Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ՍԿՍՎԵՑ

Մայիս 08,2002 00:00

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ՍԿՍՎԵՑ Ավանդույթ է դարձել «Սահմանադրություն եւ իրավունք» հանրապետական չորրորդ օլիմպիադայի անցկացումը Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ Կազմակերպիչն, ինչպես եւ չորս տարի առաջ, Սահմանադրական իրավունքի կենտրոնն ու ՀՀ իրավաբանների միությունն է։ Օլիմպիադայի հովանավորն էր Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը։ Եզրափակիչ փուլը կտեւի մայիսի 5-9-ը։ Ինչպես ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, «գիտելիքի տոնահանդեսին» մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի եւ Արցախի աշակերտական-ուսանողական թիմերը։ Այս օրերին նախատեսված են դատավարություններ, 70 զեկուցումներ՝ ուսանողների կողմից։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչները սահմանել են 11 հատուկ մրցանակներ (բացի նյութական մրցանակներից)։ Կլինեն եւ 127 մրցանակներ։ «Հաղթող-պարտվողներ այստեղ չեն լինի»,- ասաց Գագիկ Հարությունյանը եւ տեղեկացրեց, որ «աշակերտական պառլամենտը» օլիմպիադայի օրերին հրապարակելու է իր որոշումները։ «Իսկ որոշումներին տեղյա՞կ եք»,- հարցնում եմ նրան։ ՍԴ նախագահը տեղյակ չէր եւ չբացառեց… որ «աշակերտական պառլամենտն» անդրադառնա եւ «Ա1+»-ի խնդրին (մի բան, որ հարկ չհամարեց գործող պառլամենտը)։ Երեկ ճեմարանի մուտքը հեղեղված էր ավտոբուսներից իջնող դպրոցականներով, որոնք գրանցվել էին, մասնակցել 1-ին փուլին՝ բրեյնրինգին։ Ժամը 18-ին ճեմարանի աշակերտները հանդիսավոր բացումը սկսեցին թատերական ներկայացմամբ։ Ծովի հատակում կատարվող իրադարձություններ են, ձկներ, որոնք երազում են ցամաքի եւ այնտեղ ապրող մարդկանց, նրանց օրենքների մասին։ – 250 տարի ապրել եմ հատակում եւ մարդկանց լավ եմ ճանաչում։ Միթե նրանք պահպանում են օրենքը։ «Ծովերի արքան» հետաքրքիր հնարքի դիմեց՝ խոսափողը տրամադրելով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին։ Հարցին, անշուշտ, պատասխանեց ինչպես Գ. Հարությունյանը, այնպես էլ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Այսօր նախատեսվում է հանդիպում ՀՀ ՍԴ-ում, օլիմպիադայի արդյունքների հանդիսավոր փակումն ու դիսկոտեկ։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել