«ԳԼՈԲԱԼԻԶԱՏՈՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵՔ…» Բաց նամակ Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանին, «Հայրենիք172Սփյուռք» 55-ամյա խմբագրության «հոբելյանական» փակման եւ Ռադիոյի օրվա առթիվ Պրն տնօրեն, գուցե տեղին կլիներ պատմել հայտնի անեկդոտը՝ կատվից ազատվելու նպատակով գյուղացու գործադրած ջանքերի մասին։ Բայց համոզված ենք, որ այն հիշեցիք ու ժպտացիք։ Շատ կցանկանայինք, որ մեր խոսքի շարունակությունն էլ ժպտալով կարդայիք։ Դուք միշտ ժպտում եք՝ անկախ այն բանից՝ ի՞նչ եք ասում, ո՞ւմ ճակատագրի հետ եք խաղում, ի՞նչ վճիռ եք կայացնում Ձեր՝ առայժմ անսահմանափակ իրավունքներից օգտվելիս… ժպտացեք։ Դուք հաղթել եք կատվից ժամանակավորապես ազատված գյուղացու պես։ Դուք Ձեր կոկորդից հանել, դուրս եք շպրտել այնտեղ շատ խոր մխրճված «Հայրենիք172 Սփյուռք» ծրագիրը, ավելի ճիշտ, այդ ոսկոր-խմբագրությունը։ Դուրս եք շպրտել, որովհետեւ կուլ տալ չէիք կարող։ Սակայն պարզվում է, որ դեռ մարսելու ինչ-որ բաներ ունեք, ամեն օր ժամը 21.10-ին հանրային ռադիոյի եթերից հնչեցնում եք «Հայաստանի ձայնի»՝ «Հայրենիք-Սփյուռք» ծրագրի խորագիրը։ Այսինքն՝ «Հայրենիք-Սփյուռք» խմբագրության ուրվականը հալածում է Ձեզ։ Ո՞ր «իմաստունի» խորհրդով եք այդ խորագիրը (ռուսերեն՝ ՔՈտՍՈ, որ նաեւ գլխարկ է նշանակում) դնում մեկ «Բյուրակն» գրական172 գեղարվեստական հաղորդումների գլխին, մեկ «Մամուլի տեսության», մեկ… Միեւնույն է, ում գլխին ուզում եք՝ դրեք, դա կարվել է հատուկ՝ միայն իր տիրոջ չափսով։ Դա ոչ մեկի «կոստյումի» մասը չի դառնալու, եւ «իմաստուն» խորհրդականիդ ականջները միշտ դուրս են ցցվելու այդ գլխարկի տակից, ինչպես Պուշկինի հայտնի էպիգրամում… «Հայրենիք-Սփյուռք» եւ «Սերունդ» ծրագրերի փակումր որեւէ կապ չունի այն պատճառաբանությունների հետ, որոնցով Դուք փորձում եք սքողել Ձեր «բարենորոգումները»։ Ձեր թիմի կարծիքով՝ երիտասարդական հաղորդումների «Սերունդ» ծրագիրն «իրեն սպառել էր» որպես այդպիսին։ Այսինքն՝ երիտասարդության խնդիրները՝ ուսումնակրթական, զինծառայություն, մարմնավաճառություն, թմրամոլություն, մուրացկանություն, ընտանիք, ինքնապաշտպանություն՝ աղանդավորական եւ հոգեւոր այլեւայլ օտարամուտ, այլասերող ներթափանցումների, ամեն տեսակ անբարոյականության դրսեւորումների եւ այլնի դեմ, լուծված են (հազա՜ր երանի մեզ)։ Ինչպե՞ս եղավ, որ «ոչ պատշաճ մակարդակի» հաղորդումներ պատրաստող հատկապես «Հայրենիք-Սփյուռք» խմբագրության բոլոր լրագրողներին, լուծարումից հետո, առանց բացառության, մեկ մարդու պես առաջարկեցիք աշխատել Ձեր մասնավոր «Արմեն-Ակոբ» հեռուստաընկերությունում։ Զավեշտալին այն է, որ նրանց անսահմանափակ հնարավորություններ էիք խոստանում՝ հայրենասիրական թեմաներով հաղորդումներ (՞) պատրաստելու համար, մի բան, որին կոչված էր եւ անում էր «Հայրենիք -Սփյուռք» ծրագիրը, եւ որի պատճառով էր այն դարձել Ձեր՝ Հայաստանի ռադիոյի այսօրվա ապազգային, թերեւս արդեն «գլոբալացված» այրերիդ աչքի փուշը։ Իսկ մեր «անմակարդակ» հաղորդումների՝ հայապահպանության եւ հայեցի դաստիարակության ուղղվածությունն ապահովում էին մեր հաղորդաշարերի խորագրերը՝ «Էջեր սփյուռքահայ գաղթօջախների պատմությունից», «Հայոց պատմության հիմնահարցեր», «Հայ ազգային-ազատագրական պայքարի պատմությունից», «Հայոց ցեղասպանություն. դատապարտում եւ ճանաչում», «Մեր լեզուն մեր հայրենիքն է», «Սփյուռքահայ մտավորականներ», «Սփյուռքահայ կրթօջախներ», «Սփյուռքահայ բարերարներ», «Դարավերջի խոհեր», «Հոգեւոր Հայաստան», «Արցախի ազատամարտի հերոսները» եւ այլն։ Մեր հաղորդումներն «անորակ» անվանելիս գուցե շփոթե՞լ էիք «Արմեն -Ակոբ» հեռուստաընկերության թողարկումների հետ։ Եթե մեր խմբագրությունը «Հայրենիք172 Սփյուռք» համահայկական երկրորդ համաժողովի նախօրյակին լուծարելու Ձեր նպատակը Հայաստանի եւ արտերկրի հայության միջեւ դավադրաբար մի նոր սեպ խրելն է (բաց նամակի հրապարակումից հետո Բեյրութը եւ Լոս Անջելեսը «եռում» են), մերը, սակայն, այլ է. համոզել, հորդորել նրանց գալ Հայաստան եւ այս աճպարարության համար պատասխան պահանջել երկրի նախագահից։ Այլապես ի՞նչ է նշանակում՝ սփյուռքահայությանն այստեղ հիշում են, երբ զգում են նրա ֆինանսական աջակցության կարիքը… Պրն տնօրեն, մենք ամենեւին այն կարծիքին չենք, թե Ձեր «գործունեությունն» աննկատ է մնացել «վերեւներում»։ Այս մասին գիտեն ե՛ւ ՀՀ ԱԺ-ում, ե՛ւ ԱԱՆ-ում, ե՛ւ ԱԳՆ-ում, ե՛ւ ՀՀ նախագահի աշխատակազմում։ Եթե այս պատմությունը մտահոգի ՀՀ նախագահին, անպայման շուտափույթ լուծում կտրվի, իսկ եթե ոչ՝ ՀՀ ԱԺ-ն ստիպված կլինի ընդունել մի նոր օրենք՝ «ՀՀ նախագահին «արջի ծառայություն» մատուցելու մասին»։ Այդ դեպքում լավ կլիներ, որ այն ընդունվեր մինչեւ «Հայրենիք-Սփյուռք» երկրորդ համաժողովը, որպեսզի տոնական այդ մթնոլորտում էլ Ձեզ եւ Ձեր բոլոր «իմաստուն» խորհրդատուներին հանձնեին հատուկ մրցանակներ՝ նման «հիշարժան» գործ կատարելու համար։ Դուք մայիսի 7-ին առանց մեզ նշեցիք ռադիոյի օրը։ Ձեր մասնագիտական տոնի առթիվ «Հայրենիք172 Սփյուռք» ծրագրի նախկին աշխատակազմի անունից «շնորհավորում ենք» Ձեզ, ՀՀՌԸ ղեկավարությանը, նրա բարձրագույն խորհրդին եւ ձեզ այդ պաշտոններում նշանակողներին (ընտրել եւ նշանակել բառերը Հայաստանում հոմանիշ են)… «Հայրենիք-Սփյուռք» խմբագրության եւ «Սերունդ» ծրագրի մի խումբ աշխատակիցներ