Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Մայիս 08,2002 00:00

ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ 2001թ. հոկտեմբերի 16-ի «Առավոտում» տեղեկացրել էինք, որ Վանաձորի թիվ 2 քննչական մեկուսարանում գտնվող Արմենակ Մկրտչյանը, որը ձերբակալվել էր 2001թ. սեպտեմբերի 25-ին, չընդունելով նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը (ՀՀ քրօրի 229 հոդվածի 4-րդ մասով)՝ 17 օր հացադուլ էր հայտարարել։ Այն դեպքում, երբ վերջինս գտնվում էր առողջական ծանր վիճակում. տառապում էր ողնաշարի տուբերկուլյոզ հիվանդությամբ։ Այն ձեռք էր բերել նախկին դատվածության ընթացքում, պատիժը կրելիս։ Ա. Մկրտչյանի պաշտպան Կարինե Գասպարյանի միջնորդությունը՝ փոխելու իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանքի որոշումը (Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի կողմից ընդունված), ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը մերժեց։ Դատաքննության ընթացքում Ա. Մկրտչյանը շարունակեց հրաժարվել իրեն առաջադրված մեղադրանքից։ Այն ընթերակաները, ովքեր վկայել էին նրա մոտ թմրանյութ հայտնաբերելու մասին, դատարանում հակասական ցուցմունքներ տվեցին։ Այնուհանդերձ Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը (դատավոր՝ Մ. Հարությունյան) վճռեց ՀՀ քրօրի 229 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով դատապարտել նրան ազատազրկման 2 տարի ժամանակով։ Մայիսի 3-ին ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը (Պողոսյան, Հովհաննիսյան, Դարբինյան կազմով) ուժի մեջ թողեց Լոռու մարզի 1-ին ատյանի դատավճիռը։ «Դատարանն այնքան ժլատ գտնվեց, որ գոնե մեկ տարի չնշանակեց»,- դժգոհեց պաշտպան Կ. Գասպարյանը, որը դատարանին միջնորդել էր ՀՀ քրօրի 431 հոդվածի կիրառմամբ հետաձգել պատժի կրումը։ Պաշտպանը տեղեկացրեց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում առավել վատթարացել է իր պաշտպանյալի առողջական վիճակը եւ նա վերաքննիչ էր ներկայացել (բերվել) ձեռնափայտով։ «Ի վերջո, ո՞վ է պատասխան տալու մարդու առողջության համար»,- հարցնում է Կ. Գասպարյանը, հիշեցնելով, որ Ա. Մկրտչյանի խնամքի տակ են հաշմանդամ հայրը, քույրը, թոշակառու մայրը, չաշխատող կինը եւ 4-ամյա երեխան: Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել