Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղություն դղյակներին, պատերազմ՝ խրճիթներին

Մայիս 08,2002 00:00

Խաղաղություն դղյակներին, պատերազմ՝ խրճիթներին 86-ամյա Հասմիկ մայրիկը կենսաթոշակի ավելացրած մասը հատկացնում է էժանագին դեղորայքների, որոնցով մի կերպ կանոնավորում է շնչառությունը, մնացած փողը հերիքում է մի քանի օրվա ցամաք հացի։ Տղան հաշմանդամ է, աղջիկն ու հարսը՝ գործազուրկներ։ Թոռը մայթեզրին ծառ ու ծաղիկ է աճեցնում. նա արցախյան պատերազմի մասնակից է, չնչին աշխատավարձով մի գործ է գտել եւ չի ուզում շատերի նման լքել հայրենիքը։ Ընտանիքի միակ աշխատողն է, մի կերպ պահպանում է տան զարկերակի տրոփյունը։ Իսկ աչքերը թախծոտ են՝ «թունելի վերջի» աղոտ լույսի պես։ – Ինձ կանչել են դատախազի մոտ,- ասում է Հասմիկ մայրիկը,- խմելու ջրի վարձի պարտքերիս համար։ Մարդ էլ Աստծո ջրին պա՞րտք մնա… Ինչպե՞ս վճարեմ, ոչ մի օգնություն, ոչ մի նպաստ չեմ ստանում։ Ջրի վարձը գանձում են շնչի քանակով, էլ չեն ասում՝ այս պայմաններում որքան շունչը շատ՝ այնքան ապրուստը դժվար է։ Խելքները չի կտրում գոնե «ըստ ծխի» գանձեն, թե չէ ստացվում է՝ որքան շատ՝ այնքան վատ։ Փոխարենը ասում են՝ մեր աշխատավարձերը բարձրացրեք, որ կաշառք չվերցնենք։ Բայց ասված խոսք է՝ ով քչից չկշտացավ, շատից էլ չի կշտանա… Երեւի չունեւորներս կանգնենք դատարանի առաջ, փոխանակ կանգնեն անօրեն ունեւորները՝ բաշարող-թալանողները (խոսքն էլ թուրքերեն է գալիս)։ Էսա կանջատեն ջուրը, ինչպես հեռախոսը, գազը, լույսը։ Քիչ է մնում օդն էլ անջատեն,- մռայլ կատակում է նա, վերջում ավելացնում իր անփոփոխ պատվիրանը. ինչ ուզում է լինի, Ղարաբաղը չպետք է տալ։ Շինարար վարպետ Բենիկը, որ հիմա մշտական աշխատանք չունի, այս ու այնտեղ օրնիբուն հող է մշակում՝ մի բոքոն հացի համար։ – Հողը հոգնել է մեզանից, միայն մոլախոտ է տալիս։ Թունադեղեր է ուզում, պարարտանյութ է ուզում, իսկ դա կախված է փողից, ծախսերից։ Ինչպես ասում են, մի կոպեկով շուն ենք խուզում, երկու կոպեկ տալիս՝ ձեռքներս լվանում։ Հարկերի, վարձերի տակ չենք կարողանում ազատ շունչ քաշել։ Մնում է միայն դագաղ պատվիրել,- դարձյալ մռայլ կատակում է վարպետ Բենիկը։- Կատակը՝ կատակ, բայց ինչո՞վ պատվիրել, պարտքով չեն տալիս։ Ստացվում է, որ մեզ համար մեռնելն ավելի մեծ պրոբլեմ է,- տխուր ժպտում է նա, իսկ հայացքի դեմ, անշուք խաչերի կողքին գերեզմանատանը խոյացող շքեղ հուշարձաններն են, որոնք ասես ճշգրիտ պատճեններն են հոգսերի տակ կքած խրճիթների կողքին լիաթոք շնչող շքեղ դղյակների։ – Ես լսել եմ,- շարունակեց վարպետ Բենիկը,- որ Ռեյգանը կրիտիկական պահերին բարձր հարկեր էր գանձում ունեւորներից, իսկ քիչ եկամուտ ունեցող անձանց ընդհանրապես չէր անհանգստացնում, որովհետեւ ասում էր, եթե մարդ կարողանում է ինքն իրեն օգնել, ապա պետք է թույլ տալ, որ նա ինքն իրեն օգնի։ Այդ պարզ բանը մեզ մոտ չեն ուզում հասկանալ։ Եթե չկա աշխատանք, ուրեմն կառավարությունը չի կատարել իր հիմնական խնդիրը։ Նույն հաջողությամբ այդ խնդիրը կարող էր չկատարել նաեւ քիչ նախարարություններով ու քիչ ուռճացված կառավարությունը։ Վարպետ Բենիկը ձեռքը թափ տվեց ու բահը խրեց մոլախոտերով պատված ճումբի մեջ։ ԷԴՈՒԱՐԴ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031