Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՅՔ՝ ՓՇԱԼԱՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Մայիս 08,2002 00:00

ԿԱՆԱՅՔ՝ ՓՇԱԼԱՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ Փոքրիկ Գայանեն ծնվել եւ մեծանում է Աբովյանի կանանց եւ անչափահասների գաղութում։ Այսօր նա երեք տարեկան է։ Երեխային խնամելուն զուգահեռ՝ գաղութում իրենց պատժաժամկետն են անցկացնում նրա մայրը եւ մորաքույրը։ Գայանեն չգիտի, որ հայրը նույնպես բանտարկված է։ Անընդհատ մոր եւ մորաքրոջ, ինչպես նաեւ կալանավայրի ավելի քան 100 կանանց կողքին մեծացող այս երեխան մեկ ցանկություն ունի. «Ուզում եմ էթամ պապայիս մոտ, պապայիս հետ խոսամ, պապայիս տեսնեմ»։ Գայանեի հարեւան սենյակում է ապրում իր 80-ամյա ամուսնուն 96 կտորի բաժանած 77-ամյա Ոսկի Ներսիսյանը։ Վերջինս անձամբ է ներկայացել ոստիկանություն եւ տեղեկացրել ամուսնու սպանության մասին։ Նա դժվարանում է ասել, թե ինչպես է իր մեջ ուժ գտել ամուսնուն 96 կտորի բաժանելու համար. «Ինձ միշտ կյանքում ծեծող է եղել, խմում, ծեծում էր»,- պատմում է նա։ Չորս տարի առաջ գաղութ մտած Նելլի Ոսկանյանն այսօր գաղութում խելացի եւ օրինավոր կնոջ համբավ ունի։ Նա չի միանում իր սենյակում Աստվածաշունչ կարդացող կանանց ընթերցումներին։ Ասում է, որ վատ է տեսնում, չի կարող կարդալ։ Գաղութի բնակիչ կանայք անչափ կարեւորում են մի փաստ՝ հարազատի են սպանել, թե օտարի։ Մասնավորապես քրոջ եւ մոր հետ 8 տարի գաղութում գտնվող Լուսաբերն սպանել է օտար մարդու։ Դրանից առաջ նա տեսել է իր ամուսնու մահը։ Լուսաբերն ունի որդի։ Վերջինս չգիտի, թե որտեղ է գտնվում իր մայրը, որը կալանավայրից ազատվելու է մեկ ու կես տարի հետո. «Առաջին հերթին ես իմ տղային պետք է վերցնեմ, իմ կեսուրի տանն է»,- ասում է Լուսաբերը։ Վեց տարի առաջ էստոնացի Աննան Աբովյանի քրեակատարողական հիմնարկ մտավ դարձյալ սպանության համար։ «Դա տեղի ունեցավ պատահաբար, սպանեցի իմ տատիկին եւ հայտնվեցի այստեղ»,- պատմում է նա։ Շուտով Աննան հայտնվելու է ազատության մեջ. «Արդեն չգիտեմ, թե ոնց կընդունի ինձ հասարակությունը»։ Մայիսի 1-ը բացառիկ օր է գաղութի նորաբաց արտադրամասում աշխատող եւ իր բառերով սպանության ականատես, բայց մարդասպանության համար դատված Քրիստինեի եւ մյուսների համար. «Կյանքում առաջին անգամ ես ստանում եմ աշխատավարձ»։ Կանայք ստորագրում են եւ տեղեկացվում, որ իրենց արտադրանքի համար նրանք ստանում են աշխատավարձ, որը փոխանցվում է իրենց հաշվեհամարին։ Կանայք հույս ունեն, որ այդ գումարն իրենց կօգնի ազատության մեջ ապրելու համար։ ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ «Այբ-Ֆե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031