Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդները մարվում են «Նիվայո՞ւմ»

Մայիս 07,2002 00:00

Ավանդները մարվում են «Նիվայո՞ւմ» ՀՀ գլխավոր դատախազ Ա. Թամազյանին Պատճենը՝ «Առավոտ» թերթի խմբագրությանը Մեծարգո պարոնայք, 02.04.2001թ. ավանդ եմ ներդրել «Կրեդիտ-սերվիս» բանկում։ Մինչեւ 02.10.01թ. ընկած ժամանակահատվածի համար, պայմանագրի համաձայն, բոլոր տոկոսները ստացել եմ (վեց ամսվա)։ 2001թ. հոկտեմբերի 2-ին, բացի տոկոսը, ցանկանում էի ստանալ նաեւ ավանդի գումարը, սակայն բանկի հաշվապահ Սամվել Գրիգորյանը համոզեց, որ այս բանկը լավ բանկ է, ավանդդ մի հանիր, եւ ավանդս չտվեցին։ Փոխարենն առաջարկեցին ստորագրել համաձայնագիրը, որով պայմանագրի ժամկետը նույն պայմաններով երկարացվեց մինչեւ 02.04.02թ.։ 2001թ. հոկտեմբերի 2-ից մինչեւ 21.03.02թ. ոչ մի տոկոս չեն տվել մարտի 21-ին իմ կողմից ներդրված 500.000 դրամ ավանդից։ Սակայն կենտրոնական բանկի դիմացի փողոցում «Նիվա» մեքենայի մեջ ինձ վերադարձրին 496.300 դրամ եւ վերջ։ Երբ պահանջեցի տոկոսները՝ անցած ամիսների համար, «Կրեդիտ-սերվիսի» ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար Տիգրան Միրզոյանը ինձ տվեց մի թուղթ, որի վրա ոչինչ չի երեւում, բացի ձեռագրով գրած իմ անուն-ազգանունից, 7165,20 դրամից եւ չորս հոգու ստորագրությունից, որոնցից մեկը իբր թե իմ ստորագրությունն է։ Տալով թուղթը՝ Տ. Միրզոյանը ասաց, որ 2001թ. հոկտեմբերի համար ինձ տոկոս վճարել են եւ բացի 496.300 դրամից, ինձ ոչինչ չի հասնում։ Հայտնում եմ, որ 02.10.01թ. -21.03.02թ. ինձ ոչ մի տոկոս չեն տվել։ Եվ իմ ավանդի գումարից պակաս են տվել 3700 դրամ։ Տիգրան Միրզոյանի տված թղթում իմ ստորագրությունը կեղծված է, իմը չէ։ Այդ թղթի վերեւի աջ անկյունում թվագրված է հուլիսի 27.1999թ., այսինքն այդ թուղթը ընդհանրապես կապ չունի իմ ավանդի հետ։ Ես 75 տարեկան եմ, 2-րդ կարգի հաշմանդամ, թոշակառու եւ այդ ավանդը իմ միակ գոյատեւման աղբյուրն էր։ Ինչպե՞ս է Տ. Միրզոյանը համարձակվում խաբել ինձ։ Երբ կատարվածի մասին 27.03. 02թ. գրավոր հայտնեցի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին, ինձ մի պատասխան է ուղարկվել, որում խոսք է գնում ընդհանրապես այլ բանի մասին։ Միայն վերջին տողում ինձ առաջարկում են, որ բողոքիս հարցով դիմեմ ժամանակավոր ադմինիստրացիային։ Փաստորեն, ես բողոքում եմ ադմինիստրացիայի գործողությունների դեմ, նրա վերադաս մարմնին, իսկ վերադասը ինձ առաջարկում է կրկին դիմեմ նրան, ով խաբել եւ իմ գումարը չի տվել ինձ։ Գլխավոր դատախազ Ա. Թամազյանին խնդրում եմ իմ դիմումին ընթացք տալ եւ մեղավորներին պատժել, ինչպես նաեւ օգնել ինձ վերադարձնելու իմ չստացած գումարները։ ԳՈՒՐԳԵՆ ՄԱԼԱԽՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031