Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ մի մեկուսացրեք հասարակությունից»

Մայիս 09,2002 00:00

«Մեզ մի մեկուսացրեք հասարակությունից» «Տվեք մեզ բնականոն ապրելու իրավունք։ Եթե մենք պրոթեզ չհագնենք, կդառնանք անկողնային հիվանդներ։ Ինչո՞ւ են ուզում մեզ մեկուսացնել հասարակությունից»,- բողոքում էին հաշմանդամ ազատամարտիկները երեկ կառավարության շենքի դիմաց կազմակերպած ցույցի ժամանակ։ Ցուցարարները կառավարությունից եւ սոցապ նախարարությունից պահանջում էին գումար փոխանցել պրոթեզավորման կենտրոն, որպեսզի վերջինս կարողանա հումք գնել Գերմանիայից եւ վերականգնել ու փոխել հաշմանդամների պրոթեզները։ Պրոթեզարանը կառուցվել է 1988թ. երկրաշարժից հետո եւ գործում է 1992-ից։ Պրոթեզարանը իր բոլոր սարքավորումներով եւ հումքով Հայաստանին են նվիրել գերմանացի բարերարները։ Հաշմանդամ ազատամարտիկները կենտրոնում սպասարկվող հիվանդների 60- 65%-ն են կազմում։ Նրանք պատմում էին. «Արդեն վեց-յոթ ամիս կենտրոնը գրեթե չի գործում եւ մենք չենք կարողանում վերականգնել մեր պրոթեզները։ Փաստորեն, շատ շուտով կզրկվենք բնականոն ապրելու հնարավորությունից»։ Կենտրոնի պրոթեզավորման ավագ մասնագետ Մկրտիչ Գինոսյանը հայտնեց, որ մինչեւ դեկտեմբեր իրենք շատ ավելի փոքր ծավալով են աշխատել, սակայն հունվարից սկսած այլեւս չեն կարողանում սպասարկել հիվանդներին։ Նշենք, որ ցուցարարների թիվը շատ քիչ էր, քանի որ նրանցից շատերը գալիս էին հեռվից եւ, զրկված լինելով ոտքերից, դժվարացել էին գալ։ Մինչեւ ցուցարարների հավաքվելը, մի շարք նախարարներ հեռացան կառավարության շենքից։ Սակայն ցուցարարները չհիասթափվեցին եւ պնդում էին, որ եթե այսօր որեւէ պարզաբանում չստանան, ապա մայիսի 9-ին իրենց ամբողջ «շքախմբով» կփակեն Եռաբլուր տանող ճանապարհը։ Հաշմանդամ ազատամարտիկները դժգոհ էին նաեւ իրենց հատկացվող կենսաթոշակի չափից, որը բավականին բարձրացվել էր դեռեւս Վ. Սարգսյանի վարչապետության ժամանակ, իսկ դրանից հետո՝ շատ քիչ չափով։ Այժմ Արցախում եւս գործում է պրոթեզարան, որը աշխատում է Քերոլայն Քոքսի օժանդակությամբ։ Սակայն հայաստանյան ազատամարտիկները չեն կարող գնալ եւ պրոթեզավորվել ԼՂՀ-ում։ Ազատամարտիկների պնդմամբ, Ադրբեջանի կառավարությունը իր հաշմանդամ ազատամարտիկներին գումար է հատկացնում արտասահմանում բուժում ստանալու համար։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել