Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փնթիությունը շարունակվում է

Մայիս 08,2002 00:00

Փնթիությունը շարունակվում է «Տավուշի մարզի թիվ 75 ընտրատարածքում ապօրինությունները շարունակվում են»,- «Տարեգիրի» թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը: Այդ ընտրատարածքում ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 1-ը պետք է ձեւավորվեին տեղամասային ընտրական հանձնաժողովներ, ինչը, սակայն, չի արվել: «Եվ ՄԸՀ-ի, ե՛ւ ԿԸՀ-ի, ե՛ւ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի ուշադրությունը մենք հրավիրել ենք այս բոլոր խախտումների վրա, բայց կարելի է արձանագրել, որ որեւէ գործընթաց՝ կապված այս ընտրատարածքի հետ, առանց խախտումի ուղղակի չի անցնում,- ասաց Անդրանիկ Հովակիմյանը,- չեն կարողանում նույնիսկ սահմանված ժամկետում ձեւավորել հանձնաժողովները, երբ ԿԸՀ-ն դրա կատարման համար օրացուցային պլան է կազմել»: Սակայն ամենաանհեթեթն, ըստ Անդրանիկ Հովակիմյանի, այն է, որ մինչ օրս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը չի ներկայացրել այն վճիռը, որով ՀՀՇ-ն բողոքարկում էր Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովի որոշումը: «Մինչեւ հիմա այդ վճիռը չեն տալիս, որպեսզի մենք էլ կարողանանք մեր օրինական իրավունքներն օգտագործել եւ դիմենք վերաքննիչ դատարան: Նախորդ անգամ դատավորը դատարանում վճիռը կարդալիս ասաց, որ այդ վճիռը բողոքարկման ենթակա չէ, այնինչ դա այդպես չէ: Ուղղակի դատավորը, երեւի, ՀՀ ընտրական եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքերի հետ ծանոթ չէ»,- ասաց ՀՀՇ վարչության գործադիր քարտուղարը: Ի դեպ, մայիսի 13-ին կներկայացվի ՀՀ ՆԳՆ Անձնագրերի եւ վիզաների վարչության վերաքննիչ բողոքը՝ Երեւանի Նորք-Մարաշ, Կենտրոն համայնքների առաջին ատյանի դատարանի վճռի հանդեպ՝ պարզելու համար՝ Վանո Սիրադեղյանը մինչեւ 2000 թ. ապրիլի 4-ը ՀՀ-ում բնակվե՞լ է, թե՞ ոչ, այնինչ մայիսի 19-ին պետք է կայանան թիվ 75 ընտրատարածքի ընտրությունները: «Սա էլ է հերթական աբսուրդը: Վերաքննիչ բողոքը փաստորեն լսվելու է ընտրություններից 5 օր առաջ»: Եթե, այսինքն, վերաքննիչը ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի որոշումը, եւ ՄԸՀ-ն գրանցի պատգամավորության թեկնածուին, ապա նա իր ընտրարշավը կազմակերպելու համար ունենում է ընդամենը 5 օր: Սա՝ ՄԸՀ-ի ամենաօպերատիվ գործունեության դեպքում: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ www.taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել