Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՐԱԴԱԴԱՐ

Մայիս 08,2002 00:00

ՀՐԱԴԱԴԱՐ Թեեւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը լրագրողներին հայտնել էր, որ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ նախաձեռնած խմբի հիմնական զեկուցող Վարդան Բոստանջյանը քվեարկությունից առաջ հետ կվերցնի իր խոսքերը եւ կխոստովանի, թե սխալվել է օրինագծից առժամանակ հանելով 23-րդ հոդվածը, երեկ արտահերթ նիստում օրենքը 79 «կողմ» ձայներով ընդունվեց առանց այդ հոդվածի։ Հիշեցնենք, որ 23 հոդվածով սահմանվում էր ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը՝ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների ներկայացուցիչներ+նախագահի 3 ներկայացուցիչ։ Ճիշտ է, կանոնակարգը հնարավորություն չէր ընձեռում, որ հիմնական զեկուցողի եզրափակիչ խոսքից հետո որեւէ փոփոխություն արվեր, անգամ եթե նրա առաջարկն իրոք համաձայնեցված չէր օրինագծի այլ համահեղինակների հետ։ Բայց ինչպե՞ս եղավ, որ ՀՀԿ-ն լուռումունջ հաշտվեց 23 հոդվածի ժամանակավոր կորստին։ Մեր հարցին, թե ի՞նչ էր նախորդել այս ամենին, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ինչ որ նախորդել էր՝ դուք հասկանում եք»։ Ենթադրելի է, որ նրա վրա ճնշում էր գործադրվել, որպեսզի ներողություն խնդրի եւ վերականգնի այդ հոդվածը, սակայն Բոստանջյանը հրաժարվել էր։ Ուստի II ընթերցման ժամանակ հիմնական զեկուցողն այլեւս նա չի լինի, այլ ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը։ «Այդուհանդերձ, ինձ թվում է, որ սխալ չեմ արել։ Իմ կարծիքով, ճիշտ քայլ եմ կատարել»,- ասաց պրն Բոստանջյանը։ Վստահ ենք, որ ընտրական հանձնաժողովներում 3 ներկայացուցիչ նշանակելու իրավունքը կառավարությունից նախագահին փոխանցելու նախաձեռնությունը շատ արագ նորից կհայտնվի օրակարգում։ Իսկ մինչ այդ՝ վտանգված է նաեւ 94 համամասնական, 37 մեծամասնական հարաբերակցության վերաբերյալ օրենսդրորեն ամրագրված պայմանավորվածությունը։ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությամբ, դեռեւս վաղ է Հայաստանում այդ հարաբերակցության եռակի մեծ տարբերություն սահմանելը՝ հօգուտ համամասնականի։ Իսկ ԸՕ-ում փոփոխությունները ԵԽ-ին մեր պարտավորությունների ցանկում են։ Ուստի եւ կարող է տեղին լինել շուրջ 60 պատգամավորների (պաշտոնապես դեռեւս չներկայացված) նախաձեռնությունը 66/65 հարաբերակցություն սահմանելու մասին։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել