Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՍԿԱԾՆԵՐ՝ ՎՃՌԱԲԵԿԻՑ ՀԵՏՈ

Մայիս 09,2002 00:00

ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՍԿԱԾՆԵՐ՝ ՎՃՌԱԲԵԿԻՑ ՀԵՏՈ «Այսօր մեզ մոտ արմատացած է մի ստերեոտիպ, որն ընդունված է պետական կառավարման համակարգում՝ հարցերը լուծել բանավոր կերպով՝ աշխատանք առաջարկել, աշխատողի ընդունել, վերականգնել եւ այլն։ Դա մեզանում ընդունված է իբրեւ միակ ընդունելի կերպ՝ պաշտոնեական առաջխաղացում, կարիերային կայունություն ունենալու եւ այլն։ Բայց եթե որդեգրել ենք ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով քաղաքացիական ծառայության համակարգը, ուրեմն պետք է հասկանանք, որ պետական ծառայողները քաղաքական կոնյունկտուրայից եւ բանավոր առաջարկներից պետք է դուրս լինեն»,- ասում է Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը։ Վերջինս, ինչպես նաեւ Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը պնդում են, որ Պետական գնումների գործակալության պետ Գագիկ Խաչատրյանը հենց այդ ընդունված ստերեոտիպով է փորձել «հաշտեցման» գնալ իր կողմից աշխատանքից ազատված երկու պետծառայողների՝ Անահիտ Մանանդյանի եւ Լեւոն Մելիքյանի հետ։ Այս աշխատակիցները, Գ. Խաչատրյանի հավաստմամբ, իրենց աշխատանքը կորցրել են գործակալությունում կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով։ Ընդ որում, անընդհատ շեշտում էր, որ ոչ թե նրանց հաստիքներն են կրճատվել (հաստիքացուցակը հաստատում է կառավարությունը), այլ աշխատատեղերը։ Սա՝ բանավոր, իսկ գրավոր, այսինքն Ա. Մանանդյանի եւ Լ. Մելիքյանի աշխատանքից ազատման երկու հրամաններում Գ. Խաչատրյանի ստորագրությունից վերեւ գրված է. «…ազատել աշխատանքից՝ հաստիքի կրճատման կապակցությամբ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36/1 հոդված)»։ Ըստ ՀՊԾՄ գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանի, սա միակ խախտումը չէ այս գործում։ Գործակալության իրավաբանը երեք ատյանների դատարանում էլ մի քանի անգամ ասել է, որ օրենսդրությունը չի պարտադրում ազատելուց առաջ աշխատողին նոր աշխատանք գրավոր կերպով առաջարկելը։ Սակայն հետագայում դատարան է ներկայացվել վերոնշյալ երկու անձանց կողմից իրենց առաջարկված աշխատանքից հրաժարվելու մասին երկու արձանագրություն։ «Էլ ի՞նչ իմաստ ուներ նման արձանագրություն կազմել»,- տարակուսում է Կ. Սարգսյանը։ Եվ ավելին, կասկած է հայտնում դրանց իսկության կապակցությամբ։ Նույն օրը տեղի ունեցած երկու քննարկումների արձանագրությունները, թվում է, նման պետք է լինեին։ Սակայն արտաքին տարբերությունից զատ, մեկի տակ ստորագրել է միայն գործակալության պետի տեղակալ Հ. Բեգլարյանը։ Թեեւ քննարկմանը մասնակցել են, բացի նրանից եւ Ա. Մանանդյանից, եւս 2 հոգի։ Վերջիններիս ստորագրություններն առկա են արդեն երկրորդ արձանագրությունում, սակայն՝ Հ. Բեգլարյանի մեքենագրված անվան կողքին ձեռագրով ավելացված։ Կ. Սարգսյանի հավաստմամբ, այս երկու արձանագրությունները բացակայում են գործակալության արձանագրությունների մատյանում. դրանց համար նոր մատյան է բացվել, որտեղ միայն այդ երկուսն են։ Վերադառնանք վերը նշված «ստերեոտիպին»։ «Գործակալության պետի նախաձեռնությամբ հանդիպում տեղի ունեցավ նրա առանձնասենյակում։ Փորձ արվեց հաշտության եզրեր գտնել։ Իմ միակ պահանջը եղել է (եւ ես այն պնդել եմ մինչեւ վերջ), որ հաշտեցումը հնարավոր է միայն պրն Խաչատրյանի կողմից վճռաբեկ դատարանին ուղղված գրավոր միջնորդությամբ, որով նա այդ երկու անձանց աշխատանք կառաջարկեր։ Բայց պրն Խաչատրյանն այդ քայլը չարեց եւ հաշտեցում տեղի չունեցավ»,- պատմում է Կ. Զադոյանը։ ՊԳԳ պետ Գագիկ Խաչատրյանն ասում է, որ հանդիպումն իր նախաձեռնությամբ չի եղել։ Ինքը պարզապես ինչ-որ ընդհանուր ծանոթի մոտ ցանկություն է հայտնել իր նախկին աշխատակիցների պաշտպանությունը ստանձնած երկու ՀԿ-ների ներկայացուցիչներին պարզաբանումներ տալու. «Ասացի՝ գուցե չգիտեն գործի մանրամասները։ Եթե իմանան, գուցե այլեւս չպաշտպանեն նրանց»։ (Այս երկու եղանակների միջեւ առնվազն մեկ տարբերություն գտեք ինքներդ- Ա. Գ.)։ Հանդիպմանը, ինչպես պատմում է Գ. Խաչատրյանը, ինքը փաստարկել է իր արածը (աշխատակիցներին աշխատանքից ազատելը)։ «Նրանց ղեկավարն ասաց, որ ինքը չի տիրապետում մանրամասներին, այլ փաստաբանը»։ Պրն Խաչատրյանն էլ առաջարկել է իրենց փաստաբանի հետ հանդիպման ուղարկել փաստաբանին, որն այդպես էլ չի ներկայացել։ Հանդիպման մյուս մասնակից Կ. Զադոյանն ասում է, որ Գ. Խաչատրյանը մերժել է վճռաբեկ միջնորդություն ներկայացնել եւ առաջարկել է, որ հարցի լուծման շուրջ բանակցեն երկու կողմերի իրավաբանները։ Բնականաբար դա կարող էր տեղի ունենալ միայն վճռաբեկից հայցը վերցնելուց հետո, քանի որ հանդիպումը տեղի է ունեցել վճռաբեկում նշանակված դատական նիստից մեկ օր առաջ։ Անհասկանալի է, ի դեպ, թե ինչ տարբերակներ պետք է քննարկվեին, եթե գործակալությունում թափուր հաստիք այսօր չկա։ Լուծման այդ տարբերակը Կ. Զադոյանը ճիշտ չի համարում, քանի որ հասարակական հնչեղություն ստացած հարցը ոչ հասարակայնորեն պետք է լուծվեր։ Ճիշտ չէր էլ ընկալվի։ Ի դեպ, Գագիկ Խաչատրյանը կասկածներ ուներ, որ այդ ՀԿ-ները աղմուկ բարձրացրել են ինքնագովազդի նպատակներով։ Իսկ Վ. Քալաշյանն ասում է. «Եթե պրն Խաչատրյանը այդպիսի միջնորդությամբ հանդես գար, ապա նրա պաշտոնանկության խնդիրը կառավարության կողմից կդիտարկվեր շատ արագ։ Այդ պարագայում կառավարությունը կգտներ, որ մեր կողմից առաջադրված մեղադրանքները իրենց հիմքում ունեն ճշմարտացի փաստարկումներ եւ հիմնավորումներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ տվյալ պաշտոնյային պաշտոնանկ անելու համար»։ Աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտումների համար, ինչպես Կ. Զադոյանն է ասում, նախատեսվում է նաեւ 1 տարի ժամկետով ազատազրկում։ «Ես, ինչքան գիտեմ, չեմ գերազանցել իմ լիազորությունները»,- ասում է ՊԳԳ պետ Գագիկ Խաչատրյանը։ Իրենք՝ ՀԿ-ների ղեկավարները գտնում են, որ հակառակը ապացուցելու հնարավորություն ունեն՝ դատախազություն դիմելով, իսկ երկրում բոլոր օրինական միջոցները սպառելուց հետո կմտածեն նաեւ Եվրադատարան դիմելու հնարավորությունների մասին։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031