Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱՆՐԱԴԻՏԱԿԻ ՏԱԿ

Մայիս 08,2002 00:00

ՄԱՆՐԱԴԻՏԱԿԻ ՏԱԿ Սա Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդու օբյեկտն է (տես առաջին նկարը)։ Գտնվում է Ավանի Խուդյակով փողոցում, շուկայի հարեւանությամբ, առեւտրի համար շատ աշխույժ ու հարմար վայրում։ Ենթադրվում է, որ այս շինությունը որպես խանութ է ծառայելու։ Խոստովանենք, նման դեպքերում, երբ իմանում ենք այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային պատկանող (տվյալ դեպքում որդունն է, հորն է՝ տարբերությունը մեծ չէ) սեփականության կամ բիզնեսի մասին, առաջին միտքը, որ ծագում է, հետեւյալն է. բիզնեսը հիմնելիս եւ սկսելիս օգտագործվել են իր ունեցած պետական ու պաշտոնական լծակները։ Որովհետեւ Հայաստանն ընդամենը հաշված տարիներ առաջ է անցել շուկայական տնտեսության, իսկ խորհրդային տարիներին, այսպես ասած, հավասարություն էր, ոչ մեկը միլիոններ չուներ, ժառանգություն էլ միլիոնից մեկն էր ստանում։ Ճիշտ է, սիրուն չի ուրիշի գրպանի փողերը հաշվելը, բայց Անդրանիկ Մարգարյանն ուրիշ չի, մեր վարչապետն է, Տարոն Մարգարյանն էլ մեր վարչապետի որդին է։ Այնպես որ, հաշվենք։ Այսպիսով, հարցը բնական է, թե ինչ միջոցներով եւ ինչպես է վարչապետի որդին՝ Տարոն Մարգարյանը, նոր բիզնես սկսում։ Չնայած որոշ միջոցներ կարող էր արդեն կուտակած լինել. հայտնի է, որ Տ. Մարգարյանը երթուղային տաքսու մի քանի շահավետ գծեր ունի։ Իսկ գծերի մասին առանձին է գրվել «Առավոտում»։ Օբյեկտի սեփականատերը «Ռոբերտ եւ Տարոն» ՍՊԸ-ն է։ Սույն ՍՊԸ-ի փայատերերից մեկն էլ Տարոն Մարգարյանն է։ Ցավոք, Տ. Մարգարյանի փողերի ծագման մասին անձամբ առաջին աղբյուրից տեղեկություն ստանալ չհաջողվեց, որովհետեւ «անհասանելի» էր։ Իհարկե, ոչ ոք չի ասում, թե վարչապետի որդին չպետք է փող կամ սեփականություն ունենա, բայց պետք է նկատի ունենալ, որ եթե նա բիզնես սկսելիս ունեցած լծակներով շահեկանորեն տարբերվում է իր հնարավոր մրցակիցներից, ապա մեկ ուրիշ հարցում բախտը չի բերել՝ ինքը գործում է մանրադիտակի տակ։ Ուստիեւ, ուշագրավ է, որ «Առավոտին» հասած տեղեկություններով, թույլ են տրվել որոշ խախտումներ։ Նախ հարցումները վկայեցին, որ տարածքը «Ռոբերտ եւ Տարոնին» է տրամադրվել խախտումներով։ Պարզեցինք, որ այս աչք շոյող խանութի (պայմանականորեն այսպես կոչենք) տեղում երկու կամ ավելի կրպակներ են եղել, որոնցից մեկն էլ պատկանել է ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանի որդուն։ Հետո պարոն Կոստանդյանը ճշտեց, որ ոչ թե որդուն, այլ հորը, որին հիշյալ հատկացումն արվել է դեռեւս 1985թ.՝ որպես Հայրենական մեծ պատերազմի մասնակցի։ Եվ «Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ դժգոհեց, որ ժամանակին էր պետք խնդրին անդրադառնալ, երբ «քաղաքային վարչության պետի, նրա տեղակալների, ՆԳ համակարգի միջամտությամբ… տեսնել էր պետք, թե ինչ էր կատարվում»։ Մեր խնդրանքով ԱԺ պատգամավորը ներկայացրեց որոշ դիտարկումներ. նախ աճուրդ կազմակերպվում է ազատ հողատարածքի համար, մինչդեռ, խանութի տարածքում նախկինում մի քանի կրպակ է եղել։ Բացի այդ, համաձայն օրենքի, փոխհատուցում պետք է տրվեր, որովհետեւ այդ տաղավարներն օրինականորեն էին գործում, հարկ ու տուրք վճարում։ Իսկ աճուրդի մասին հայտարարություն չի եղել։ Հողատարածքը վաճառվել է կոպեկներով։ Տեղեկացանք, որ «Ռոբերտ եւ Տարոնին» 80 քմ հողատարածք է հատկացվել, սակայն աչքաչափով գերազանցվել է այդ չափը (տես երկրորդ նկարը), ինչպես նաեւ խախտվել է նախատեսված կոնֆիգուրացիան։ Իսկ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից տեղեկացանք, որ այն գրանցված էլ չէ, ինչը նույն տեղում բացատրեցին, որ նոր Հողային օրենսգրքի համաձայն, ընդունելի է։ Երեկ քաղաքապետարանի ճարտարապետական վարչությունից չհաջողվեց պարզաբանումներ ստանալ։ Իսկ ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչությունից խոստացան ուսումնասիրել եւ արդյունքների մասին հաղորդել։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել