Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե գողը տնից չլինի, եզը երդիկից չեն հանի

Մայիս 08,2002 00:00

Եթե գողը տնից չլինի, եզը երդիկից չեն հանի Բաց նամակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ձեզ քաջ հայտնի է, որ մեր հանրապետությունը ագրարային երկիր է։ Մեծ է գյուղատնտեսության բնագավառի գիտնականների դերը եւ պատասխանատվությունը հանրապետության գյուղատնտեսության բոլոր ճյուղերի զարգացման համար։ Մի քանի անգամ դիմել ենք Ձեզ, որ առայսօր չենք ստացել պետական բյուջեից ֆինանսավորվող թեմաների կատարման համար 1999թ. նոյեմբեր, դեկտեմբեր, 2000թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, 2001թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին մեզ հասանելիք աշխատավարձերը եւ այդ տարիների համար հատկացված այլ ծախսերի գումարները։ Այդ բոլորը կատարել ենք մեր հաշվին։ Չէ՞ որ գիտական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են սարքավորումներ, ռեակտիվներ, գործիքներ, գործուղման ծախսեր եւ այլն։ Այժմ դրանց ավելացել են նաեւ 2002թ. հունվար, փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսները։ Պարոն նախագահ, մենք լուրջ ներդրումներ ունենք հանրապետության գյուղատնտեսության բոլոր ճյուղերում։ Մեր կողմից ներկայացված հաշվետվությունները գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել եւ հաստատվել են։ Գիտնականի իրավունքով հարցնում ենք Ձեզ, ողորմություն չենք խնդրում, ինչո՞ւ առայսօր թերթերի միջոցով եւ անձամբ Ձեզ մեր գրավոր ու օրինական պահանջներին լուծում չեք տվել։ Ի՞նչ է, դրոշակները ձեռքներիս ժողովրդի եւ ուսանողների հետ դուրս գանք փողո՞ց։ Հարցնում ենք նաեւ՝ ո՞վ կամ ովքե՞ր են յուրացրել մեր օրինական հասանելիք աշխատավարձերը։ Եվ ինչո՞ւ եք Դուք այդ հիմնահարցի նկատմամբ անտարբերություն ցուցաբերում։ Դուք ունեք ընտանիք եւ ընտանիքի հոգսերը լավ գիտեք։ Մի՞թե մոռանում եք, որ մենք էլ ունենք ընտանիք, որոնք աղքատության մեջ տառապում են եւ աչքերը գցել ու հույսները կապել են մեկ տարուց ավելի մեր չստացած աղքատավարձին (աղքատի վարձ)։ Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը կորցրել է մարդկային խիղճը եւ Ձեր հովանավորությամբ վատնում է մեր աշխատավարձը եւ գիտական թեմաների կատարման համար հատկացվելիք այլ ծախսերի գումարները։ Ժողովրդական առածն ասում է, որ եթե գողը տնից չլինի, եզը երդիկից չեն հանի։ Մեր համբերությունը հատել է։ Մեր հնարավորությունները մեծ են։ Չէ՞ որ մեր արմատները խոր են տարածված ժողովրդի մեջ։ Նորից ենք դիմում Ձեզ, կտրուկ միջոցներ ձեռնարկեք, սանձահարեք կապը կտրած նախարարին, կարգադրեք եւ պահանջեք լրիվ վճարելու մեզ հասանելիք աշխատավարձերը ու այլ ծախսերի համար հատկացված գումարները, խուսափեք անցանկալի բարդություններից։ Երբ երեխան սոված է, հաց է ուզում, ծնողը պատրաստ է զոհողության։ Մի՞թե դա հասկանալի չէ ոմանց… Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառի մի խումբ առաջատար գիտնականներ (թվով 23 ստորագրություն) Դեռեւս նախորդ երեքշաբթի ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը հավաստիացրեց, թե այս տարվա համար գիտնականներին աշխատավարձի ոչ մի պարտք չունեն։ Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք բողոքում վերջին չորս ամսվա աշխատավարձը չստանալու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել