Լրահոս
Օրվա լրահոսը

Բաժնից զրկելով՝ շնորհքից չեն զրկել

Մայիս 08,2002 00:00

Բաժնից զրկելով՝ շնորհքից չեն զրկել ԿԳ նախարարության որոշմամբ՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը զրկվել է երաժշտական թատրոնի դերասաններ պատրաստելու իրավունքից, իսկ համապատասխան բաժինը՝ փակվել։ Արդյունքում՝ մյուս տարի կավարտեն վերջին շրջանավարտները, որոնց ղեկավարում է Երվանդ Մանարյանը։ Կրթության ոլորտի պատասխանատուները նպատակահարմար են գտել երաժշտական թատրոնի դերասաններ պատրաստելու մենաշնորհը միայն թատերական ինստիտուտին թողնել։ Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ու մասսայական հանդիսությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը, սակայն, համոզված է, որ որոշումն այդ արդարացի չէ, որովհետեւ ստացվում է, որ նույն տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, օրինակ, «պիտի փակել իրավաբաններ «արտադրող» բուհերը կամ քիմիկոսների պատրաստման «շնորհից» զրկել մանկավարժական համալսարանին՝ թույլատրելով այդ մասնագետների պատրաստումը միայն ԵՊՀ-ին»։ «Կարծում եմ, որ տվյալ ինստիտուտի կամ ֆակուլտետի գործունեությունը շարունակելը պետք է որոշվի միայն նրա տված շրջանավարտների որակով։ Իսկ եթե շրջանավարտները որակյալ են, ուրեմն բուհում ուսման դրվածքը ճիշտ է։ Մեր շրջանավարտները առայժմ դրսեւորվում են բարձր որակյալ մակարդակով ու շնորհալիությամբ»,- գտնում է Ա. Քոչարյանը։ Նա վստահ է, որ մանկավարժական համալսարանն ունի բոլոր հնարավորությունները դերասանական լավ կադրեր պատրաստելու համար՝ համապատասխան ուսումնական պլան, փորձված դասախոսական կազմ, կոնկրետ իրենց ֆակուլտետում՝ երաժշտական, իսկ հարեւան ֆակուլտետում՝ պարային ամբիոն, որը ղեկավարում է Ֆրունզիկ Ելանյանը։ Ըստ նրա՝ պատճառաբանված չէ բարձրաստիճան այրերի կողմից իրենց բուհին «հրամցված» որոշումը, որը նաեւ թեւաթափ է արել ուսանողներին։ «Մյուս տարի կլինեն մեր վերջին շրջանավարտները եւ այլեւս ընդունելություն չի լինի»,- տխրում է Ա. Քոչարյանը։ Սակայն նրան ուրախացնում է մի հանգամանք՝ կուլտուրայի ֆակուլտետն ունի հրաշալի շրջանավարտներ։ Ավարտական բաժնի այդ ուսանողները, յուրօրինակ համերգից բացի (որի մեջ իր ավանդն ուներ նաեւ վոկալի ուսուցիչ Գենադի Մանգասարյանը), հանդիսատեսին մեծ բավականություն պարգեւեցին ռուս երգիծաբան-դրամատուրգ Կոնիի «Աղջիկը՝ հուսար» գործի հրաշալի բեմադրությամբ՝ զարմացնելով իրենց վարպետ խաղով ու երգիծանքի անզուգական ընկալմամբ։ Ինչը ապացույցն էր այն վիճահարույց հարցի, որ բուհի երաժշտական թատրոնի դերասանության բաժինը ամենեւին չի զիջում թատերական ինստիտուտի նույն բաժնին։ «Երկու տարի ես եմ վարել այս կուրսը, այնուհետեւ այն փոխանցել եմ ճանաչված մասնագետի՝ Սամվել Միքայելյանին, որը ավարտել է ե՛ւ թատերական ինստիտուտը, ե՛ւ կոնսերվատորիան»,- տեղեկացրեց Ա. Քոչարյանը։ Իր սաներից գոհ էր նրանց ռեժիսոր ու դասախոս Սամվել Միքայելյանը։ «Յուրաքանչյուր մանկավարժի, դասախոսի համար գերագույն հաճույք է տեսնել, թե ինչպես են ծլարձակում ու պտուղ տալիս ցանած լուսե սերմերը։ Իսկ ես այս կուրսում շա՜տ ջանք եմ թափել»,- ասաց Ս. Միքայելյանը։ Նա նաեւ ուրախ էր, որ իր ուսանողները չեն տառապում ինքնասիրահարվածությամբ ու ինքնագոհությամբ, որը «արվեստում սոսկալի է»։ Ըստ Ս. Միքայելյանի՝ «արվեստագետը միշտ պետք է դժգոհ լինի ինքն իրենից, միշտ մտածի, որ թերի, անկատար բան ունի ու չբավարարվի եղածով»։ Նա այս առումով վերհիշեց նաեւ Շառլ Ազնավուրի մտքերից մեկը, որ կարդացել էր Խ. Աբրահամյանը. «Ով չի առաջանում, նա հետ է մնում, ով կանգնում է տեղում, կորցնում է ոտքի տակի հողը»։ Ս. Միքայելյանը ասաց, որ սիրում է իր բոլոր ուսանողներին, սակայն բոլորի մեջ առանձնացնում է հատկապես երկուսին՝ Աստղիկ Պետրոսյանին եւ Ռուզան Մկրտչյանին, որոնք աչքի են ընկել դեռեւս ընդունելության քննություններից։ Աստղիկ Պետրոսյանին նա հերոս է համարում, քանի որ շնորհալի ուսանողուհին նաեւ 2 երեխաների մայր է։ «Իսկ երեխա ծնելը եւս գերագույն արվեստ է»,- կարծում է Ս. Միքայելյանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել