Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցինիզմն ու անգթությունը անուն չունեն

Մայիս 07,2002 00:00

Ցինիզմն ու անգթությունը անուն չունեն 1988 թվականին Գավառից եկած մի քաղաքացի յուրօրինակ «հավաքածու» էր ցուցադրում Ազատության հրապարակում։ 3500-ից ավելի դիմումներ, խնդրագրեր էին դրանք՝ ուղղված այն ժամանակվա կոմունիստական վարչախմբին, որոնք անպատասխան էին մնացել եւ կամ զարկվել Լենինի, Ստալինի, Մոլոտովի, Սուսլովի եւ էլի չգիտեմ ում գերեզմանաքարերին։ Գավառից եկած քաղաքացու՝ այս դեպքում արդեն «հեղինակային իրավունքը» խլել է կամ իր հավաքածուն է մեզ տրամադրել Նորագավիթի բնակիչ Հայրապետ Խաչատրյանը։ 1000-ից ավելի նամակներ, դիմումներ է նա ուղարկել հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների եւ նամակների բաժին, այնտեղից էլ նամակները «գործուղել» են սոցիալական ապահովության նախարարություն։ «Որտեղից կստանաք պատասխանը» հղումով։ «Որտեղից» չի ստացել Հայրապետ Խաչատրյանը եւ ոչ մի պատասխան։ Դիմել է կառավարության աշխատակազմ, այնտեղից էլ «հայտնել» են, որ «դիմումը ուղարկված է Երեւանի քաղաքապետարան»։ «Որտեղից կստանաք պատասխան». դարձյալ նույն հղումով։ ԱԺ-ի՝ Հ. Խաչատրյանին ուղղված խոստումը այլ ձեւակերպում է ունեցել. «որտեղից եւ պետք է ստանալ պատասխանը», սակայն ոչ ոք ըստ էության հարկ չի համարել ընդունել ծերունուն, հասկանալ, թե ով է՝ այսօր արդեն մուրացկանի անխնամ արտաքինով մարդը, Երկրի քաղաքացին։ Հայրապետ Խաչատրյանը 1950 թվականին Նախիջեւանից եկել է Երեւան։ Սպարապետ Գարեգին Նժդեհի մտերիմ ընկերը՝ Շապուհ Շմավոնը Հ. Խաչատրյանին է նվիրում իր սեփական հողամասը, ուր Գ. Նժդեհի հետ կառուցել էր եկեղեցու շենք։ Շենքի պահպանությունը մնում է Հ. Խաչատրյանի վրա։ Շարժման օրերին ծերունին իր ուժերով կառուցած բնակելի մի քանի տները տրամադրում է Արցախի օդաչուներին։ Հետագայում նրա 4000 քմ հողատարածքում կառուցվում են ապօրինի շինություններ (ինքնակամ կառույցներ), իսկ ծերունուն դաժան ծեծի են ենթարկում, վախեցնելով նրան՝ տարածքը զավթելու նպատակով (ոմն Փայլակ Բաբայան)։ Մենք «Առավոտում» անդրադարձել էինք այն չինովնիկներին, որոնք այս ծերունուն «մահվան թուղթ» էին շնորհել եւ հաստատում էին, թե նա մեռած է։ Ցինիզմին ու անգթությանը ի՞նչ անուն տաս։ Երբ այսպես կոչված ուժեղներից փող են լափում, ինչ-որ մեկին մեռած համարելու եւ նրա վերջին ծածկն անգամ զավթելու համար։ Իսկ նախագահի աշխատակազմը կույր է։ Խուլ է կառավարությունը։ Անտարբեր՝ սոցիալական ապահովությանը միտված նախարարությունը։ Մահվան թուղթ տվածները մեռած են։ Հ. Խաչատրյանը ասում է, որ իր «գործի» մասին տեղյակ է եղել հանգուցյալ վարչապետ Վ. Սարգսյանը, որը հանձնարարական էր իջեցրել քաղաքապետարան. վերականգնել 4000 քմ հողը եւ եկեղեցին, բնակելի 3 տները։ Պատմական փաստաթղթերով հանդերձ։ Հ. Խաչատրյանի արխիվը թաղապետարանում թալանված է։ Եվ «հանգուցյալը» կենդանիներից (բառի ուղիղ իմաստով) մի պահանջ ունի. իր սեփականատիրոջ իրավունքները պաշտպանել, քանզի, երբ հաստատվի, որ իրեն պատկանող տարածքն իրենն է, նա մի երազանք ունի. բացել Նժդեհի եկեղեցու եւ իր տան դռները… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել