Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

21-ՐԴ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 08,2002 00:00

21-ՐԴ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Երեկ արտահերթ նիստի ընթացքում օրենսդիր մարմինն ապացուցեց, որ արդեն լիովին է վերափոխվել գործադիր իշխանության որոշումների դակիչի։ Հազիվ 3 ժամանոց արտահերթ նիստի ընթացքում ԱԺ-ն 1172ին ընթերցմամբ ընդունեց եւ օրենքի ուժ տվեց մի կարեւոր պայմանագրի, որին ծանոթ չէին, եւ հարկային ու մաքսային արտոնություն տրամադրեց մի հիմնադրամի, որի գրանցված լինել-չլինելու հարցը վիճարկվում էր։ Կառավարության այս նախաձեռնություններին կուրորեն, փակ աչքերով «կողմ» քվեարկեցին ՀՀԿ-ն, ԺԴԿ-ն, ՀՅԴ-ն, «Օրինաց երկիրը», «Ժողովրդական պատգամավորը», «Ագրոարդյունաբերողները» եւ ՀԺԱՄ-ը։ Խորհրդարանական ընդդիմությունը ապարդյուն փորձեր էր անում հետաձգել վիճելի հարցերի քվեարկությունը։ Դրանցից ամենակարեւորը թերեւս «Ավիացիայի մասին» օրենքի նախագիծն է, որի 3-րդ հոդվածում նշված է. «Բոլոր կանոնները, հրամանները, հրամանագրերը եւ այն կանոնակարգերը, որոնք առնչվում են քաղաքացիական ավիացիային, պետք է համապատասխանեն կոնցեսիոն պայմանագրին եւ պայմանագրի փոփոխություններին»։ Կոնցեսիոն այս պայմանագիրը 2001 թ. դեկտեմբերին կնքվել էր ՀՀ կառավարության եւ Էդուարդո Էռնեկյանի գլխավորած «Աէրոպուերտոս-Արգենտինա» ընկերության միջեւ, որով վերջինիս, ըստ լուրերի, տրվում էին մի շարք մենաշնորհային եւ անգամ պետական լիազորություններ հայկական ավիացիայի նկատմամբ։ Ըստ միայն լուրերի, քանզի թեեւ «Ավիացիայի մասին» օրենքի ապրիլի 30-ի քննարկման ժամանակ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը պահանջել էր ԱԺ-ին տրամադրել այդ պայմանագիրը, որը փաստորեն գերակա է օրենքի նկատմամբ, մինչեւ 1-ին ընթերցմամբ օրենքի ընդունումն այն այդպես էլ հասանելի չդարձավ պատգամավորներին։ Հայկ Բաբուխանյանը երեկ հայտարարեց, թե այդ պայմանագիրը «ոչ այլ ինչ է, քան հայկական ավիացիայի օտարումը պետությունից եւ «Զվարթնոց» օդանավակայանի նվիրումը մեկ գործարարի»։ Արշակ Սադոյանն, իր իսկ բնորոշմամբ՝ ոչ օրինական ճանապարհով կարողացել էր ձեռք բերել այդ պայմանագիրը։ Եվ երկու օր այն ուսումնասիրելուց հետո եկել էր համոզման, թե այն իր ամեն տողով խախտում է մեր Սահմանադրությունը եւ դրա մեջ որեւէ խոսք չկա ներդրումների ծավալի կամ ժամկետների մասին. «Որեւէ պարտավորություն չկա, բացի կառավարության պարտավորություններից»։ Ստեփան Զաքարյանը, որը նույնպես ծանոթ էր պայմանագրին, հավելեց, թե օդանավակայանը 30 տարով չի տրվում, այլ հավերժ, որովհետեւ կառավարությունը ոչ մի լծակ չունի ընդհատելու պայմանագիրը։ Այսուհանդերձ, միայն 14 պատգամավոր «դեմ» քվեարկեց «Ավիացիայի մասին» օրենքին, 66-ը «կողմ» էին։ Նրանց մեջ էր, ասենք, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, որն, ի պատասխան Սադոյանի հարցի, խոստովանեց, թե չի էլ տեսել այդ պայմանագիրը։ Կողմ էին նաեւ դաշնակցականները, որոնց անունից Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե իրենք էլ մտահոգություններ ունեն այս պայմանագրի առնչությամբ, որի տեքստին ծանոթ անձինք «մտահոգիչ տեղեկություններ են հայտնում» մենաշնորհային պայմանների եւ անվտանգության վերաբերյալ։ ՀՅԴ խմբակցությունը պայման դրեց, որ մինչեւ օրենքի 2-րդ ընթերցմամբ ընդունումը պիտի ծանոթանան պայմանագրի տեքստին։ Պայմանն ընդունվեց, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խոստացավ պայմանագիրը տրամադրել ԱԺ-ին։ «Մեր այս բոլոր մտահոգությունները պիտի սփոփանք առնեն»,- ասաց ԱԺ նախագահը։ Եվ խորհրդարանական մեծամասնությունը նախ հավանություն տվեց պայմանագրին այն «սփոփանքով», որ իրեն հետո հնարավորություն կտան տեղեկանալու, թե այդ ինչին էր հավանություն տալիս։ Գրեթե հեքիաթային պայմաններ են՝ «գնա այնտեղ՝ չգիտեմ որտեղ, բեր մի բան՝ չգիտեմ ինչ բան»։ Հաջորդ խայտառակ քվեարկությունը «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների գծով արտոնություն տրամադրելն էր։ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե մինչեւ մայիսի 3-ը «այդ հիմնադրամը գրանցված չէր։ Չի՛ կարելի օրենքով տալ արտոնություն մի կազմակերպության, որը որպես իրավաբանական անձ գոյություն չունի»։ Անկախ ամեն ինչից՝ կառավարության նախաձեռնությունն ընդունվեց 57 «կողմ» ձայների շնորհիվ (միայն 27-ն էին «դեմ»)։ Եվ էլի խոսափողին մոտեցավ Վահան Հովհաննիսյանն ու ասաց, որ թեեւ իրենք կողմ էին, բայց ցանկանում են իմանալ՝ գրանցվա՞ծ է այդ հիմնադրամը, թե՞ ոչ։ Շուրջ կես ժամ տեւած բանավեճից հետո միայն Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, թե գրանցված է։ «Վարյանտ չկա՛։ Խաբե՛լ է արդարադատության նախարարը։ Երեկ գրանցված չէր»,- արձագանքեց Արշակ Սադոյանը։ «Իրավունք եւ միաբանությունն»՝ ի նշան բողոքի, լքեց դահլիճը։ Հայկ Բաբուխանյանը նախապես հրապարակեց խմբակցության հայտարարությունը. «Այս մոտեցումն ԱԺ նկատմամբ, երբ պատգամավորները չեն կարող ընդհանրապես հասկանալ՝ գրանցվա՞ծ է այդ կազմակերպությունը, թե՞ գրանցված չէ, երբ գցում են թյուրիմացության մեջ, երբ քվեարկում ենք օրենքներ, որտեղ կան հղումներ պայմանագրերին, եւ մենք տեղյակ չենք այդ պայմանագրերից՝ համարում ենք խիստ վիրավորական։ Մենք գտնում ենք, որ դա նաեւ վնասարարություն է մեր ազգային շահերի նկատմամբ»։ Կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանը նախապես էր իր գործընկերներին կոչ արել այնպես գործել, որ չարմատավորվի համոզումը, թե ԱԺ-ն կառավարության մի ստորաբաժանումն է։ Իսկ այս բոլոր քվեարկություններից հետո Թռչունիչը հայտարարեց. «Կառավարությունը ոչ թե 20 նախարարություն ունի, այլ 21, որի նախարարն էլ Խաչատրյան Արմենն է»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել