Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԱՏՐՈՆՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

Մայիս 08,2002 00:00

«ԹԱՏՐՈՆՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ» Երեկ Թատերական գործիչների միությունում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված հայ-իրանական կապերին։ Անչափ կարեւորելով հայ-իրանական մշակութային կապերը, Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը ներկաներին տեղեկացրեց, որ նախորդ տարվա հոկտեմբերին «Հակոբ Պարոնյան» թատերախումբը «Ես եմ՝ եկել եմ» ներկայացմամբ մասնակցելով Իրանում տեղի ունեցած «Սուրահ» թատերական փառատոնին, շահել է երկու մրցանակ՝ «Լավագույն բեմադրություն» եւ «Լավագույն կանացի կատարում» (Սվետլանա Գրիգորյան)։ Վերջերս էլ Իրաքի Սուլեյմանիա քաղաքում անցկացվող թատերական 8-րդ միջազգային փառատոնում թատերախումբը Նիլ Սայմոնի «3 + 1= ?» ներկայացման համար արժանացել էր միանգամից 3 մրցանակի՝ «Լավագույն բեմադրություն», «Կանացի լավագույն դեր» (Մարիամ Ղազարյան) եւ «Տղամարդու լավագույն դեր» (Բորիս Պեպանյան)։ Ի դեպ, Ե. Ղազանչյանը ներկաներին տեղեկացրեց նաեւ, որ մայիսի 16-ին «Հակոբ Պարոնյան» թատերախումբը «Իմ զոքանչը» ներկայացմամբ (գլխավոր դերակատարուհի՝ ՀՀ ժողարտիստուհի Սվետլանա Գրիգորյան) Լոնդոնի հայ համայնքի հրավերով 4-օրյա հյուրախաղերով կլինի Լոնդոնում։ Բարձր գնահատելով երկու երկրների մշակութային ոլորտների գործունեությունը, Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կենտրոնի տնօրեն Աբու Թալիբին ներկաներին հակիրճ ներկայացրեց արդեն երկու տարի գործող իրենց մշակութային կենտրոնի գործունեությունը՝ փաստելով, որ հեղափոխությունից հետո իրանական կինոն եւ թատրոնը բուռն զարգացում են ապրել, իսկ երկու պետությունների մշակութային փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են։ Նա առաջարկեց նաեւ վերջին ժամանակներում բազմաթիվ կինոփառատոներում շահած իրանական լավագույն ֆիլմերը ժամանակ առ ժամանակ ցուցադրել ու լուսաբանել Հայաստանում։ Հյուրախաղերից ստացած իրենց տպավորությունները պատմեցին «3+1=?» ներկայացման գլխավոր մրցանակակիրներ Բ. Պեպանյանն ու Մ. Ղազարյանը։ Իսկ Ե. Ղազանչյանը կարեւորելով լրագրողների դերը՝ մշակութային անցուդարձի լուսաբանման առումով, խոսքը եզրափակեց հետեւյալ կերպ. «Այսօր թատրոնն ունի ձեր ուշադրության կարիքը»։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել