Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2003-ին «չի հասնի»

Մայիս 09,2002 00:00

2003-ին «չի հասնի» Երեկ Բանգլադեշ թաղամասում կազմակերպված հանրահավաքում ընդդիմության՝ ՀԺԿ, «Հանրապետություն» կուսակցություն, «Սոցիալիստական Հայաստան» միավորում, ԱԺԴ, ՀԴԿ եւ այլն, ներկայացուցիչները անդրադարձան ՀՀ-ում ծավալվող քաղաքական-տնտեսական ոլորտին առնչվող իրադարձություններին: Բոլոր այդ ելույթները, ի վերջո, հանգում էին միեւնույն պահանջին՝ իբրեւ վիճակը շտկելու միակ ելք. նախագահ Քոչարյանն ու նրա վարչախումբը պետք է հեռանան: Ա.Սադոյանը, որին բանգլադեշցիները հատկապես լավ ընդունեցին, ի թիվս այլ խնդիրների, խոսեց նաեւ օրերս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Զվարթնոց» օդակայանը Արգենտինայի քաղաքացի Էրնեկյանի կառավարմանը հանձնելու եւ այդ գործարքն ամրապնդող պայմանագրի մասին: Դրա առնչությամբ ե՛ւ Ա.Սադոյանի, ե՛ւ ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ Ա.Բարսեղյանի, գնահատականը նույնն էր՝ ՀՀ միակ օդակայանի շուրջ կնքված գործարքը, որպես ռազմավարական նշանակության օբյեկտի, պետք է դասվի ԲԷՑ-երի, «ԱրմենՏելի» գործարքների շարքին՝ պետական անվտանգությանը սպառնացող վտանգի եւ պետության շահերը ոտնահարելու իմաստով: Հռետորներից մեկը նկատեց, թե առաջիկայում սպասվում է խաղաղարար ուժերի մուտքը Հայաստան, իսկ, հայտնի է, որ դրանք համալրված են նաեւ թուրքերով. «այդ պայմաններում մենք օդակայան ենք վաճառում»: Ելույթ ունեցողներից մեկն էլ նկատեց, թե ՀՀ ղեկավարները՝ նախագահ, արտգործնախարար, հայաստանցիներ չեն. ո՞վ գիտի՝ Հայաստանն ո՞ւր են տանում: Ա.Սադոյանը հույս հայտնեց, թե ժողովրդի աջակցությամբ կհաջողվի կասեցնել թալանի եւ ազգադավ սեփականաշնորհման գործընթացը: Այդ եւ այլ խնդիրների լուծման համար ընդդիմությունն առաջարկեց ամենաակտիվ մասնակցությունն ունենալ 13 կուսակցությունների նախաձեռնած միջոցառումներին եւ ԱԺ հաջորդ եռօրյայի ժամանակ հավաքվել ԱԺ-ի մոտ: Հասարակության ակտիվ մասնակցության անհրաժեշտության ու դերի մասին ավելի շատ խոսեց Ա.Մանուչարյանը: Մինչեւ ելույթը հավաքվածներից մեկը նրան խնդրեց ավելի շատ խոսել տնտեսության մասին: Ա.Մանուչարյանը սկսեց դրանից, բայց նկատեց, թե տնտեսական հիմնախնդիրների լուծումն էլ կապված է «մի շատ փոքր քաղաքական հարցի հետ՝ «ոչ մի շան որդի այս երկիրը չպետք է ղեկավարի, իսկ դրա համար ժողովուրդը պետք է միակամ ոտքի կանգնի»: Պատասխանելով այն հարցադրումներին, թե ժողովրդից ի՞նչ է կախված, Ա.Մանուչարյանը հստակեցրեց՝ հիշեցնելով 88-90 թվերը: Այն ժամանակ, երբ ժողովուրդը մի մարդու պես կանգնած էր ընդդիմության թիկունքին, ոչ մի չինովնիկ, ոչ մի նախարար չէր համարձակվում որեւէ սխալ քայլ անել կամ հրաման արձակել: Բայց, երբ իշխանությունները տեսնում են, որ ժողովուրդը միանշանակ չի աջակցում ընդդիմությանը՝ նրա համար ավելի դյուրին է դառնում ճնշումներ գործադրել օրենսդիրների, ընդդիմության ներկայացուցիչների եւ ակտիվ քաղաքացիների վրա: «Մենք հարվածը կվերցնենք մեզ վրա, բայց դուք եղեք մեր կողքին եւ եկեք մեր ետեւից»,- հավաքվածներին դիմեց Ա.Մանուչարյանը: Նա կարեւորեց հասարակության դերը իշխող վարչախմբին հեռացնելու, ընտրությունների ելքը որոշելու հարցում եւ հորդորեց ավելի վճռական եւ ակտիվ լինել, աջակցել, որ «ոչ մի շան որդի» Հայաստանը չղեկավարի: Ա.Մանուչարյանը հայտարարեց, որ առաջիկա ուրբաթ ընդդիմությունը նստացույց է կազմակերպելու, եւ խոստացավ, որ պայքարելու է մինչեւ վարչախմբի տապալումը: Ելույթ ունեցողներից մեկն էլ կարծիք հայտնեց, թե դա կարող է տեւել 8-9 ամիս, բայց մեկ է, Ռ.Քոչարյանը 2003-ի ընտրություններին «չի հասնի», եթե հասարակությունն աջակցի այդ պայքարին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել