Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ նախագահի ելույթը դիրքորոշո՞ւմ էր

Մայիս 08,2002 00:00

ՍԴ նախագահի ելույթը դիրքորոշո՞ւմ էր Օրերս ինչ-որ խնդրով գնացել էի Սահմանադրական դատարան, բնականաբար հանդիպեցի նաեւ Լրատվական ծառայության պետին: Քանի որ հանդիպումը նախատեսված չէր, սովորույթի համաձայն՝ սկսվեց զրույց ամեն ինչի ու ոչնչի մասին: Կարծեմ գրականության մասին էինք խոսում, հետո անցանք Գրողների միության նախագահին, համագումարներին:8230 Ու հանկարծ պրն Պապիկյանը բազմանշանակ ժպիտով սկսեց պատմել, թե վերջերս Շիրազի մի ելույթի տեքստն է նորից լսել, որը ինքն է ձայնագրել Գրողների միության 6-րդ /թե՞ 7-րդ, ինչեւէ, հերթական/ համագումարում՝ 1976-ին: Հատվածներ կան, որ դժվար է վերծանել, արխիվից հանել է «Գրական թերթի» 1976 թվականի համարները: Պարզվել է, որ խնդրո առարկա համագումարի աշխատանքները լուսաբանված են, բայց Շիրազի ելույթի մասին բառ իսկ չկա, ասես այդ ելույթը չի էլ եղել: «Մինչդեռ Շիրազն այնտեղ 43 րոպե տեւողությամբ ելույթ ունեցավ,- շարունակեց պրն Պապիկյանը,- օվացիաները չէին դադարում, մանավանդ, երբ Շիրազն իրեն հատուկ հումորով ասաց. «Ընկեր Դեմիրճյանին էլ կարդացի, հավանեց»: Դեմիրճյանն էլ էր մասնակցում համագումարին: Իսկ Գրողների միության պաշտոնաթերթում այդ մասին ոչ մի բառ: Ուղղակի չես հասկանում, թերթերը պատմությունն արձանագրու՞մ են, թե՞ աղավաղում»: Ինքնին պատմվող միջադեպը այնքա՜ն թափանցիկ ակնարկ էր: Երբ Կարեն Սերոբիչի մասին էլ հիշատակվեց, այլեւս երկմտանքի տեղիք չէր մնում, ուղղակի հարցրի. «Դուք էլ մտապահել եք եւ ակնարկում եք, որ ԱԺ պաշտոնաթերթը՝ «Հայաստանի Հանրապետությունը», չանդրադարձավ Դեմիրճյանի 70-ամյակին նվիրված հուշ երեկոյի՞ն, ինքնաբերաբար նաեւ ՍԴ նախագահի ելույթի՞ն»: «Այո,- եղավ պատասխանը:- Մեկը լինի, «ՀՀ» խմբագրին հարցնի, թե ապրիլի 17-ին, ժամը 16-19-ը որտե՞ղ էին, ինչո՞վ էին զբաղված երկրի ղեկավարները՝ ՀՀ նախագահը, ԱԺ խոսնակը, վարչապետը, նախարարները: Կամ ենթադրենք, խմբագրին դուր չէր եկել Գ. Հարությունյանի ելույթը, որն ի դեպ հոտնկայս ծափահարությունների արժանացավ բոլորի կողմից, նախագահից սկսյալ, մի՞թե դա պատճառ է, որ թերթի 8 էջերում մի փոքրիկ անկյուն էլ «չգտնվեր» սպանված ԱԺ նախագահի հուշ-երեկոյի համար»: Ահա այդպես: «ՀՀ» խմբագիրն ունի՞ որեւէ պատճառաբանություն, բացատրություն. չգիտեմ: Բայց ՍԴ-ում իմ ունեցած զրույցի մասին որոշեցի գրել: Այն, ինչ ասվեց, հիմք է եզրակացնելու, որ ՍԴ նախագահի ելույթը Կարեն Սերոբիչի 70-ամյակի հուշ-երեկոյին, դրան տրված տարբեր մեկնաբանություններով հանդերձ, չի եղել հերթապահ խոսք, այլ՝ դիրքորոշում: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «հեռատեսությունն» էլ՝ այն լռության մատնելու, եղել է թյուր հաշվարկ: Անձամբ ՍԴ նախագահից չեմ ճշտել, արդյո՞ք ճիշտ եմ իմ դիտարկման մեջ, թե ոչ, բայց կարծում եմ, այն ինչ խոստացվել էր պրն Հարությունյանի կողմից դեռ մարտ ամսին «Առավոտին» տրված հարցազրույցում, եղավ: Այն է՝ Դեմիրճյանի կյանքին եւ ժամանակին նվիրված ելույթում եղան անդրադարձներ նաեւ մեր իրականության այլ ծալքերի, ներկայացվող արժեւորումները ինչ-ինչ հարցերի պատասխանեցին: Եվ դա անիմաստ է շրջանցել: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել