Մեր խոսքերի ճշմարտությունը կարող է հաստատել ցանկացած հանձնաժողով։ Մենք դիմեցինք Կոտայքի մարզպետին եւ նա գալով մեզ մոտ՝ սար, կրկնեց Լյուդայի խոսքերը, թե թողեք հեռացեք այստեղից։ Մեր այն հարցին, թե ուր գնանք, նա պատասխանեց՝ ուր ուզում եք գնացեք։ Ավելին, հողաշինարար Լ. Պետրոսյանը կառավարական հանձնաժողովի անդամների, Եզդիների ազգային միության նախագահ Ա. Թամոյանի ներկայությամբ հայտարարեց, թե Լյուդան ասում է, որ արոտավայրերը հայերինն են, եզդիները պետք է հեռանան։ Նա ասաց նաեւ, որ ՀՀ աշխատակազմի ղեկավար Ցոլակյանը պահանջել է արոտավայրերը հանձնել Լյուդային։ Ի՞նչ անեն եզդիները։ Ո՞ւր գնան։ Որտե՞ղ կարող են ապրել նրանք։ Հետեւե՞ն այն 130 եզդի ընտանիքներին, որոնք երեք տարի առաջ լքեցին Հայաստանը, երբ ավտոմատներով զինված մարդիկ պահանջեցին նրանցից, որ հեռանան։ Հայաստանը մեր հայրենիքն է, մեր ծննդավայրը, մեր օջախը, այստեղ են մեր հանգուցյալների գերեզմանները։ Ինչպե՞ս թողնենք- հեռանանք։ Տեղյակ ենք պահում Ձեզ, որ եթե եզդիների պայմանները չբարելավվեն, չվերադարձվեն եզդիների արոտավայրերը, կասենք. վերցրեք մեր բնակարանները, վերցրեք մեր անասունները, մենք գնում ենք Հայաստանից։ Մեր գործը թողնում ենք Աստծուն։ Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031